Պատերազմը շարունակվում է

08/08/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Շարունակվում են նաեւ անմեղ մարդկանց զոհերը` Լիբանանի իշխանությունների տվյալներով երկրի հարավում սպանվել է մոտ 600 խաղաղ բնակիչ, որոնցից 200-ը անհայտ կորած են (այսինքն` մինչեւ հիմա գտնվում են փլատակների տակ)։ Այս թվի մեջ հաշվի չեն առնված «Հըզբոլլահի» կորուստները։ Իսրայելի գեներալ Դան Հալուտցի տվյալներով, խոսքը գնում է հարյուրավոր սպանվածների մասին։

Իսրայելի կողմից զոհվել են 33 զինծառայող եւ 19 խաղաղ բնակիչ։ Ինչպես վկայում է լրագրող Ալի Ալ-Արաբը, ռմբակոծություններից առաջ իսրայելցիները բարձրախոսով հաճախ զգուշացնում էին տեղացի բնակիչներին` թողնել իրենց տները։ Մարդիկ խուճապահար լքում էին տները, սակայն իսրայելյան զորքերը գնդակոծում էին ոչ միայն բնակավայրերը, այլեւ փախստականների շարասյուները։

Իսրայելցիներն այդպես էլ չկարողացան գրավել Բինատ-Ջաբիլ քաղաքը Լիբանանի հարավում եւ նահանջել են, կորցնելով 8 զրահամեքենա («Հըզբոլլահի» տվյալներով)։ «Հըզբոլլահը» սկսել է օգտագործել գերծանր (100 կգ) հրթիռները, իսրայելցիներն իրենց հերթին օգտագործում են գերծանր ավիառումբեր։

Դիվանագիտական ճակատում

Իսրայելի կառավարությունը մերժեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքը` 72 ժամով կանգնեցնել ռազմական գործողությունները, Լիբանանի հարավում «կտրված» բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով։

Իսրայելցիները հայտարարեցին, որ իրենք արդեն բացել են հումանիտար միջանցք եւ այլեւս զիջումներ չեն անի։ Իսրայելի կառավարությունը վախեցավ, որ 3 օրվա ընթացքում «Հըզբոլլահը» կվերադասավորի իր ուժերը, եւ հետագա ռմբակոծությունները կլինեն ոչ էֆեկտիվ եւ պետք կլինի նոր հետախուզական տվյալներ հավաքել։ Առանց դրա էլ զինվորականները հուժկու քննադատության են արժանացնում կառավարությանը` ոչ պրոֆեսիոնալ պատերազմական գործողություններ վարելու համար։

Հռոմում հուլիսի 26-ին կայացած արաբա-իսրայելյան կոնֆլիկտին նվիրած կոնֆերանսը ոչ մի էական արդունք չտվեց։ Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ-Գեյտը հայտարարեց, որ կոնֆերանսը չարդարացրեց արաբական երկրների հույսերը։ «Այս կոնֆերանսում մասնակցող երկրների մեծամասնությունն ուզում էին հասնել անմիջապես հրադադար սահմանելու պահանջին»,- ասաց նա։

Իր հերթին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հայտարարեց, որ «հրադադարը մոտ էր, քան երբեք»։ Վերջնական փաստաթղթում կան եւ ակնհայտ դրական կողմեր. առաջին հերթին դա Լիբանանի ժողովրդին հումանիտար օգնությունն է, հումանիտար միջանցքների բացումը` դեղամիջոցների եւ սննդի հասցնելու նպատակով եւ վերջապես` Լիբանանի կառավարությանը սատարելու հայտարարությունը։

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարեց, որ Լիբանանում օպերացիան կդադարեցվի «Հըզբոլլահի» զինաթափման Իսրայելի հրթիռակոծությունների դադարեցման եւ գերված զինվորների ազատման դեպքում։ Այդ դիրքորոշմանը փաստացիորեն սատարում է ԱՄՆ-ի ադմինիստրացիան եւ դեմ են արաբական երկրները եւ Ռուսաստանը։ Միջազգային հասարակական կարծիքը կտրուկ փոխվեց ի վնաս Իսրայելի եւ ԱՄՆ-ի Կանա բնակավայրի ռմբակոծումից հետո, երբ զոհվեց 57 խաղաղ բնակիչ, որոնցից 34-ը երեխաներ էին։ Դրանից հետո Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորը հրաժարվեց հանդիպել Կոնդոլիզա Ռայսի հետ, իսկ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրեց բանաձեւի նախագիծ, ըստ որի` անմիջապես պետք է հրադադար հաստատվի Իսրայելի եւ «Հըզբոլլահի» միջեւ։ Նախագծին դեմ արտահայտվեց ԱՄՆ-ը։ Արդյունքում ընդունված բանաձեւում են հակաիսրայելյան բնորոշումները, սակայն ներկա է բռնությունների դադարեցման կոչը եւ «կայուն հրադադարի» հասնելու պահանջը։ «Կայուն հրադադարը», ըստ ԱՄՆ-ի, կհաստատվի «Հըզբոլլահի» պարտությունից հետո։
Իսրայելը հուլիսի 30-ի գիշերվա ժամը 2-ից 48 ժամով հրադադար հայտարարեց, որպեսզի քննվի Կանայում կատարված ողբերգությունը։ Բայց հրադադարն անմիջապես կավարտվի Իսրայելի տարածքը հրթիռակոծելու դեպքում։ Այս ամենը, իհարկե, կարելի է «դրական միտումներ» համարել։ Սակայն, դադարեցնելով ռմբակոծությունները, Իսրայելն ընդլայնեց ցամաքային գործողությունը մի քանի ուղղությամբ միաժամանակ։ Օգտվելով ռմբակոծությունների դադարից` հազարավոր փախստականներ տեղափոխվում են Լիբանանի հարավից հյուսիս` Բեյրութ եւ Սայդա։ Ընդամենը տեղահանվել է մոտ մեկ միլիոն մարդ։

Պատերազմը կավարտվի օգոստոսին

Այդ կարծիքի օգտին արտահայտվում են որոշ քաղաքական վերլուծաբաններ։ Դրա հետ երեւի թե կարելի է համաձայնել։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, որ ցամաքային օպերացիան ավարտելու համար կպահանջվի 10-14 օր։ Մյուս կողմից, «Հըզբոլլահը» ցուցաբերում է կատաղի դիմադրություն, եւ Իսրայելը Լիբանանի սահմանին կուտակում է նորանոր ուժեր եւ տեխնիկա, նպատակ ունենալով կոտրել «Հըզբոլլահի» դիմադրությունը եւ առաջ գնալ մոտ 20 կմ, ստեղծելով բուֆերային տարածք, որտեղ կտեղակայվեն Լիբանանի զորքերը եւ միջազգային ուժերը (հավանաբար, ՄԱԿ-ի դրոշի տակ)։ Դա պետք է տեղի ունենա բանակցությունների սկսվելուց առաջ, հրադադարը հիմա կնշանակեր, որ հաղթանակը մնում է «Հըզբոլլահի» կողմը, իսկ դա Իսրայելը եւ ԱՄՆ-ը թույլ տալ չեն կարող։ 48-ժամյա հրադադարից հետո Իսրայելը նոր ուժով կսկսի ռմբակոծությունները, նպատակ ունենալով մաքսիմալ կերպով քանդել «Հըզբոլլահի» ինֆրակառուցվածքը, ոչնչացնել հրթիռային սարքերը եւ պահեստները, միաժամանակ կտրելով բոլոր հաղորդակցման ուղիները, ինչը կբացառի Հյուսիսից Հարավ զենքի եւ զինուժի տեղափոխումը։ Դրանից հետո, վաղ թե ուշ, «Հըզբոլլահը» չի կարողանա էֆեկտիվ ռազմական գործողություններ վարել եւ ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանին։ Չի կարող իրեն թույլ տալ երկարատեւ պատերազմ վարել նաեւ Իսրայելը, քանզի Իսրայելի հյուսիսում կես միլիոն մարդիկ երկու շաբաթ նստած են թաքստոցներում, մեծ են նաեւ տնտեսական կորուստները (հռթիռակոծություններից)։ Համադրելով բոլոր տվյալները` կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, պատերազմը կավարտվի մինչեւ սեպտեմբերի մեկը։