Ինչպես են հայերը դիմավորում Ամանորը

04/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Եթե մեծն Պ. Սեւակն իր «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին…» բանաստեղծությունը գրեր մեր օրերում, ապա մի գուցե խնդրեր, որ այդ մեքենաները հաշվեին, թե ինչքան բուդ են ուտում հայերն Ամանորին, կամ, ասենք, ինչքան «Մայրաքաղաքային» (իմիջիայլոց, հետաքրքիր է, որ մայրաքաղաքը  նկատի ունեն հայերը, երբ ասում են՝ Ստալիչնի Մոսկվա՞ն, Վաշինգթոնը, Երեւա՞նը, թե՞ Ստեփանակերտը) աղցան են պատրաստում հայ կանայք, որպեսզի մի քանի օր հետո լցնեն աղբարկղը: Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ «նոր հայերի» կանայք նախատոնական օրերին մրցում են, թե ում տանը ինչ էկզոտիկ ուտեստներ կան, օրինակ՝ մեկն այն օրն ասում էր, որ իրենց սեղանին ապխտած կոկորդիլոս է լինելու: Ես ուզում եմ նրանց հիշեցնել մի քանի ժողովրդական ասացվածք՝ «Չտեսան՝ պատից կախած, տեսան՝ ճակատից կախած», կամ, ասենք, «Էշի խրտնածը ձիուց բեթար է»: Նշեմ, որ մեր իրականությանն այս վերջինն ավելի Է համապատասխանում:
Այս տարի մեր չինովնիկները անհասկանալի հոգատարու-թյուն են ցուցաբերում Հայաստանի անտառների նկատմամբ: Կամ նրանք այս տարի գնացել են  Ռուսաստան եւ այնտեղ տեսել են “ըպՐպչՌ տՐՌՐՏՊց-ՎՈՑՖ ՑՉՏ՚” ցուցանակը,  եւ այն հասկացել են իրենց ինտելեկտուալ հնարավորությունների չափով, կամ նրանցից մեկը գնացել է ոչ թե Ռուսաստան, այլ Դուբայ եւ այնտեղից, մեզ հատուկ չտեսությամբ, բերել այնքան արհեստական տոնածառ, որ եթե Հայաստանում, Վրաստանում եւ էլի մի քանի պետություններում տասը տարի եղեւնի չհատեն, միեւնույն է, այդքան տոնածառը չի վաճառվի (Նրանք երեւի լսել են, որ աշխարհում 10 մլն-ից ավելի հայ կա, բայց չգիտեն, որ նրանցից ընդամենը 2 մլն-ից ավելին է ապրում Հայաստանում):
Եթե փորձենք գուշակել, թե ինչ կուզեն մեր հայրենակիցները Ձմեռ պապիկից Ամանորի շեմին, ապա կարող ենք ստանալ հետեւյալ պատկերը.
Երեխաների մի մասը կցանկանա , որ Ձմեռ պապիկն իրենց հայրիկներին վերադարձնի Հայաստան, մի մասը՝ որ իրենք ունենան շատ խաղալիքներ եւ համով կոնֆետներ, իսկ մի մասը բնականաբար Ձմեռ պապիկին չի հավատում եւ Նոր տարվա առիթով իրենց պապաներից «սամալյոտի միս են ուզում»
Երիտասարդների մի մասը  Ձմեռ պապիկից կուզի սեր եւ խաղաղություն, մյուս մասը՝ «Գրին քարտ», իսկ առավել պրագմատիկները՝ հարուստ պապայի տղա կամ աղջիկ:
Կանայք Ձմեռ պապիկին կխնդրեն, որ իրենք միշտ գեղեցիկ եւ հմայիչ լինեն, որպեսզի գոնե Նոր տարին թեթեւացնի իրենց հոգսերը, որպեսզի իրենց զավակներն առողջ մեծանան, սակայն կան կանայք, որ Ձմեռ պապիկից կուզեն ամեն ինչ ու շատ:
Դե՛, իսկ տղամարդիկ ինչպես միշտ՝ կանացի անշահախնդիր սեր, աշխատանք եւ անկախ սոցիալական վիճակից՝ շատ փող( ու տա Աստված, որ այդ փողը նրանք աշխատեն, այլ ոչ թե ուտեն, բառիս ամենալայն իմաստով)։
Ամանորն ամենամեծ քրիստոնեական տոներից մեկն է (չնայած ես համոզված եմ, որ քչերը գիտեն դրա մասին), իսկ մենք միշտ պարծենում ենք, որ ամենահին քրիստոնյա ազգն ենք: Եվ այս օրերին ես կուզենայի, որ մենք, բացի ուտելուց, մի քիչ էլ ուրախանանք, լավատեսությամբ լցվենք դեպի ապագան, նշենք ոչ թե Christmas, այլ՝ Սուրբ Ծնունդ, եւ հիշենք, որ Քրիստոսը ծնվեց, որպեսզի փրկի մեզ, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ ուզենք՝ կարող ենք անել, ու Ինքը մեզ կփրկի: