Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ Բաքվում եւ Երեւանում քննարկելով գրավյալ տարածքներում հրդեհների հարցը, հայտարարել է, թե անհրաժեշտ է հասնել նրան, որ այդ «անվերահսկելի իրավիճակն այլեւս չկրկնվի»: «Այդ խնդիրը վերաբերում է երկու կողմերին: Չնայած հակամարտության բնույթին եւ դրա հետ կապված խնդիրներին, կարծում եմ՝ կողմերը պետք է շահագրգռված լինեն հրդեհների դեմ պայքարի համատեղ կազմակերպության ստեղծմամբ: Իհարկե, դրա համար կպահանջվի միջազգային որոշ օգնություն»,- ըստ «Trend»-ի՝ ասել է Պիտեր Սեմնեբին: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համատեղ կազմակերպության ստեղծման հարցը հետագայում կքննարկվի, քանի որ կա նման անհրաժեշտություն: «Դա նաեւ կարող է լինել կողմերի միջեւ որոշակի շփումներ եւ վստահություն ստեղծելու միջոց մի տարածքում, որտեղ նրանք ապագայում պետք է միասին ապրեն եւ աշխատեն»,- ասել է նա: Արձագանքելով Սեմնեբիի առաջարկին՝ Ադրբեջանի Արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն ասել է, թե «Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ հրդեհների հետեւանքների վերացման գործում»: «Ադրբեջանը կարեւոր է համարում այս խնդիրը՝ հասկանալով տարածաշրջանի համար աղետալի էկոլոգիական հետեւանքները, եւ պատրաստ է այդ ուղղությամբ հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել»,- շեշտել է Թաղիզադեն: