Գտել են «Ազգային բյուջեի» հիմնադրին

02/08/2006

«Ազգային բյուջե» Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամի 230 աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից նրանք կազմակերպության ղեկավարությունից պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերն ու ներդրած 50.000-ական դրամները: Աշխատակիցները երեկ առավոտյան ներկայացել են «Ազգային բյուջեի» հիմնադիրի հոր՝ Արտաշատ քաղաքում գրանցված Մյասնիկ Հակոբյանի երեւանյան բնակարան եւ ստիպողաբար նրան ուղեկցել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող շենք, որտեղ օրեր առաջ գտնվում էր հիմնադրամի գրասենյակը: Ականատեսների խոսքերով, երեկ երեկոյան Կոմիտաս 51 շենքի մոտով անցնելիս ուժեղ աղմուկ է լսվել: Աշխատակիցները Մ. Հակոբյանից պահանջել են վերադարձնել իրենց փողերը: Մ. Հակոբյանը կոնկրետ պատասխան չի տվել քաղաքացիներին, ասել է, իբր օգոստոսի 10-ին նրանք կստանան իրենց գումարները: Աշխատակիցների այն հարցին, թե որտեղից են տրվելու այդ փողերը՝ Մ. Հակոբյանը պատասխանել է. «Դա ոչ մեկի գործը չէ»: Աշխատակիցները նրան ստիպել են պարտավորագիր ստորագրել: Ի դեպ, «Ազգային բյուջեի» տնօրեններ Մ. Ղանդիլյանն ու Դ. Մկրտչյանը հրաժարվել են ստորագրել այդ պարտավորագիրը: Աշխատակիցների հավաստմամբ, վիճաբանությունից հետո Մ. Հակոբյանին ուղեկցել են ոստիկանություն: Մեր տեղեկություններով, Մ. Հակոբյանին կալանավորել են: