«168 Ժամ»-ի նախորդ հրապարակումներից մեկում (թիվ 63) անդրադարձել էինք այս լքված տարածքին: Հիշեցնենք, որ մեր «Կողոպուտ օրը ցերեկով» հրապարակման մեջ վերոհիշյալ տարածքում կողոպտված Նարինե Սարգսյանն ահազանգում էր, թե Երեւանի կենտրոնում այս տարածքը մատնված է բացարձակ անտերության, վերածվել է հասարակական զուգարանի եւ այնտեղ օրը ցերեկով տարբեր քրեածին տարրերի կարելի է հանդիպել: «Շենքի ավերակներից փչող գարշահոտն արդեն քաղաքապետարանի չինովնիկների քթին է հասնում, մի՞թե նրանք իրենց ապակեպատ թաքստոցներից չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շրջակայքում»,- ասում էր տուժողը: Հարեւանությամբ գտնվող «Եվրոմոթորս» խանութ-սրահի աշխատակցուհին մեկ անգամ եւս հաստատեց, որ նախկին «Թաղման բյուրոն» մարզային ավտոբուսների եւ տաքսու վարորդների համար վերածվել է շատ հարմարավետ պետքարանի՝ «ով ինչ կարիք ունի, այստեղ է հոգում»: Իրոք այդպես է. մանավանդ արեւի ամենակիզիչ ժամերին պարզապես անհնար է անցնել այդ շենքի կողքով:
Փորձեցինք պարզել, թե ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում կենտրոնում գտնվող այս գայթակղիչ եւ փնթի տարածքը: Նախադուռը, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանն էր, որտեղ պատասխանեցին, թե այն իրենցը չէ, այլ գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:
Վարչության մամլո քարտուղար Մ. Տեր-Ստեփանյանն էլ իր հերթին ժխտեց, նշելով, որ՝ եթե մեր տնօրինության տակ լիներ, այսօր նման վիճակում չէր հայտնվի: «Ցավում եմ, որ նախկին գերատեսչական շենքը դարձել է բոմժանոց: Եթե մեր ենթակայության տակ լիներ, վաղուց կամ վաճառվել էր, կամ էլ տրվել վարձակալության: Կենտրոնում, մեկ քառակուսի մետրի համար բազմաթիվ հավակնորդներ կան»,- տեղեկացրեց Մ. Տեր-Ստեփանյանը: Ենթադրաբար, հաջորդիվ դիմեցինք Կենտրոն թաղապետարան, որտեղ կոմունալ բաժնի պետ Ս. Ադամյանը որոշ պարզաբանումներ արեց իրացման գոտում գտնվող տարածքների ընթացակարգի վերաբերյալ: Նրա հավաստմամբ, Երեւան քաղաքում գտնվող հողատարածքների հանձնումն իրականացվում է միայն քաղաքապետի որոշման համաձայն, իրենք ոչ մի լիազորություն չունեն: Քաղաքապետարան կրկնակի հարցման ժամանակ մամլո քարտուղար Անահիտ Եսայանն այս անգամ պատասխանեց, որ երկու տարի առաջ նշված տարածքը մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ հանձնվել է՝ Բրազիլիայի դեսապանատուն կառուցելու նպատակով: Սակայն հայտնի է, որ մինչ օրս Հայաստանում բրազիլական դեսպանատուն կամ ներկայացուցչություն գոյություն չունի, երկու երկրների միջեւ հարցերը կարգավորվում են Մոսկվայի բրազիլական դեսպանատան միջոցով: Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչ-5 հասցեի մոտ 2000 քմ տարածքը 2002թ. վերջերին ՀՀ կառավարության որոշմամբ հանձնվել է Արտաքին գործերի նախարարությանը՝ Բրազիլիայի դեսպանատուն կառուցելու նպատակով: Նա նաեւ նշեց, որ դեսպանատան շենքի նախագծումը, որն արվել է հանրաճանաչ ճարտարապետ Օսկար Մինիերի կողմից, տեւել է մոտ երկու տարի: Դեսպանատան շենքի կառուցումը հետաձգելու փաստի մասին պրն Սարգսյանը տեղյակ չէր: Ի դեպ, Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրած տարածքը կազմում է մոտ 16 հազար քառակուսի մետր:
ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Վ. Կարապետյանն էլ իր հերթին մեզ տեղեկացրեց, որ այս տարվա հուլիս ամսվա ամենավերջին օրերին սպասվում է բրազիլական տեխնիկական պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում, ընդունված փոխադարձ տարածքների տրամադրման կարգի համաձայն՝ առաջարկված տարբերակներից, նրանց ընտրությամբ, կընտրվի դեսպանատուն հիմնելու իրենց համար ձեռնտու եւ շահեկան տարբերակը: Նշենք, որ որեւէ երկրի դեսպանատան տարածք համարվում է այդ երկրի անբաժանելի մասը: Մինչ բրազիլացիք կորոշեն, թե որն է Հայաստանում իրենց պետության անքակտելի մասը, բոմժերն ու վարորդներն այն յուրովի տնօրինում են: