Վախենում՝ այո

04/05/2005

Հախճապակյա ճերմակ պիսուարը, որ կոնցեպտուալ արվեստի ամենավաղ շրջանի ստեղծագործություններից է, ցնցեց անպատրաստ հանրությանը, երբ 1917 թվականին ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանն այն ներկայացրեց Նյու Յորքում եւ հայտարարեց. «Սա արվեստ է, որովհետեւ ես եմ դա ասում»:
Իսկ հիմա Դյուշանի այդ գործը, համաձայն շատ լուրջ եւ ազդեցիկ 500 մասնագետների շրջանում անցկացված հարցման, համարվել է ժամանակակից արվեստի ամենանշանակալի ստեղծագործություն` ստանալով ընդհանուր ձայների 64%-ը: 42%-ով դրան հաջորդում է Պաբլո Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները», 29%-ով՝ Էնդի Ուորհոլի «Մերիլինը»: Հետո գալիս է Պիկասոյի «Գերնիկան», եւ ամենավերջին տեղում Անրի Մատիսի «Կարմիր սենյակն» է:
Դյուշանի առաջին ստեղծագործությունը 1915 թվականին ձյուն մաքրելու թիակն էր: Իսկ դրանից քիչ անց նա մեծ աղմուկ բարձրացրեց` պիսուարը թեւի տակ հայտնվելով Անկախ նկարիչների ընկերակցության ցուցահանդեսում: Դա բաց ցուցադրություն էր:
Ցուցադրության իրավունք ստանալու համար Դյուշանը վճարել էր 6 դոլար, ինչից հետո ոչ ոք նրան չէր կարող արգելել ներկայացնել այդ նմուշը: Այսուհանդերձ, ոմանք տրտնջացին ու բողոքեցին: Օրինակ` ընկերակցության նախագահը կոլեկցիոներ Ուոլթեր Արանսբերգին վրդովված ասաց. «Հիմա ի՞նչ, եթե մեկը ձիու թրիք կպցնի կտավին ու բերի, պետք է ցուցադրե՞նք», ինչին Արանսբերգը պատասխանեց. «Վախենամ, այո»: