«Հոգլանդը որպես անձ ինքն էլ հանցանք ունի»

01/08/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում ամենաքննարկվող թեման թերեւս ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման հարցն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է ժամանակից շուտ ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին՝ նրա փոխարեն առաջարկելով դեսպան նշանակել Ռիչարդ Հոգլանդին: Սակայն ԱՄՆ-ի Սենատում վերջինիս թեկնածության հաստատման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով: Շատերի պնդմամբ՝ Ջ. Էվանսի հետկանչի պատճառը 2005թ. փետրվարին հնչած նրա այն հայտարարությունն է, որով նա, ի տարբերություն նախագահ Ջ. Բուշի, հայերի ցեղասպանության մասին խոսելիս օգտագործել էր «ցեղասպանություն» բառը: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԱՄՆ-ի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ ԱՄՆ-ում լույս տեսնող «California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

– Պարոն Սասունյան, շատերն այն կարծիքին են, թե Ջ. Էվանսին հետ են կանչում հայերի ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն անելու համար, եւ դուք էլ այդ մարդկանց թվին եք պատկանում: Ի՞նչ հիմքեր ունեք այդպես ենթադրելու համար:

– Ոչ մի կասկած չկա, որ դեսպան Էվանսը հեռացվում է, որովհետեւ ինքն անցյալ տարի «հայկական ցեղասպանություն» բառը նշել է: Բոլոր նրանք, ովքեր այս մասին կասկած կհարուցեն, իսկապես հայության շահերին հակառակ են աշխատում: Ինձ համար զարմանալի եւ շատ տխուր է, որ այդպիսի մարդիկ կան, որ միտումնավոր անում են այս բանը, որպեսզի ջլատեն, տկարացնեն մեր ազգային, Հայ դատի պայքարը: Ինչ վերաբերում է նրան, թե որտեղի՞ց գիտենք, որ նա «ցեղասպանություն» բառը նշելու համար է հեռացվում, դա մենք իմանում ենք թե՛ ամերիկյան կառավարությունից, թե՛ Հայաստանի կառավարությունից, իմանում ենք մեր աղբյուրներից, եւ վերջերս էլ Մեթյու Բրայզան մամուլում նշեց, թե Էվանսը կարող է անձնական կարծիք ունենալ, սակայն հանրության առջեւ այն արտահայտելու իրավունք չունի: Հոգլանդն էլ, երբ նրան այս մասին Սենատում հարցրեցին, ասաց, որ դեսպանն անձնական դիրքորոշում ունենալու իրավունք չունի, նա պետք է հայտնի նախագահի դիրքորոշումը: Անցյալ տարի, երբ Էվանսը «ցեղասպանություն» բառն արտասանեց, ԱՄՆ կառավարությունից բարձր մակարդակով իր վրա հսկայական ճնշում եղավ, եւ ինքը ներողություն խնդրեց: Եվ հետո ստիպեցին, որ երկրորդ անգամ ներողություն խնդրի: Երկրորդ ներողությունը խնդրեց, եւ հետո պարզվեց, որ իրեն պետք է հեռացնեն իր պաշտոնից: Թուրքիայի կառավարությունը շատ բարձր մակարդակով միջամտեց, ճնշում բանեցրեց ամերիկյան կառավարության վրա, որ դեսպանին խիստ վերաբերմունք ցույց տա: Եվ նախորդ տարվա հունիս ամսին, երբ իրեն այլախոհության համար պետք է մրցանակ տային, Պետքարտուղարությունը ճնշեց այդ մրցանակը տվողներին, որպեսզի մրցանակը հետ վերցնեն:

– Իր նախընտրական խոստումներում ԱՄՆ գործող նախագահ Ջ. Բուշը խոստացել էր նաեւ ճանաչել հայերի ցեղասպանությունը: Եվ այստեղ Ջ. Բուշի քաղաքականության եւ Էվանսի հայտարարության հակասությունը ո՞րն է:

– Համաձայն եմ, որ Բուշը հայկական ցեղասպանության մասին հայտարարություն կատարեց, երբ ինքը դեռ նախագահության թեկնածու էր: Երբ նախագահ դարձավ, ամեն տարի ապրիլի 24-ին ինքը հայտարարություն է անում, սակայն, առանց «ցեղասպանություն» բառը գործածելու: Բայց այն բառերը, որոնք ինքը գործածում է իր հայտարարության մեջ, որ 1,5 միլիոն անմեղ հայեր թուրքական կառավարության կողմից իրականացված մասսայական սպանությունների զոհ են դարձել, այս բոլոր բառերի իմաստն անշուշտ ցեղասպանությունն է: Բայց շատ համառորեն թուրքական ճնշում կա եւ այլ ներքին ամերիկյան ճնշումներ կան: Նախագահը տեղի է տալիս եւ չի գործածում ցեղասպանություն բառը: Բայց եթե վերցնենք թեկնածու Բուշի հայտարարությունը եւ նախագահ Բուշի հայտարարությունները, որտեղ վերջիններում «ցեղասպանություն» բառը չի նշվում, ապա դրանք իրականում շատ տարբեր չեն: Բացի այդ, կուզեմ նաեւ նշել, որ պաշտոնյաները խուսափում են պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է դեսպան Էվանսը հետ կանչվում: Երբ այս մասին սենատորները նամակ են գրել Հոգլանդին եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, վերջիններս միշտ խուսափողական պատասխաններ են տալիս: Մենք ուզում ենք, որ իրենք պաշտոնական գրության մեջ նշեն հետկանչի պատճառը, որպեսզի այդ ժամանակ արդեն ուրիշ հարթակի վրա իրենց հետ պայքարենք ցեղասպանության ուրացման կամ ոչ ճանաչման մասին:

– Ջոն Էվանսը ցեղասպանության հետ կապված այդ հայտարարությունն արել է 2005թ. փետրվարին: Դուք ինչո՞վ եք բացատրում այն, որ դրանից մեկ տարի հետո միայն Պետդեպարտամենտը որոշեց դրա համար ետ կանչել նրան:

– Էվանսի հեռացումը 100%-ով կապված է ցեղասպանության մասին իր հայտարարության հետ: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ասեմ, որ մեծ կառավարությունների մեջ որեւէ բան այդպես հեշտ չի պատահում, մանավանդ, որ այստեղ հարցը կապված է պարզապես մի բառի, մի հայտարարության հետ: Եթե Էվանսը մարդասպանություն գործեր, ոճիր գործեր, նրան 24 ժամ հետո ոչ միայն կհեռացնեին, այլեւ՝ կբանտարկեին: Բայց այս դեպքում մարդը ոճիր չի գործել: Եվ հավատացեք, եթե նրա հեռացման համար ուրիշ պատճառներ լինեին, ասենք, նա ԱՄՆ-ի օրենքների խախտում արած լիներ կամ ոճիր, նրան նույն օրը կհեռացնեին պաշտոնից եւ նույնիսկ դատարան կտանեին եւ կբանտարկեին, ինչպես արել են ուրիշների դեպքում: Բայց այս հարցում այդ իրավիճակը չէ: Պարզապես ամերիկյան կառավարությունը դժգոհ է, որ Ջ. Էվանսն ասել է «ցեղասպանություն» բառը: Գիտե՞ք, դեսպան հեռացնելն այդպես պարզ բան չէ: Դեսպան հեռացնելը շատ ծանր քայլ է, եւ շատ բացառիկ է, որ ամերիկյան կառավարությունն այսպես մի դեսպան հեռացնի իր պաշտոնից, մանավանդ, որ այդ դեսպանը ոճիր չի գործել, օրենքները չի խախտել: Դիրքորոշման տարբերության պատճառով հեռացնելը մի ժամում, մի օրում չի լինում: Պետք է ամենաբարձր մակարդակով այս ամենը խոսվի, վիճեն եւ այլն:

– Վերջերս, անդրադառնալով Ջ. Էվանսի հետկանչի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը, որով նա նշել էր, թե յուրաքանչյուր դեսպան պետք է հետեւի նախագահի վարած քաղաքականությանը, եւ եթե որեւէ մեկը համաձայն չէ նախագահի քաղաքականության հետ, դա չպետք է հրապարակայնորեն արտահայտի, Դուք Մ. Բրայզային համարել էիք «խակ» դիվանագետ եւ հիմար հայտարարություններ անող: Արդյո՞ք դրանից հետո եւ նաեւ Ջ. Էվանսի հետկանչման հետ կապված ձեր կողմից արվող միջոցառումների պատճառով Ձեր, հայ համայնքի վրա ճնշում չի գործադրվում, եւ արդյո՞ք չեք մեղադրվում այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձի համար:

– Ոչ: Ոչ մի ճնշում չի եղել, եւ չի էլ կարող լինել, որովհետեւ ես ամերիկյան անկախ խմբագիր եմ: Օտար կառավարության մասին խոսք չկա այստեղ: Ես ԱՄՆ-ի քաղաքացին եմ: ԱՄՆ-ի կառավարությունը վճարվում է ԱՄՆ-ի քաղաքացիների տված հարկերից: Եվ ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաներն ամերիկյան ժողովրդի շեֆերը չեն, ընդհակառակը՝ ծառաներն են: Մենք ենք իրենց շեֆերը: Եվ մենք չենք միջամտում օտար երկրի որեւէ հարցի: Մենք որպես ամերիկացիներ` ասում ենք, որ մեր կառավարությունը սխալ դիրքորոշում է բռնում, անիրավորեն մարդուն պաշտոնից հանում է եւ անբարոյական վերաբերմունք է ցույց տալիս ցեղասպանության հարցի վերաբերյալ: Ցեղասպանությունը, ինչպես գիտեք, միջազգային օրենքներով ամենածանր խախտումն է: Եվ մենք այդ հարցով ենք ասում, այլ ոչ թե ասում ենք, թե` քանի որ մենք հայ ենք, այս պետք է անեք կամ այն պետք է անեք: Նախ` մենք ԱՄՆ քաղաքացիներ ենք եւ իրավունք ունենք մեր դիրքորոշումը հայտնել: Սա միայն զուտ հայկական հարց չէ: Սա բարոյական հարց է, մարդկային իրավունքների հարց է եւ բոլոր ազնիվ մարդկանց համար սկզբունքային հարց է: Յուրաքանչյուր ցեղասպանության ժխտումը, որ ազգի նկատմամբ էլ այն իրագործված լինի, շատ վատ ու անընդունելի բան է:

– Դուք կարծիք եք հայտնել, թե միեւնույն է, ձեր ակցիաները ոչինչ չեն փոխելու, եւ Ջոն Էվանսին նորից դեսպանի պաշտոնում չեն հաստատելու: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ձեր դեմ գնալը կոնկրետ Ռ. Հոգլանդի թեկնածությանը: Արդյո՞ք չպետք է դեմ լինեիք ԱՄՆ կառավարության քաղաքականությանը, եւ ոչ թե կոնկրետ անձին:

– Իմ խմբագրականներում ես գրել եմ, որ մինչեւ վերջերս մենք Ռ. Հոգլանդի դեմ ոչ մի բան չունեինք, եւ մեր մտածածը Հոգլանդին պատժելը չէր: Հոգլանդը կապ չուներ Էվանսի հետկանչման հետ: Էվանսին հետ կանչելու որոշումը շատ դժվար է փոխել: Բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը, ամերիկահայերը, բոլորս պետք է լուռ մնանք: Մենք չենք ասում, թե Հոգլանդին մի նշանակեք: Մենք մինչեւ հիմա ասում էինք, որ` խնդրում ենք, Հոգլանդի նշանակման ընթացքում ազնիվ եղեք եւ մեզ անկեղծ բացատրություն տվեք, թե ինչո՞ւ եք Էվանսին հետ կանչում: Եվ Հոգլանդը, ով դեսպան պետք է լինի Հայաստանի մեջ, ո՞նց պետք է ամեն օր ծառայի հայ ժողովրդի մոտ՝ առանց ցեղասպանությունն ընդունելու: Մենք այս հարցերը բարձրացնում ենք ամերիկյան կառավարության մակարդակով: Վերջին օրերին մեր դիրքորոշումը մի քիչ փոխվեց, որովհետեւ Հոգլանդը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունեցավ եւ հայկական ցեղասպանության մասին շատ խուսափողական պատասխաններ տվեց, «ցեղասպանություն» բառը չգործածեց: Բայց երբ իրեն հարցրեցինք, թե ձեզ ձեր շեֆերի կողմից հստակ ասվա՞ծ է, թե «ցեղասպանություն» բառը մի օգտագործիր, ինքն ասաց. «Ոչ: Ոչ մեկն ինձ չի թելադրել, որ «ցեղասպանություն» բառը չգործածեմ»: Եթե ինքն անկեղծ է, եւ իր պատասխանը ճիշտ է, դա նոր հարցեր է առաջացնում: Եթե Հոգլանդին ասված չէ, թե «ցեղասպանություն» բառը մի գործածիր, եւ նա դա ինքնակամ, իր որոշմամբ, իր դատողությամբ է անում, ուրեմն՝ որպես անձ ինքն էլ հանցանք ունի, որովհետեւ ինքն իր շեֆերի թելադրանքը չի անում, այլ ինքը որոշում է, որ «ցեղասպանություն» բառը չպիտի օգտագործի, ուրեմն՝ ինքն էլ հանցանք ունի: Զանազան սենատորներ ասում են, որ Հոգլանդը չպետք է դեսպան նշանակվի, մինչեւ «ցեղասպանություն» բառը չասի: Հայկական հանձնախումբը հայտարարություն է արել՝ ասելով, որ Ռ. Հոգլանդը չպետք է նշանակվի, եթե «ցեղասպանություն» չի ասում: Այսինքն՝ մենք ուզում ենք, որ այս առիթով ԱՄՆ-ի՝ երկար տարիներ «ցեղասպանություն» չասելու դիրքորոշումը ճնշենք եւ որքան հնարավոր է փոխենք: Չգիտեմ` կկարողանա՞նք փոխել, թե՞ ոչ, բայց առնվազն անբարոյական է լուռ մնալը, անբարոյական է չբողոքելը, անբարոյական է չպայքարել, որ փոխենք: Ամեն անգամ, երբ ինչ-որ ազգի պատկանող ինչ-որ պաշտոնյա հայության շահերի դեմ արտահայտություն կանի, մեր ցեղասպանությունը հարցականի տակ կդնի, մենք բոլորս` որպես հայեր, եւ բոլոր ոչ հայ ազնիվ մարդիկ պարտավոր են բարձրացնել իրենց ձայնը եւ հայտարարել, որ այդ բանն ընդունելի չէ, այս բանն անբարոյական է, հայկական ցեղասպանության մասին ոչ մի կասկած չկա, եւ այն պետք է ընդունվի:

– Եվ մի վերջին հարց: Ըստ որոշ լուրերի, Ռ. Հոգլանդը պատրաստվում է Հայաստան գալ իր boyfriend-ի հետ: Դուք ունե՞ք նման տեղեկություններ:

– Ես քաղաքական վերլուծություններով եմ զբաղվում եւ ոչ թե մարդկանց անձնական կյանքով: