Միջազգային փորձագետները` Ղարաբաղում

02/08/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս Ստեփանակերտ են այցելել փորձագետներ` Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Նրանց մասնակցությամբ Ստեփանակերտում կայացել է անհայտ կորածների հարցերով զբաղվող փորձագետների համաժողով, որը նախաձեռնել էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ԼՂՀ կոմիտեն: Համաժողովի մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ անհայտ կորածների վերաբերյալ:

Հյուրերը հանդիպում են ունեցել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Վերջինս հատկապես կարեւորել է Արցախում ադրբեջանական պատվիրակության ներկայության հանգամանքը, ինչը, նրա խոսքերով, պատերազմով բաժանված երկու հասարակությունների ներկայացուցիչների միջեւ կառուցողական երկխոսության դրական օրինակ է:

Հանդիպման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) համանախագահ եւ կազմակերպության Ադրբեջանի ազգային կոմիտեի համակարգող Արզու Աբդուլլաեւան իր խոսքում նշել է, որ ՀՔԱ ադրբեջանցի անդամներն ու վերջերս Բաքվում ստեղծված «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական խորհուրդը» հանդես են գալիս բանակցային գործընթացին ԼՂՀ կողմի անմիջական մասնակցության, հակամարտության խաղաղ կարգավորման ու հասարակությունների միջեւ դրացիական հարաբերությունների հաստատման օգտին: Տիկին Աբդուլլաեւան նկատել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հայաստանյան, ադրբեջանական եւ ղարաբաղյան ՀԿ միջեւ առկա է փոխըմբռնման եւ համագործակցության մթնոլորտ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ` պատասխանելով հյուրերի հարցերին, ԼՂՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման եւ խաղաղության հաստատման կարեւորագույն նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջեւ պատմական հաշտության հաստատումն է: Նույն օրը Ա. Ղուկասյանն ընդունել է նաեւ ԱՄՆ հայկական համագումարի (ԱՀՀ) «Ամառային ուսանողական ծրագրի» մասնակիցների պատվիրակությանը: