Ոչխարների հիվանդության եւ Հայաստան տեղափոխելու մասին տեղյակ էր անձամբ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը: Ոչխարները հիվանդացել են Բերձորից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարեգահ գյուղում: Այս տարվա մայիսին, երբ վեց մարդ հիվանդացավ բրյուցելյոզով, քարեգահցիները ոչնչացրին բրյուցելյոզով հիվանդ 15 անասուն: Չնայած այս մասին տեղյակ էին եւ՛ շրջանի սանէպիդկայանը, եւ՛ ոստիկանությունը, եւ՛ դատախազությունը, եւ՛ անձամբ վարչակազմի ղեկավարը` Համլետ Խաչատրյանը, սակայն վարակը կանխելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Ոչխարները պատկանում էին «Դոկա-Ագրո» կազմակերպությանը: Կազմակերպության ղեկավարը` Ատոմ Սիրեկանյանը, բրյուցելյոզով հիվանդ 1600 գլուխ ոչխար տեղափոխել է Հակարի գյուղի տարածքում գտնվող գոմերը, ինչի արդյունքում տեղացիների անասուններն էլ են վարակվել: Վարչակազմի ղեկավարն այս գոմերը վարձակալության է տվել Ատոմ Սիրեկանյանին` իմանալով հանդերձ, որ նրա ոչխարները բրյուցելյոզով հիվանդ են: «Էդ ոչխարներն Ատոմը մի քիչ էժան գնով վաճառեց Հայաստանի մարտունեցի եզդիներին»,- ասում է Սիրեկանյանի մոտ աշխատողներից մեկը, ով նույնպես վարակվել էր բրյուցելյոզով: Ատոմ Սիրեկանյանի ոչխարները պահող հովիվները, որոնց մի մասն ապրում է Քարեգահում, նույնպես վարակվել են: Քաշաթաղի նախկին դատախազը` վարչակազմի ներկայիս ղեկավարը, ոչ միայն չի ահազանգել, այլեւ օժանդակել է, որպեսզի վարակված ոչխարները տեղափոխվեն Հայաստան: Ոչ ոք չգիտի, թե բրյուցելյոզակիր ոչխարները որտեղ են վաճառվել, եւ քանի մարդ է վարակվել:
www.hetq.am