Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր հանդեսը հերթական անգամ գնահատել է ռուսաստանյան հեղինակությունների առեւտրային հաջողությունները, այս անգամ՝ 2005թ. հուլիսի 1-ից 2006թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Այս ցուցակում եւս հայերն իրենց հեղինակավոր տեղն ունեն: «Կոմեդի Կլաբ» երգիծական նախագիծը զբաղեցնում է ռուսական հաջողակների ցուցակի 9-րդ տեղը:
Այս ցուցակում նախորդների համեմատ նոր անուններ առանձնապես չեն հայտնվել, սակայն շատերի դիրքերը փոփոխվել են: Ֆինանսական վիճակի զգալի բարելավմամբ աչքի են ընկել թենիսիստուհի Մարիա Շարապովան, երգիչներ Ալլա Պուգաչովան եւ Դիմա Բիլանը: 50 ամենաբարձր վարձատրվող հայտնի դեմքերից 20-ը սպորտսմեններն են, ինչը բնական է Ռուսաստանի նման սպորտային երկրի համար: Ցուցակում եկամուտները հաշվարկվում են ցուցակում ներգրավվածների եւ անկախ փորձագետների տրամադրած տվյալներով: Ընդ որում, «Ֆորբսը» հաշվել է միայն այն միջոցները, որոնք տվյալ անձը ձեռք է բերել իր տաղանդի շնորհիվ: Եկամուտներից չեն հանվել հարկերը, գործակալների, պրոդյուսերների եւ մարզիչների մասնաբաժինները: Նկատենք, որ վարկանշավորման ժամանակ եկամուտների ճշգրիտ չափն էական նշանակություն չի ունեցել: Հաշվի են առնվել նաեւ այլ գործոններ, որոնք ազդել են տվյալ անձի վաստակելու հնարավորության վրա: Ավելի շատ հաշվի է առնվել արտիստի «տնտեսական կշիռը»՝ առեւտրային հաջողությունը ոչ միայն նախորդ տարում, այլեւ՝ հետագայում: Օրինակ, «Եվրատեսիլ 2006» երգի մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրած Դիմա Բիլանն իր 3,1 մլն դոլարով զբաղեցրել է հաջողակների ցուցակի 3-րդ տեղն, այն դեպքում, երբ ֆուտբոլիստներ Ալեքսեյ Յաշինը (7,6 մլն դոլար), Իլյա Կովալչուկը (6,5 մլն դոլար) ու Նիկոլայ Խաբիբուլինը (6,8 մլն դոլար)՝ համապատասխանաբար 7-րդ, 8-րդ եւ 10-րդ տեղերը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ցուցակը գլխավորում է Մարիա Շարապովան, ով 1 տարվա ընթացքում աշխատել է 19 մլն դոլար: Թեեւ անցյալ տարի Շարապովան թենիսում այնպիսի հաջողությունների չհասավ, ինչպես 2004թ., սակայն փորձագետները գտնում են, որ նա ցուցակի առաջին տեղում մնաց նաեւ շնորհիվ իր գեղեցկության: Ի դեպ, թենիսիստուհին արդեն պայմանագրեր է կնքում նաեւ ԱՄՆ-ի գովազդային գործակալությունների հետ: ՌԴ-ի ամենահարուստ հեղինակությունների ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնում է «էստրադայի թագուհին»՝ Ա. Պուգաչովան (2,7 մլն դոլար), իսկ 5-րդ տեղը՝ նրա նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը (2,9 մլն դոլար): 4-րդ տեղում բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն է (11,5 մլն դոլար), 6-րդ տեղում՝ «ՏաՏու» խումբը (3,3 մլն դոլար):
Ընդհանուր առմամբ, ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները զբաղեցրել են ցուցակի 21 հորիզոնականներ: «Այս մարդիկ գտել են տնտեսապես արդյունավետ մոդել՝ հյուրախաղեր երկրով մեկ եւ ելույթներ մասնավոր երեկույթներում: Յուրաքանչյուր ելույթ շատ թանկ չարժե, բայց տարվա ընթացքում կարելի է 150-200 համերգ կազմակերպել»,- ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել է ռուսական «Ֆորբսի» գլխավոր խմբագրի տեղակալ Կիրիլ Վիշնեպոլսկին:
Ռուսաստանյան ամենահարուստ երգիծական նախագծի հեղինակները հայերն են: Ցուցակի 9-րդ տեղը զբաղեցնող «Կոմեդի Կլաբ»-ի տարեկան եկամուտները կազմել են 3,5 մլն դոլար: Նախագծի նախագահ Արթուր Ջանիբեկյանը համաձայնել է «Ֆորբսի» գնահատականի հետ: «Ափսոս, որ հեղինակությամբ մենք զիջում ենք մի քանի երգիչների եւ սպորտսմենների: Սակայն հաջորդ տարի մենք նրանց իրենց տեղը կդնենք»,- կատակել է Ա. Ջանիբեկյանը: