Ջանիբեկյանի Համլետը` Ամերիկայի փառատոներում

08/08/2006

Դերասան Մուրադ Ջանիբեկյանը երկու տարի առաջ նկարահանեց իր «Համլետը»: Համլետի դերը շարունակում է բոլոր ժամանակների դերասանների երազանքը համարվել: Սակայն Մ.Ջանիբեկյանը ձեռքերը ծալած իր երազանքին չէր սպասում, այլ «Համլետն» էկրանավորելու համար գումար էր որոնում: «Շատ դռներ ծեծեցի, որոնք չբացվեցին»,- ասում է նա: Եվ նա իր Դանիական թագավորությունը եւ իր հերոսին պատկերելու համար որոշեց վաճառել սեփական ամառանոցը եւ էլի ինչ-որ ունեցվածք: Դա բավականին արտառոց քայլ էր մեր իրականության մեջ, անշարժ գույքն անորոշ ապագա ուրվագծող արվեստի գործով ոչ մեկը փոխանակել չէր հանդգնի: Եվ աշխարհ եկավ մի Համլետ, որը ժամանակի խիղճը պետք է դառնար եւ Մ. Ջանիբեկյանի դիմագծերը, պահվածքն ու սպասելիքներն ունենար: Ֆիլմի բյուջեն մոտ 75 հազար դոլար է կազմել, այն, հեղինակի ասելով` «շատ տանջալից է ստեղծվել»: Հերոսները միանգամից երկու լեզվով են խոսում` Շեքսպիրի ժամանակների բրիտանական եւ հայերեն լեզուներով: Հայերենը ֆիլմի հեղինակը պարտադիր տարր է համարել, քանի որ ցանկացել է Հովհաննես Մասեհյանի հիանալի թարգմանությունը որոշ չափով ներկայացնել այն մարդկանց, որոնք ոչ հայերեն գիտեն, ոչ էլ հայերի մասին որեւէ պատկերացում ունեն: «Թող աշխարհին հասնեն մեր լեզվի հնչյունները»,- ասում է նա: Նրա Համլետը ոչ այնքան երկմտող է, որքան «աշխարհը մաքրելու համար» ծնված հերոս է: Մեր աշխարհը շատ է նման այն թագավորությանը, որտեղ բոլորը խաղում են` սկսած թագավորից: «Ես ուզում էի պատկերել, թե ինչպես է խաղը դանդաղորեն սպանդանոցի վերածվում»,- ասաց Մ. Ջանիբեկյանը:

Երկու տարի առաջ նա իր «Համլետը» Նյու Յորքի միջազգային կինոփառատոն ուղարկեց, որտեղ եւ «Լավագույն դերակատարում» անվանակարգում ստացավ գլխավոր մրցանակը: Հետո ֆիլմը մասնակցեց Լոս Անջելեսի կինոփառատոնին, եւ ռեժիսոր-Ջանիբեկյանը լավագույնը համարվեց: «Մրցանակներն ինձ շատ ուշ են հասնում: Ապրիլին ստացած մրցանակը նոր է ինձ մոտ հայտնվել»,- ասաց նա: Թեեւ «Համլետը» երկու անգամ ցուցադրվել է կինոթատրոններում եւ մի քանի անգամ էլ` հեռուստատեսությամբ, այն լայն արձագանքների չի արժանացել: Նույնիսկ չի ընդգրկվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում: Գուցե մեր օրերի եւ մեր երկրի Համլետը ոչ թե «Ժամանակն իր շավղի մեջ դնելու» անկարողության համար է տառապում, այլ` մեր ժամանակի հերոսների պես անտարբեր ապրում է: