Սպառնում են «զալոժնիկ» վերցնել

08/08/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կալանավորները մեզ տեղեկացնում են, որ ոչ մի կերպ չեն կարողանում իրենց դեմ կատարվող անօրինականությունների մասին տեղեկությունները կալանավայրից դուրս հանել, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի թելադրանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանը բոլոր հնարավոր միջոցներով արգելում է լրատվամիջոցների մուտքը կալանավայր: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ցմահ ազատազրկման դատապարտված 4 կալանավորներ փախուստի փորձ էին իրականացրել, որը ձախողվել էր: Փախուստի փորձի կազմակերպիչները` հասկանալով, թե ինչ դաժան ծեծ է իրենց սպասվում, կտրել էին ձեռքերի երակները։ Նրանց, սակայն, պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:

Կալանավայրի մեր աղբյուրների համաձայն՝ ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորներն անմարդկային պայմաններում են կրում իրենց պատիժը: Առողջական խնդիրներ ունեցող կալանավորները զրկված են բուժօգնություն ստանալու իրավունքից: «Երբ վատ վիճակում ես, դիմում ես, որ քեզ օգնեն, ասում են՝ հարազատիդ ասա, թող փող բերի, որ դեղորայք տանք: Ամեն ինչի համար փող են ուզում: Փող ունես՝ մարդ ես, չունես, ուրեմն՝ գնա մեռի: Փող տաս՝ դեղ կտան, չես՝ տա տենց էլ կմեռնես: Տված սնունդին որ նայես՝ զիբիլ ա, սիրտդ կխառնի»,- տեղեկացնում են ցմահ ազատազրկված դատապարտյալները: Վերջիններիս հավաստմամբ՝ կալանավայրում նոր բուժաշխատող են ընդունել, որն իբրեւ թե բարձրակարգ մասնագետ է եւ պետք է հիվանդ կալանավորներին բուժօգնություն ցուցաբերի: Առողջական տարբեր խնդիրներ ունեցող կալանավորները, սակայն, պարզել են, որ բժիշկը մասնագիտությամբ գինեկոլոգ է եւ աշխատել է դիահերձարանում: Նրանք հայտարարում են, որ ցմահ դատապարտվելով` իրենք, այնուամենայնիվ, ապրելու իրավունք ունեն, եւ օրենքները պարտադրում են կալանավորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Իսկ թե ինչ «փողեր» են շրջանառվում կալանավայրում, վկայում են իրենք՝ կալանավորները. «Եթե գալիս են խուցդ ստուգելու, ու դու ուզում ես, որ չստուգեն, փող ես տալիս՝ առանց ստուգելու հեռանում են: Ստեղ ամեն ինչ փողի վրա ա: Փող ունես՝ հետդ նույն խցում աշխատողները կերուխում, քեֆ կանեն, չունես, ուրեմն՝ մարդ չես: Ստեղի աշխատողները նստած են կալանավորների վզին: Ոչ «պերերիվ», ոչ ծխախոտ, ոչ մի բան չեն բերում իրանց համար, որովհետեւ կալանավորներից են ուզում»,- վկայում է մեր աղբյուրն՝ ասելով, որ կալանավայրի պետը դիտավորյալ խոչընդոտում է լրատվամիջոցների մուտքը կալանավայր, որպեսզի ներքին խոհանոցը, անցուդարձը չլուսաբանվի: Հիշեցնենք, որ այդ կալանավայր այցելելու մեր նամակն` ուղղված ՀՀ Արդարադատության նախարարին, դեռեւս նախարարությունում է, իսկ կալանավայր այցելելու թույլտվություն դեռ չենք ստացել: Այս հանգամանքից ելնելով` կարելի է ենթադրել, որ համապատասխան պաշտոնյաները շահագրգռված չեն լրատվամիջոցների այցը կալանավայր թույլ տալու հարցում: Ցմահ ազատազրկված կալանավորները տեղեկացնում են, որ լրագրողների հետ հանդիպելու բոլոր ճանապարհները փակելու պարագայում «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկում ինչ-որ արտակարգ դեպք է լինելու, ընդհուպ, մինչեւ անգամ սպառնում են «զալոժնիկ» վերցնել:

Ի դեպ, օրերս մամլո հաղորդագրություն ենք ստացել այն մասին, թե հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ տեղեկություն է ստացվել, որ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալներից մի քանիսը հացադուլ են հայտարարել, բժշկական օգնության կարիք ունեն եւ գտնվում են շատ ծանր վիճակում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել եւ ստացված տեղեկությունների վերլուծման արդյունքում որոշում է կայացվել անհապաղ այցելություն իրականացնել կալանավայր, հանդիպել դատապարտյալներին: Հիմնարկի ղեկավարության կողմից անմիջապես հնարավորություն է ստեղծվել առանձին հանդիպել հացադուլավոր դատապարտյալներին: Աշխատանքային խմբի հետ հանդիպման ընթացքում դատապարտյալներն իրենց դժգոհություններն են հայտնել ինչպես իրենց նկատմամբ կայացրած դատավճիռների, այնպես էլ կալանավայրում իրենց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի կապակցությամբ: Ամփոփելով դատապարտյալների գանգատները, «Նուբարաշեն» ՔՀ-ի ղեկավարությանը հստակ առաջարկություններ են արվել` վերացնել առկա խնդիրները՝ կապված բժշկական պարբերական վերահսկողության եւ օգնության, զբոսանքը կազմակերպելու եւ անհրաժեշտ կենցաղային պարագաների ապահովման հետ: Հիմնարկի պետ Ա. Սարգսյանը խոստացել է անել հնարավորը` նշված խնդիրների հաղթահարման ուղղությամբ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը հաջորդ այցելության ժամանակ իր գնահատականը կտա արվածի վերաբերյալ: Ցմահ ազատազրկված կալանավորների մոտ մամլո այս հաղորդագրությունն ընդամենը ծիծաղ առաջացրեց, քանի որ վերջիններիս կարծիքով՝ գրվածը ձեւական բնույթի բովանդակություն ունի: «Ձեզ շատ խնդալու բան են ուղարկել: Սաղ հարցերը լուծեցին, մնաց էդ մանր-մունր բաները: Մեզ անկախ մարդիկ են պետք, ովքեր համարձակ կլուսաբանեն, կներկայացնեն մեր ասածը: Մեր ասելիքը թող նույն կերպ էս պատերից հանեն, ոչ թե երկրի նախագահին հաճոյանան…»,- այսպես արձագանքեց մեզ տեղեկություններ տրամադրող ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորը: