Ի՞նչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Կոդորի կիրճում, որն Աբխազիայի միակ շրջանն է, որ մնացել է Թբիլիսիի իրավասության տակ: Որո՞նք են խռովության պատճառները, որով «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի գործողությունների հետ միասին սկսվում էին համաշխարհային լրատվության գործնականում բոլոր թողարկումները:
Հուլիսի 23-ին նախագահի նախկին ներկայացուցիչ Էմզար Կվիցիանին հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունը պլանավորել է գործողություն՝ իր կողմից ղեկավարվող «Որսորդ» զինված խմբավորման զինաթափման նպատակով, որը պաշտպանության նախարարի կարգադրությամբ լուծարվել է նախորդ տարի, սակայն զենքը չի հանձնել: «Մենք դուրս ենք գալիս իշխանությունների ենթակայությունից: Առանց մեր համաձայնության ոչ մի զինված կողմնակի անձ Կոդոր չի մտնի»,- հայտարարեց Կվիցիանին եւ զինեց մոտ 150 մարդու: Սա, ինչպես ասում են ռազմական փորձագետները, լուրջ ուժ է. հարյուրավոր զինված մարտիկներ հարազատ լեռներում առավելություն ունեն երկու կամ նույնիսկ երեք անգամ գերազանցող մրցակցի նկատմամբ: Եվ այստեղ հարց է առաջանում: Իսկ ՊՆ-ում «որսորդների» նկատմամբ ինչ-որ բան պատրաստվե՞լ էր: Պատասխան չկա: ՊՆ-ի ստորաբաժանումները եւ ՆԳՆ-ի հատուկ ջոկատները «շարժվել էին» Կոդորի կիրճի ուղղությամբ միայն խռովության հայտարարումից հետո: Ընդդիմությունն իշխանություններին երկխոսության կոչ արեց, իսկ իշխանությունները խռովարարների եւ «հայրենիքի դավաճանների» հետ բանակցություններից հրաժարվեցին: Գործողության ժամանակ Կոդորի կիրճի տեղեկատվական շրջափակումը միայն շատացրեց հարցերը: Անհնազանդության հայտարարությունից հետո միայն երկրորդ թե երրորդ օրը Կվիցիանին ձեւակերպեց հստակ պահանջներ, որոնք նրան մղեցին խռովության. պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Իրակլի Օքրուաշվիլու եւ Վանո Մերաբիշվիլու հրաժարական, թբիլիսյան բանկերից մեկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի, ով ՆԳՆ-ի բարձրաստիճան չինովնիկների հետ վեճից հետո սպանվել էր, գործով արդար դատական գործընթաց, Կոդորի կիրճի սոցիալական վիճակի բարելավում: Իշխանությունները, դրա վրա ուշադրություն չդարձնելով, վերջնագիր ներկայացրին. կյանքի դիմաց անհապահ հանձնել զենքը: Հատուկ գործողությունն ինքը, ինչպես եւ լեռնականների խռովությունը, նույնպես տարօրինակ էր: Տեղեկությունների համաձայն, պատահաբար զոհվեց մի կին, եւս մոտ 10 մարդ վնասվածք ստացավ, «Որսորդ» խմբավորումը մասամբ հանձնվեց կառավարական ուժերին, մասամբ թաքնվեց տեղի անտառներում, իսկ ինչ-որ քարանձավում շրջափակված Կվիցիանին, այնուամենայնիվ, վերցրեց ու թաքնվեց անհայտ ուղղությամբ: ՆԳ նախարար Մերաբիշվիլին պնդում է, որ նա Ռուսաստանում է: Ռուսական կողմը դա հերքում է: Խռովության փաստացի անարյուն (փառք Աստծո) ճնշումից անմիջապես հետո իշխանություններն անցան Կվիցիանիի վերջնագրի երրորդ կետի կատարմանը. նախագահական ֆոնդից կիրճ ուղարկեցին հումանիտար բեռներ: Վրաստանի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին հանձնարարել է մինչեւ տարվա վերջ կիրճ տեղափոխել աբխազական կառավարությունը, որն Աբխազիայից վտարվել է ռեժիմի անջատողականների կողմից: Սուխումում այդ որոշումից զայրացան: «Եթե Թբիլիսին փորձի դա անել, ապա մենք կիրճում կհաստատենք մեր իրավազորությունը»,- սպառնաց դե ֆակտո Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը:
Կոդորյան խռովության հետեւանքներն այսպիսին են: Իշխանություններն իրենց ակտիվում հաջողված արդյունք գրանցեցին՝ ցուցադրելով ուժ եւ վճռականություն: Հիմա նրանք, խռովարարների հետ բանակցություններ պահանջող քաղաքական հակառակորդների հետ, որոնց առանց այդ էլ վերաբերվում էին առանց առանձնահատուկ հարգանքի, հավանաբար ընդհանրապես կդադարեն շփվել: Ավելին՝ փորձագետները չեն բացառում, որ իշխանությունները կփորձեն օգտագործել կոդորյան իրադարձությունները՝ նրանցից մի քանիսի հետ հաշվեհարդար տեսնելու համար: Արդեն ձերբակալվել է Ազգային անվտանգության՝ Էդուարդ Շեւարդնաձեի ժամանակների նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլին, որի հեռախոսային խոսակցությունն Էմզար Կվիցիանիի հետ իրավապահ մարմինները որակել են որպես հանցագործին ցույց տված ինտելեկտուալ օգնություն: Իշխող «Ազգային շարժում»-ի ազդեցիկ պատգամավոր Գիվի Թարգամաձեն, ով կոդորյան խռովության ժամանակ ապահովել է տեղեկատվական ցանկալի ֆոն, հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ խոսեց իրենց՝ որպես ազգի թշնամիներ «բացահայտածների» մասին: Նրա ցուցակում, բացի հիշատակված Բատիաշվիլուց, ներառվել են քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին՝ Հանրապետական կուսակցությունից ռեժիսոր Գիգա Լորդկիպանիձեն եւ շեւարդնաձեյան կառավարության նախկին փոխվարչապետ Ավթանդիլ Մարգիանին: Նրանք բոլորն էլ խոսել են ուժի կիրառման անթույլատրելիության մասին եւ իշխանություններին կոչ են արել բանակցություններ սկսել ապստամբների հետ: Հասարակությունն իշխանությունների հետագա գործողությունների լարված սպասման մեջ է: Իշխանությունները, ինչպես երեւում է, դեռ կոդորյան հաջողության էյֆորիայի մեջ են: