Փառատոնն ավարտվեց

08/08/2006

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ղարաբաղում անց էր կացվում Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Բազեի օրերն Արցախում» համահայկական երիտասարդական փառատոնը, որին մասնակցում էին Սփյուռքի, Ջավախքի, Հայաստանի եւ Արցախի թվով 9 ջոկատներ, որտեղ ընդգրկված էին 12-ական երիտասարդներ: Փառատոնի ընթացքում բազեականները հանդես եկան մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներում: Բացի մրցույթներից, երիտասարդները հանդիպումներ ունեցան ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի, պաշտպանության, ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարների հետ, ինչպես նաեւ այցելեցին Արցախի տեսարժան վայրեր: Հնգօրյա անզիջում պայքարից հետո հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին կարմիր եւ կապույտ ճակատները: Մրցանակային տեղեր գրաված երիտասարդ բազեականները պարգեւատրվեցին ինչպես կազմակերպիչների, այնպես էլ` ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից:

Արտասահմանից ժամանած բազեականների համար Արցախ կատարած այցը առավել մեծ նշանակություն ուներ, քանի որ նրանցից ոմանք, ինչպես նրանք էին նշում, միշտ էլ երազում էին տեսնել Արցախը, եւ «Բազեն» հարմար առիթ էր նրանց համար: Իրանի քաղաքացի Արմինե Պետրոսյանն առաջին անգամ էր Ղարաբաղում: Նա հիացած ու գոհ էր, որ վերջապես հնարավորություն է ունեցել տեսնել Արցախը: Այդպիսով Ղարաբաղը հրաժեշտ տվեց բազեականներին` ապագայում նորից հանդիպելու ակնկալիքով:

Ա. Դ.