Պայքար կողպեքի դեմ

08/08/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Եվ եթե իշխանական ճամբարը հաստատուն եւ վստահ քայլերով պատրաստվում է խորհրդարանական առաջիկա ընտրություններին, Տիգրան Կարապետյանն էլ մարդկանց երգեցնելուց բացի, արդեն նաեւ Սեւան է տանում, ապա հայրենի ընդդիմությունը դեռեւս նույնիսկ կենդանության նշաններ ցույց չի տալիս: Տպավորությունն այն է, թե մեր ընդդիմադիրներն ուղղակի չգիտեն, թե կոնկրետ ի՞նչ են ուզում: Ընդդիմադիրների մասին հիշեցնող վերջին իրադարձությունները կապված են Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հետ: Այս կուսակցությունն, արդեն տեւական ժամանակ է, պայքար է մղում… մի կողպեքի դեմ, որի պատճառով իրենք զրկվել են սեփական կուսակցության գրասենյակ մուտք գործելու հնարավորությունից: Նախօրեին էլ Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել «Ժառանգության» 4-րդ համագումարը: Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել Ր. Հովհաննիսյանը, ով հերթական անգամ քննադատել է երկրում իշխանության ոչ լեգիտիմության հետեւանքով ստեղծված վիճակը: «Սոսկ անձնական շահեր սպասարկող վարչախմբին պետք է հակադրել համահավաք բանականություն, բարձր գիտակցականություն, հանուն գաղափարի ինքնազոհողության պատրաստակամություն»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Ըստ նրա, հայ հանրությունն արթնանում է հարաբերական քնից եւ քաղաքական ուժերից պահանջում է առավել վճռական գործողություններ: «Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ իրենք ուղղակի պարտավոր են արդարացնել իրենց հետ կապված հույսերը, «նպաստել մեր դրոշի ներքո համախմբված մարդկանց հայրենաշեն, վեհ նպատակների իրականացմանը»: «Մեզանից արդարացիորեն առավելագույնն է այսօր պահանջվում, որովհետեւ այն, ինչ անում ենք, հիրավի քիչ է»,- կարծում է Ր. Հովհաննիսյանը: Վերջինս սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ են անում, որն ինքը քիչ է համարում: Հիշեցնենք, որ վերջերս ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե Ր. Հովհաննիսյանի հետ մտադիր են քաղաքացիական շարժում ստեղծել, սակայն այդ շարժման կամ դրա նախապատրաստման մասին մինչ օրս ոչ ոք, բացի վերոնշյալ հայտարարությունից, ոչինչ չի լսել: Սակայն «Ժառանգության» չորրորդ համագումարում Ր. Հովհաննիսյանն ասել է, թե «դիմելու ենք բոլորին` հանուն քաղաքացիական զորաշարժի, համոզված լինելով, որ շատերն ընդունելու են մեր մարտակոչը, սատարելու են մեզ, ինչպես դա եղավ անցած տարի, երբ հազարավոր մտավորականներ ու շարքային քաղաքացիներ միացան քաղաքացիական հաշվետվության պահանջագրին»: Կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է, որպեսզի ընդդիմության եւ, մասնավորապես, «Ժառանգության» ձայնը տեղ չհասնի: «Հատկապես հեռուստատեսությունների գերակշիռ մեծամասնությունն այդ մասին խնամքով հոգացել է: Բայց դա հիասթափության պատճառ լինել չի կարող: Փույթ չէ, մեր պայքարը նաեւ նրանց անվախ, նրանց ազատ գործունեության համար է»,- նշել է նա: Ընտրակեղծիքների, մասնավորապես ընտրակաշառքով գալիք ընտրությունները «գնելու» հեռանկարի առնչությամբ Ր. Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, թե պետք է հասկանալ, որ իր եւ իր զավակների ապագան վաճառողը, միեւնույն է, տեղ չի ունենալու ընտրակաշառքի հայրենիք կերտողների միջավայրում: «Ժառանգություն» կուսակցության համագումարի ընթացքում տեղի են ունեցել նաեւ ներկուսակցական կառուցվածքային փոփոխություններ, եւ ընտրվել է կուսակցության 9 հոգանոց վարչություն: Համագումարն ընդունել է բանաձեւ, որում նշված է «Ժառանգության» առաջիկա անելիքների մոտավոր պատկերը: Ըստ այդմ, «ժառանգությունը» նախատեսում է համագործակցություն քաղաքական այն ուժերի հետ, որոնք շահագրգիռ են ժողովրդի ազատ կամքն արտահայտող ընտրական համակարգի կայացմամբ: Կարեւորվում է նաեւ այդ նպատակով իրական ընտրական բարեփոխումների անցկացումը: Վերոնշյալ բանաձեւում նաեւ նշված է, թե երկրում ընտրական ինստիտուտի ձեւավորման գործում հերթական ձախողումը խորացնելու է արատավոր միտումները, եւ 2007-2008թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում «հաղթելու» են դարձյալ ամենաթողությունն ու կամայականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ այդ խնդրի լուծման համար ՀՀ-ին պետք են նոր, որակապես փոփոխված Ընտրական օրենսգիրք, քաղաքական կամք եւ պատշաճ մակարդակի ընտրական մշակույթ: Ըստ «Ժառանգության», այդ նպատակները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նպատակամետ բոլոր ուժերի համախմբումը, ընդ որում՝ որոշակի կետերի շուրջ` քաղաքականապես հավասարակշռված ընտրական հանձնաժողովների ձեւավորում, 100%-անոց համամասնական ընտրակարգի ներդրում, ընտրողների հետ պատգամավորների կապի ապահովման նպատակով «բաց ցուցակների» համակարգի կիրառում, ընտրողների ցուցակների կազմման ընթացակարգի հրապարակայնություն, վերահսկելիություն, զինվորականների ցուցակների մատչելիություն, այլ օրենքների հետ ՀՀ Ընտրական օրենսգրքի հակասությունների վերացում: Ուշագրավ է նաեւ Ր. Հովհաննիսյանի հետեւյալ հայտարարությունը: Նորաստեղծ կուսակցությունների եւ, մասնավորապես, «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության հեռանկարների առնչությամբ Ր. Հովհաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե «Ժառանգությունը» բաց է ցանկացած ուժի առջեւ, որի համար ժողովրդավարությունը եւ ազգային շահը գերակա են: Մասնավորապես Ր. Հովհաննիսյանը նշել է, որ հանդիպել է Ս. Բաբայանի հետ, իսկ ահա Գագիկ Ծառուկյանի հետ զրուցելու առիթ պարոն Հովհաննիսյանը դեռեւս չի ունեցել: Ափսոս: