Լիանա Աբելյանը 15 տարեկան էր, երբ Բաքվից ծնողների հետ տեղափոխվեց Հայաստան: Այստեղ ընտանիք կազմեց, եւ արդեն ունի չորս երեխա: Նրանք ապրում են Մասիս քաղաքի հանրակացարանում: Նրանց մեկ սենյականոց բնակարանը շատ անշուք եւ մութ է: Փոքր եւ մաշված սեղանի մոտ թախտ է դրված, դրանից մեկ քայլ դեպի աջ` վառարանն է: Ամբողջ սենյակը կարող ես անցնել երկու քայլով: Փայտե դռան փոխարեն կտորից վարագույր է կախված:
Լուսամուտի մոտ նստած է Լիանայի մայրը՝ Արեֆատա Աբելյանը եւ խրախուսում է դստերն` ամեն ինչ պատմել առանց հուզվելու: «Ի՞նչ պատմեմ, նստեցինք գնացք, մեզ հետ շատ փախստականներ կային, հիմնականում երիտասարդներ: Մեծ եղբայրս Ռուսաստանում էր, փոքրը` բանակում: Սկզբից գնացինք Ռուսաստան, երկու ամիս այնտեղ մնալուց հետո որոշեցինք գալ Հայաստան: Հիշում եմ, ինչպես էին հայերին նեղություն տալիս: Վախենում էինք, որ հանկարծ կարող է մի վատություն անեն: Գիշերը տանը չէինք քնում: Ամբողջ օրը հայաթում էինք: Ճիշտ է, հարեւանները բան չէին ասում, բայց վախը միշտ կար»:
1988թ. փետրվարի 27-ից սկսած հայտնի սումգայիթյան դեպքերից հետո շուրջ 500 հազար հայ է բռնագաղթվել Ադրբեջանի տարածքից: Այդ գործընթացը շարունակվել է 1988-92 թվականներին (Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից, այնուհետեւ՝ Ղարաբաղի հյուսիսային շրջաններից): Դրանցից 360 հազարն ապաստան են գտել Հայաստանում, մնացած ընտանիքները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ կամ արտասահմանյան այլ հեռավոր երկրներ: «Ռուսաստան գնացինք, բայց ես չմնացի, ասացի՝ ես իմ Հայաստանում պետք է ապրեմ, իմ Հայաստանում էլ մահանամ: Եկանք, բայց Հայաստանը մեզ տեր չկանգնեց: Մինչ օրս անգամ գրանցում չունեմ»,- ասում է Արեֆատան: Ասյա Հարությունյանը Հայաստան է եկել 1991 թվականին: Մասնագիտությամբ ինժեներ-քիմիկոս է եւ Մասիս քաղաքի հանրակացարանի մոտ գտնվող մթերային խանութում վաճառողուհի է աշխատում: «Մնացինք մինչեւ վերջ: Կարծում էինք` կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի: Լավ էր, այն ժամանակ ամենուր լավ էր: Բայց զգացվում էր, որ մեզ` հայերիս ճնշում էին: Օրինակ, եթե իմանում էին, որ հայ եմ, դժվարությամբ էին գործի վերցնում: Տունը, ամեն ինչ թողել ենք: Թուրքերը օգնեցին, որ դուրս գանք: Բոլորին էլ օգնում էին: Ի՞նչ ասեմ, փոքր տարիքից Հայաստանը սիրել եմ: Շուտ-շուտ էի գալիս: Ուրախ եմ, որ այստեղ եմ»,- ասում է Ասյա Հարությունյանը: Ի դեպ, Հարությունյանների ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Արդեն քսան տարի է, հանրակացարանում են ապրում, հինգ հոգով մեկ սենյակում:
1997թ. կատարված հաշվառման արդյունքում պարզվել է, որ փախստականների թիվը կրճատվել է մոտ 40 հազարով: «Կրճատում՝ նշանակում է, որ նրանք կամ լքել են երկիրը, կամ քաղաքացիություն են ստացել»,- բացատրում է Փախստականների հարցերի վարչության պետ Արայիկ Հարությունյանը: Ըստ Ա. Հարությունյանի՝ այսօր մոտ 80 հազար մարդ ստացել է Հայաստանի քաղաքացիություն: Այստեղ հաշվարկված չէ այն երեխաների թիվը, որոնք մեխանիկորեն են դարձել ՀՀ քաղաքացի: Տարիներ շարունակ իրականացվում է բնակարանների ապահովման ծրագիրը: Այդ գործում ՀՀ կառավարությանն աջակցում են ՄՍԿ-ն եւ Փախստականների հարցերի նորվեգիական խորհուրդը. «Նրանք քոթեջներ են կառուցում վագոն-տնակներում բնակվող այն փախստականների համար, որոնք ունեն իրենց տնամերձ հողամասը»: Ինչպես պրն Հարությունյանը մեզ տեղեկացրեց, այս տարվա օգոստոս ամսին կավարտվի ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցումը, եւ 40 բնակարան կհանձնվի փախստականների ընտանիքներին:
Բնարանային խնդիրը նաեւ այլ եղանակներով է լուծում ստանում: Փախստականներին տրամադրվում են բնակարանների գնման սերտիֆիկատներ: Պրն Հարությունյանը հպարտությամբ նշեց, որ անցյալ տարի 9 մարզերում նման սերտիֆիկատներ են տրամադրվել: Այս տարի Կոտայքի մարզում եւս փախստական 221 ընտանիքների սերտիֆիկատներ կտրամադրվեն:
«Էդ գումարով չկարողացա ոչինչ առնել: Հետ տվեցի: Երեք միլիոն դրամ էին տվել: Դրանով շատ-շատ մի կրպակ առնես»,- ասում է իմ զրուցակից Վերան: Նա գերադասում է իր տղաների հետ` 8 հոգով ապրել Մասիսի հանրակացարանի երկու սենյականոց բնակարանում: «Այս երկու սենյակը ես ստեղծել եմ իմ քրտինքով, սեփականաշնորհել եմ: 6 հազար դոլարով անգամ մեկ սենյակ չես գնի»,- ասում է Վերայի չափահաս տղան: Նույն կարծիքին է նաեւ Լիանա Աբելյանը, որը հետ է վերադարձրել իր սերտիֆիկատը. «Դրանով տուն չկարողացա առնել, տարա հետ տվեցի: Ինձ հասնում էր առնվազն երեք սենյականոց բնակարան: Չորս երեխա ունեմ: Սպասում եմ, կամ նորից տուն կտան, կամ կսարքեն, ես չգիտեմ: Սպասում եմ, էս պահին ոչ մի բան չկա»,- ասում է նա:
1988-2006թթ. 4500 նոր բնակարան է տրամադրվել փախստական ընտանիքներին: Մյուսներն ապրում են կամ իրենց ազգականների մոտ, կամ հանրակացարաններում, կամ բնակարաններ են գնել: Ամեն մեկն ինչ-որ կերպ լուծել է իր հարցը: Իհարկե, կան փախստականներ էլ, որոնք թեեւ հանրակացարաններում են շարունակում ապրել (օրինակ՝ Երեւան քաղաքում), սակայն ունեն սեփական հողատարածքներ, տներ մարզերում կամ մայրաքաղաքից հեռու: Նրանք հանրակացարաններից դուրս չեն գալիս, որպեսզի քաղաքում «ոտքի արած տեղը» չկորցնեն, վաղ թե ուշ բնակարան ստանան: Շատ փախստականներ էլ վաղուց արդեն հարմարվել են, իբրեւ այս հասարակության անբաժանելի մաս՝ ապրում-աշխատում են: Պրն Հարությունյանը զրուցակիցներիս բարձրացրած բնակարանային հարցով ուրախացնող ոչինչ չէր կարող ասել. «Ցավոք, այսօր բնակարանների շինության ծրագիրն իրականացնելու հարցում նվազում է ֆինանսական աջակցությունը: Եթե նախկինում տարեկան 150-200 բնակարան է կառուցվել արտասահմանյան կազմակերպությունների կողմից, ապա ներկայումս էապես նվազում է դրանց թիվը: Օրինակ, Նորվեգական խորհուրդն այս տարի փակում է իր գրասենյակը: Դա բավականին մեծ աջակցություն էր, որը ապագայում չի լինի: Ցավոք, պրոցեսն ավելի կդանդաղի»: