Հուլիսի 29-ին տարածաշրջանային այցով Հայաստան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Սա, որպես համանախագահ, Մ. Բրայզայի առաջին այցն էր տարածաշրջան. այն ունի «ճանաչողական բնույթ»: Նախատեսված է, որ այս այցից հետո Փարիզում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների հանդիպումը:
Իսկ Հայաստանում հուլիսի 29-ին ամերիկացի համանախագահը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նույն օրը Մ. Բրայզան հանդիպել է նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այս հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին տեղեկություններն էլ են բավականին սուղ: Եղած պաշտոնական հաղորդագրության համաձայն (որը միակն է պատկերացում կազմելու համար, թե ինչ են խոսել Վարդան Օսկանյանն ու պարոն Մեթյուն)՝ զրուցակիցները հանդիպման ընթացքում գնահատական են տվել ԼՂ խնդրի բանակցությունների ներկա վիճակին, քննարկել են բանակցային սեղանի վրա գտնվող սկզբունքների հետ կապված որոշ մանրամասներ, մտքեր են փոխանակել առաջիկա անելիքների եւ կարգավորման հեռանկարների շուրջ: Այսքանը: Վ. Օսկանյանի հետ հանդիպումից հետո Մ. Բրայզան ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ, ուր հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նկատենք, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս խուսափում էին մեկնել Լեռնային Ղարաբաղ: ԼՂ ներկայացուցիչների հետ նրանք հանդիպում էին Երեւանում, իսկ ԼՂ չմեկնելը պատճառաբանում էին ժամանակի սղությամբ: Ինչեւէ, Ստեփանակերտում Ա. Ղուկասյանի հետ հանդիպումից հետո Մ. Բրայզան լրագրողներին հայտնել է, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նա ասել է, թե առաջին անգամ լինելով Ստեփանակերտում՝ ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության տեսակետներին: Նա չի բացահայտել զրույցի մանրամասները, նշելով միայն, թե իրենից «նոր էլեմենտներ պետք չէ սպասել»: «Ես եկել եմ միայն լսելու ձեր կարծիքը: Սա այն այցը չէ, որ ես կարողանամ ինչ-որ որոշակի բան ասել: Ես պետք է մեկնեմ Փարիզ, որ քննարկեմ բոլոր մտքերն ու առաջարկները Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Պետք չէ ներկայում սպասել մեծ քայլի, հնարավոր է` ապագայում այն լինի»,- ասել է պարոն Մեթյուն: Միաժամանակ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է ԼՂ հարցի կարգավորումը՝ առանց բանակցային պրոցեսում ԼՂ մասնակցության: Փոխարենը նշել է, թե ամենագլխավորը ԼՂ ներկայացուցիչներին լսելն է: «Ինչ վերաբերում է բանակցողներին, ապա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն այդ հարցում»,- նշել է ամերիկացի համանախագահը: Իսկ ահա ԼՂՀ նախագահը հանդիպումից հետո հայտարարել է, թե անկասկած հանդիպման հիմնական հարցերից մեկը բանակցություններին ԼՂ մասնակցության հարցն է եղել: «Ինձ թվում է, որ պարոն Բրայզան հասկանում է, որ առանց ԼՂ-ի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել: Իհարկե քննարկվել են նաեւ այլ հարցեր, սակայն բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցն առաջնայինն էր»,- ասել է Արկադի Ղուկասյանը: Վերջինս նաեւ ասել է, թե ինքն ամերիկացի համանախագահին է ներկայացրել խնդրի տարբեր ասպեկտների վերաբերյալ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը: «Ինձ թվում է, որ պարոն Բրայզային հետաքրքիր էր լսել մեր կարծիքը: Չէի ասի, թե նրա կողմից լուրջ առարկություններ կային, քանի որ մեր մոտեցումները բավականին տրամաբանական են»,- ավելացրել է ԼՂՀ նախագահը: Միաժամանակ Ա. Ղուկասյանը նշել է, թե Մ. Բրայզայի այցից ինքը մեծ սպասելիքներ չուներ, քանզի գիտեր, որ գալիս է ոչ թե նոր առաջարկներով, այլ իրենց լսելու: Այս առումով, ըստ Ա. Ղուկասյանի, իրենց սպասելիքներն արդարացել են, քանի որ իրենք կարողացել են ամբողջ ծավալով ներկայացնել իրենց մոտեցումները: Անդրադառնալով հակամարտության կարգավորման՝ Մ. Բրայզայի հրապարակած սկզբունքներին՝ Ա. Ղուկասյանն ասել է, թե չի կարող մանրամասն վերլուծել առաջարկությունների ողջ փաթեթը, բայց ընդհանուր առմամբ առաջարկությունները «չեն բացառում մեր դիրքորոշումը պաշտպանելու հնարավորությունը»: Իսկ Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մ. Բրայզան ասել է. «Ես տեսնում եմ, որ խնդիրը լուծելու քաղաքական կամքն առկա է, իսկ մեր առաջարկների հիմքում ընկած փիլիսոփայությունն՝ ընդունելի»: Խոսելով առաջարկների մանրամասների մասին՝ նա նշել է, թե Քելբաջարի, Լաչինի եւ հանրաքվեի հետ կապված դեռ հարցեր կան: Բրայզան հաստատել է, որ համանախագահների համոզմամբ՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը: «Բայց հարցն այն է, թե ո՞ւմ համարենք Ղարաբաղի ժողովուրդ: Կան նաեւ 1988 թվականին այնտեղ բնակվողներ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել հանրաքվեին,- ասել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով,- բոլոր այս հարցերը դեռ պետք է մշակվեն՝ որպես համաձայնության ծավալուն փաթեթի մաս»: Բրայզայի խոսքերով՝ սկզբունքները, որոնք այսօր սեղանին են, դեռեւս համաձայնություն չեն, այլ միայն սկզբունքներ եւ առաջարկություններ են: Այնպես որ, ըստ Մ. Բրայզայի, հնարավոր չէ խուսափել համաձայնությունից, եթե այդպիսին չկա: Իսկ հարցին, թե հնարավորություն կա՞ արդյոք այս տարի համաձայնության հասնելու համար, եւ եթե այս տարի հարցը չլուծվի, ուրեմն ամեն ինչ հետաձգվում է առնվազն մինչեւ 2009 թվակա՞նը, Մ. Բրայզան պատասխանել է. «Իհարկե, շանս կա, եւ երկու երկրների ղեկավարների համար էլ շատ շահեկան կլիներ ընտրություններին ներկայանալ հարցը լուծած: Սակայն ընտրություններն էլ բանակցային գործընթացի համար խոչընդոտ չեն: Պարզապես հարցն ավելի հեշտ է լուծել այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացները դեռ չեն թեժացել»: Միաժամանակ ամերիկացի համանախագահը նշել է, թե Մինսկի խումբը պատրաստ է գործել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը լուրջ են մոտենում բանակցային գործընթացին: «Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամները Հայաստանում լրջորեն են վերաբերվում գործընթացին»,- ավելացրել է Մ. Բրայզան: Վերջինս, անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության վիճակին, հույս է հայտնել, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Ամերիկայի կապերը Հայաստանի հետ կլինեն այնքան ուժեղ, որքան ուժեղ կլինի ժողովրդավարությունը Հայաստանում: Իսկ Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Ամերիկայի համար ամենից լավ միջոցն է համոզված լինելու, որ Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարական ուղիով: Ժողովրդավարությունը գործընթաց է»,- ասել է ամերիկացի համանախագահը: Ինչ վերաբերում է իրեն վերագրվող այն հայտարարությանը, թե Ադրբեջանում ժողովրդավարության՝ ավելի տեսանելի միտումներ կան, Մ. Բրայզան ասել է. «Ես նման բան չեմ ասել: Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես չի կարելի համեմատել: Երկուսն էլ ունեն իրենց պլյուսներն ու մինուսները: Իմ միտքն այն էր, որ Ադրբեջանը չի համապատասխանում որոշ չափանիշների, բայց դա չի նշանակում, որ առաջընթաց չկա: Ադրբեջանում միտումները վերջին ամիսներին դրական են: Դրական են միտումները նաեւ Հայաստանում»: Ինչեւէ, երեկ Մ. Բրայզան, ով նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն է, մեկնել է Թբիլիսի, որտեղ հանդիպելու է Վրաստանի ղեկավարության հետ: Նախատեսված է նաեւ Բրայզայի այցն Ադրբեջան: