Տնտեսական մանրանկարչություն

08/08/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2006թ. «Հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը»: Ավելի պարզ ներկայացնելու համար ասենք, որ դա պետական փաստաթուղթ է կամ ուսումնասիրություն, որտեղ տրված է տվյալ ժամանակաշրջանի տնտեսական ամբողջ պատկերը՝ աճերն ու անկումները, նոր երեւույթները բոլոր ոլորտներում: Այդ ուսումնասիրությունից առաջին հերթին մեզ հետաքրքրում է, թե որքա՞ն եւ ինչպե՞ս է աճել մեր տնտեսությունը:

Աճի տոկոսային ցուցանիշը բավականին տպավորիչ է՝ 11,9 տոկոս: Այսինքն` այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակաընթացքի հետ համեմատ ունեցել ենք մոտ 12 տոկոս աճ: Եկեք այս անգամ մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով է ուռճացված այդ ցուցանիշը, որքան աճ է ունեցել մեր տնտեսությունը, կամ թե՝ վիճակագիրները թվային ինչպիսի մանրանկարչությամբ են զբաղվել, որպեսզի երկնիշ թվով աճ ապահովեն:

Այժմ փորձենք պարզապես տեսնել, թե ինչպես է աճել մեր տնտեսությունը:

Այդ երկնիշ աճն, առաջին հերթին, ապահովել է շինարարությունը, որն անցյալ տարվա 6 ամիսների համեմատ աճել է 31,8 տոկոսով: Իր 7,2 տոկոս աճով երկրորդ տեղում է գյուղատնտեսությունը: Այս շքեղ ցուցանիշների կողքին ԱՎԾ-ն նշել է, որ առաջին կիսամյակում ընդամենը 1 տոկոսով անկում է ապրել Հայաստանի տնտեսությունը: Այդ ուսումնասիրության ամենազարմացնող ցուցանիշը, թերեւս, արտահանման ու ներկրման տարբերությունն է՝ 514 մլն: Ներմուծումն ավելի քան երկու անգամ գերազանցում է արտահանմանը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել շինարարության ոլորտում, որն իր ուսերի վրա է վերցրել վերջին տարիներին տնտեսական աճ ապահովելու ծանր առաքելությունը:

2006թ. առաջին կիսամյակին Հայաստանում կառուցվել են 165.417 քմ շենք-շինություններ, ընդհանուր՝ 165 մլն 624 մլրդ դրամ արժողությամբ: Ավելի կոնկրետ ասած՝ հանրապետության ողջ տարածքով մեկ շահագործման է հանձնվել 271 շենք: Շինարարության ահռելի մասը՝ 139.635 քառակուսի մետրը բաժին է ընկնում Երեւանին: Դա կազմում է ամբողջի մոտ 85,5 տոկոսը: Մնացած 14,5 տոկոսը, պարզ է, որ տեղաբաշխվել է մարզերով, սակայն Սյունիքի մարզին ընդհանրապես բաժին չի հասել: Պարզվում է, որ ոչ այս տարվա առաջին կիսամյակում, ոչ էլ անցած տարի Սյունիքում ոչ մի շենք շահագործման չի հանձնվել: Իսկ մարզերի կտրվածքով ամենացածր ցուցանիշը դիտվել է Վայոց Ձորում՝ ընդամենը 260 քմ: Մարզերից ամենաշատը շինարարություն կատարվել է Արարատի մարզում՝ 7007 քմ: Ընդ որում, շինարարության մեծ մասը բաժին է ընկնում բնակելի շենքերին: Սակայն այս ֆոնի վրա բավականին մտահոգիչ են աղետի գոտու բնակավայրերում իրականացված շինարարության ցուցանիշները: Երկրաշարժից տուժած բոլոր քաղաքներում ու գյուղերում շահագործման է հանձնվել ընդամենը 38 շենք 8045 քմ ընդհանուր տարածքով՝ հանրապետության ամբողջ շինարարության ընդհանուր ծավալների ընդամենը 3,3 տոկոսը: Իհարկե, դա շատ փոքր ցուցանիշ է այն դեպքում, երբ միայն Գյումրիում անօթեւան են կամ տնակային պայմաններում են ապրում ավելի քան 4200 ընտանիք: Ճիշտ է, Երեւանում շինարարության չափերն ավելի մեծ են, բայց դա էլ կարծես թե չի լուծում ազգաբնակչության բնակարանային խնդիրները: Երբ ուշադիր հետեւում ենք, թե նորակառույց շենքերում ովքեր են բնակարան գնում, տեսնում ենք, որ նրանց մեջ հատուկենտ են հայաստանցիները: Նոր կառուցված շենքերի բնակարանների գնորդները հիմնականում սփյուռքահայերն են: Երեւանում նույնիսկ շենքեր կան, որոնց բոլոր բնակարանները գնել են, ասենք, իրանահայերը: Օրինակ, տեսնում ենք, որ Ամերիկյան համալսարանի շրջակայքում՝ ետեւի մասից արդեն ավարտին է մոտենում երկու բնակելի շենք: Շրջակայքի բնակիչներն ասում են, որ այդ շենքերն էլ են իրանահայերը կառուցում իրենց մերձավորների համար: Մեր զրուցակից բրոքերն արդեն կանխատեսում է, որ շուտով նման շինարարություն կսկսեն նաեւ լիբանանահայերը: Բնականաբար, այդ կառույցները կմտնեն շինարարության ընդհանուր ցուցանիշների մեջ, աճ կապահովեն եւ՛ ոլորտի, եւ՛ ամբողջ տնտեսության համար: Սակայն, ինչպես վերը նշեցինք, դա Հայաստանի բնակչության համար բնակարանային խնդիր չի կարող լուծել: «Տեղացիներն իրենց առեւտուրը հիմնականում ծավալում են հին՝ խորհրդային շենքերի բնակարանների շրջաններում,- ասում է մեր զրուցակիցը: -Նոր շենքերից միայն հատուկենտ մեծահարուստներն են բնակարան գնում: Դա երկու պատճառ ունի՝ նախ, որ թանկ են, եւ հետո` երեւանցիներն այդ էլիտար շենքերի ամրությանն ու որակին չեն վստահում»:

Տնտեսության մյուս կարեւոր, թերեւս ամենակարեւոր ոլորտն արդյունաբերությունն է, որտեղ ԱՎԾ-ն գրանցել է ընդամենը 1 տոկոս անկում: Բացի դրանից, մտահոգիչ է նաեւ արդյունաբերության կառուցվածքը, որտեղ ամբողջի 64 տոկոսը կազմում է մշակվող արդյունաբերությունը: Հանքարդյունաբերությանն ու էներգետիկային բաժին է ընկնում համապատասխանաբար 17,3 եւ 18,7 տոկոս: Իսկ մշակվող արդյունաբերության 44 տոկոսն էլ կազմում է սննդի եւ խմիչքի արդյունաբերությունը, 4,1 տոկոսը` ծխախոտին, հագուստի արդյունաբերությանն ու մանածագործությանը միասին՝ հազիվ 1,2 տոկոս, տնտեսության գերակա ճյուղ համարած ոսկերչությանը՝ 1,9 տոկոս, քիմիական արդյունաբերությանը՝ 3,9 տոկոս, եւ այդպես շարունակ: Արդյունաբերության պատկերը մտահոգիչ է այն առումով, որ բացի սնունդից, խմիչքից ու ծխախոտից` Հայաստանում շատ քիչ բաներ են արտադրվում: Սակայն, եթե ետ ենք գնում եւ նայում ենք արտահանման ու ներմուծման տարբերությանը, տեսնում ենք, որ արտադրածն էլ ընդամենը 40-50 տոկոսով է բավարարում բնակչության պահանջարկը: Մնացած պակասորդը ներկրվում է: Փորձագետների կարծիքով` արդյունաբերության եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի անկման տեմպերը դեռ կպահպանվեն, որովհետեւ դոլարը շարունակում է արժեզրկվել:

Վիճվարչությունն անցյալ տարվա առաջին կիսամյակի նկատմամբ այս կիսամյակում նույնիսկ գնանկում է արձանագրել՝ 0,2 տոկոս: Սակայն մի երկու շաբաթ առաջ արձանագրել էր, որ 2005թ. դեկտեմբերի համեմատ 4,4 տոկոս գնաճ է գրանցվել: Ստացվում է, որ անցած տարի դեկտեմբերին մեր գնած ապրանքներն ու ծառայությունները 4,4 տոկոսով ավելի էժան են եղել, քան նույն թվականի հունիսին: Ճիշտն ասած, դժվար է պատկերացնել, որովհետեւ սովորաբար հակառակ երեւույթն է տեղի ունենում: Գաղտնիք չէ, որ դեկտեմբերին միշտ նկատվում է, որ ապրանքների գները բարձրանում են՝ կապված ամանորյա տոների հետ, իսկ մայիս-հունիս ամիսներին, գյուղատնտեսական ապրանքների շուկա մտնելու հետ կապված, ընդհանուր գնանկում է դիտվում: Իսկ թե Վիճվարչությունն ինչպե՞ս է ստացել հակառակ պատկերը` հայտնի չէ: