«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավար, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է գնել Ուրուգվայի խոշորագույն՝ «Սան Ռոքե» դեղատների ցանցը: Էռնեկյանի ներկայացուցիչ Արամ Չուլջյանը նշել է, որ ընկերությունը մեծ ավանդ ունի Ուրուգվայի տնտեսության մեջ, եւ գործարքից հետո դեղատներում վաճառվելու են միջազգային համբավ ունեցող դեղամիջոցներ: Գործարքի գինը չի հաղորդվում, սակայն տեղի մամուլը նշում է, որ խոսքը միլիոնների մասին է: Արգենտինական մամուլը նշում է, որ վերջերս Է. Էռնեկյանը «Բաժնետոմսեր՝ պարտքի դիմաց» համաձայնագիր է կնքել Արգենտինայի իշխանությունների հետ՝ պետությանը փոխանցելով իրեն պատկանող «Աերոպորտոս Արգենտինա» ընկերության բաժնետոմսերի 35%-ը: Մեկնաբանները կարծիք են հայտնում, որ սա շատ հեռատես քայլ էր Էռնեկյանի կողմից, քանի որ, լարված հարաբերություններ ունենալով Արգենտինայի նոր իշխանությունների հետ, Էռնեկյանն այս գործարքով դառնում է պետության գործընկերը: