Եղանակային նման պայմաններում հիվանդությունների սրացման պատճառով շտապօգնության ծառայության կանչերն ավելանում են: Բնակիչների կողմից էլ դրան զուգահեռ ավելանում են դժգոհությունները շտապօգնության ծառայության կողմից «գանձվող» գումարների հետ կապված: ՀՀ Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը, սակայն, հայտարարում է, որ շտապօգնության ծառայությունը պետպատվերով է աշխատում, եւ ՀՀ քաղաքացիները պարտավոր են իմանալ, որ պետությունն է վճարում այս ծառայության համար: «Մի քանի տարի առաջ վառելիքի հետ կապված նման պրոբլեմ եղել է եւ մարդկանց հիշողության մեջ մնացել է: Սակայն հիմա վստահ կարող եմ ասել, որ նման խնդիր բացարձակ գոյություն չունի: Մենք վառելիքի եւ դեղորայքի հետ կապված որեւէ խնդիր չունենք: Միանշանակ կարող եմ հայտարարել, որ սպասարկվող կանչը ֆինանսավորվում է պետության կողմից»,- վստահեցնում է տիկին Ժամկոչյանն` ասելով, որ շտապօգնության կանչն անվճար է: Այնպես որ, շտապօգնության ծառայությանը դիմած քաղաքացիները պետք է իրենց իրավունքները պաշտպանեն` վստահ լինելով, որ պետությունն իրենց համար վճարում է:
Ն. Ժամկոչյանի հավաստմամբ` կոնկրետ շոգ եղանակի պատճառով արտակարգ դեպքեր չեն գրանցվել: 2005թ. համեմատ 2006թ. հունիս-հուլիս ամիսներին յուրաքանչյուր ամսվա կտրվածքով մոտ 300 կանչ ավելի է կատարվել: Կանչերի աճը Ն. Ժամկոչյանը ոչ թե պայմանավորում է շոգ եղանակով, այլեւ քաղաքացիների կողմից շտապօգնության ծառայությանն ավելի վստահելու հանգամանքով: «Վստահությունը մեծացել է, որովհետեւ շտապօգնությունն այսօր ավելի մատչելի է, դեղորայքով ապահովված է, եւ քաղաքացիները վստահորեն են օգտվում մեր ծառայությունից»,- ասում է Ն. Ժամկոչյանը` համեմատական կարգով նշելով, որ օրական 10 կանչի ավելացումը շատ մեծ թիվ չէ: Ընդհանուր առմամբ, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Քանի որ այս ամիսներին ժամը 12:00-ից մինչեւ 16:00, 17:00-ն համարվում են պիկ ժամեր՝ օպերատիվ առումով կանչերի քանակը շատանում է: Դա կապված է եղանակի բարձր ջերմաստիճանի հետ. մարդիկ այդ ժամերին գտնվում են դրսում, ֆիզիկական աշխատանք են կատարում: Հիմնականում 60-65-ից բարձր տարիքի խրոնիկական, սրտանոթային, ներվանոթային, շաքարային դիաբետով հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ է առողջական անկում լինում: Երեխաները եւ հղի կանայք նույնպես ռիսկի գործանիշի մեջ են գտնվում եւ նրանց վրա արեւի ճառագայթները խիստ բացասական ազդեցություն են թողնում: Տիկին Ժամկոչյանը խորհուրդ է տալիս այդ պիկ ժամերին խուսափել արեւի տակ գտնվելուց եւ անպայման օգտագործել արեւից պաշտպանող միջոցներ: Վերջինս նաեւ նշում է, որ երեխաները պետք է խուսափեն այդ ժամերին լողավազաններում լողալուց եւ հնարավորին չափ լինեն ստվերում, հով վայրերում: Իսկ ամենակարեւորը` նա խորհուրդ է տալիս հնարավորինս մեծ քանակի հեղուկ օգտագործել: «Երբ օրգանիզմից դուրս է գալիս որոշ քանակությամբ հեղուկ՝ դա կլինի մեզի կամ քրտնարտադրության միջոցով, պետք է դիսբալանսը վերականգնել: Թեեւ կան հիվանդություններ, որոնց պարագայում հեղուկի չափից ավելի օգտագործումը կարող է վիճակի վատթարացում առաջացնել: Նման բնույթի գանգատներ չունեցող մարդիկ օրվա ընթացքում կարող են մինչեւ 3 լիտր հեղուկ օգտագործել»,- ասում է Ն. Ժամկոչյանը՝ հավատացնելով, որ այս շոգ ամիսներին, բարեբախտաբար, դեռ չեն գրանցվել աղեստամոքսային տրակտի հետ կապված զանգվածային թունավորման դեպքեր: Մասնավորապես կարեւոր է այս օրերին թարմ սննդի օգտագործումը, որպեսզի մարսողական խանգարումներ չլինեն: Ն. Ժամկոչյանը վկայում է, որ Հայաստան ժամանած հյուրերը միանգամից մի քանի տեսակի սնունդ օգտագործելով՝ ծանրաբեռնում են օրգանիզմը, եւ դեռեւս հարմարված չլինելով տեղի կլիմայի եւ ջրի փոփոխություններին, աղեստամոքսային տրակտի խանգարումներ են հաճախ ունենում: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին Սեւանա լճից վերադարձած քաղաքացիների մոտ են արեւահարության դեպքեր լինում: Շտապօգնության կանչերից ելնելով, փոխտնօրենը հավատացնում է, որ լինում են նույնիսկ 1-ին, 2-րդ կարգի այրվածքներ ստացած մարդիկ, ովքեր Սեւանա լճում լողալով` անուշադրության են մատնում արեւից պաշտպանվելու անհրաժեշտությունը: «Մի փոքր զգալի է նաեւ սուր ռեսպիրատոր հիվանդությունների, վերին շնչուղիների խնդիր ունեցող մարդկանց կանչերը: Դա էլ մեխանիկական պատճառներով է լինում, քանի որ ստեղծում ենք միջանցիկ քամիներ, օգտագործում ենք սառույցներ, սառը հեղուկներ, պաղպաղակ եւ գերազանցում ենք շոգը, քրտնարտադրությունը եւ միջանցիկ քամին, որոնք կարող են պատճառ դառնալ նման հիվանդությունների»,- վստահեցնում է Ն. Ժամկոչյանը՝ հիշեցնելով, որ շոգ եղանակն ազդում է նույնիսկ բացարձակ առողջ մարդկանց վրա: Շտապօգնության կանչերի քանակի ավելացման հետ մեկտեղ` նա համամիտ չէ այն կարծիքի հետ, թե մեր հասարակության մեջ տարբեր հիվանդությունների աճման միտում է նկատվում: Գտնում է, որ առողջ լինելու համար պետք է առողջ ծնվել, առողջ մեծանալ եւ պահպանել առողջությունը, իսկ բժիշկները կոչված են հիվանդներին հայտնաբերելու եւ բուժելու համար: