Նախօրեին փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի՝ արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը: Հայաստանի մաքսային կոմիտեի խոսնակ Նելլի Մանուչարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Բագրատաշենում նախորդ գիշեր բողոքի ցույց է տեղի ունեցել՝ հավելելով, որ Բագրատաշեն-Սադախլո համատեղ շուկան փակվել է դեռեւս ապրիլից՝ վրացական կողմի առաջարկությամբ: «Ապրիլի սկզբին Վրաստանի Մաքսային դեպարտամենտի ղեկավարը եւ Հայաստանի Մաքսային կոմիտեի նախագահը հայ-վրացական մաքսակետում հանդիպեցին: Վրացական կողմը հայտնեց, որ նպատակահարմար չի գտնում սահմանի վրա նման շուկայի գոյությունը: Մի քանի օր անց Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր տարածքում Սադախլոյի շուկան փակվում է: Ապրիլի 12-ին Հայաստանի Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը Երեւանում հայտարարեց, որ համատեղ շուկան այլեւս չի գործելու՝ վրացական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է Ն. Մանուչարյանը, հավելելով, թե այն, ինչի փակման դեմ բողոքում են բնակիչները, Բագրատաշենի մոտ նախկին ավտոկանգառի տարածքում դրանից հետո «ինքնաբուխ» գոյացած շուկան է: