«Եվ հարվածեց նրան Զիդանը»

08/08/2006

«Coup de boule», այսինքն` «Գլխով հարված» երգը ֆրանսիական հիթ-շքերթներում առաջին հորիզոնականներն է զբաղեցնում: Երգը կարիբյան հնչերանգներ ունի եւ ստեղծվել է որպես ֆուտբոլի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հումորիստական նմանակում: Խոսքը Զինեդին Զիդանի հայտնի հարվածի մասին է, երբ նա գլխով հարվածեց իտալացի Մարկո Մատերացցիին: «Գլխով հարված» երգը սկսել է տարածվել ինտերնետի միջոցով եւ այժմ համարվում է ֆրանսիական ամենամոդայիկ երգերից մեկը: Այն վաճառվում է եւ ձայներիզների տեսքով, եւ որպես բջջային հեռախոսների մեղեդի: Երգի հեղինակները երեք անհայտ ֆրանսիացի երաժիշտներ են, որոնք ֆուտբոլային եզրափակիչ հանդիպումից անմիջապես հետո երգ գրեցին եւ այն ինտերնետի միջոցով իրենց ընկերներին ուղարկեցին: Իսկ ընկերներն, իրենց հերթին, ուրիշ ընկերներին ուղարկեցին: Եվ երգը հանրահայտ դարձավ: Ֆրանսիական Skyrock ռադիոընկերության եթերում հնչելուց հետո երգի հեղինակային իրավունքները ձեռք բերեց հայտնի Warner Music ընկերությունը, որը եւ ձայներիզներ թողարկեց: Արդեն վաճառվել է մոտ 150 հազար ձայներիզ: Ֆրանսիայում շատ պոպուլյար համարվող երգի կրկներգը սկսվում է «Եվ հարվածեց նրան մեր Զիդանը» խոսքերով: