Հիշեցնենք, որ 230-ից ավելի քաղաքացիներ աշխատել են հունիսից գործող այս չարաբաստիկ կազմակերպությունում` որպես աշխատանքի ընդունվելու պարտադիր պահանջ ներդնելով 50.000-ական դրամ ավանդ: Հուլիսի 26-ին, Կոմիտաս 51 հասցեում գտնվող տարածքի վարձավճարի մի մասը չտալու պատճառով, տարածքի սեփականատերը դուռը փակել է «Ազգային բյուջեի» աշխատակիցների առջեւ: Իսկ ղեկավարները դեռ նախօրեին աշխատողներին անորոշ ժամանակով տուն էին ուղարկել` ոչ մի կոորդինատ չթողնելով: Արաբկիրի ոստիկանությունում ղեկավարներն աշխատողներին պետք է պատասխանեին, թե ո՞ւր են նրանց 50.000-ական դրամները եւ աշխատավարձերը (այս ամիսների ընթացքում վճարվել է դրանց ընդամենը 10%-ը): Թեեւ խաբված քաղաքացիների թիվն անցնում է 230-ից, այնուամենայնիվ, ոստիկանության մուտքի մոտ կանգնածների հավաստմամբ, նրանց մի մասը դեռ հավատում է այդ կազմակերպության «արդար» նպատակներին: Իսկ մի մասն էլ նախընտրում է չվատնել իր ժամանակն ու նյարդերը եւ չմնալ խաբվածի կարգավիճակում:
Ժամը 11:15-ին «Ազգային բյուջե» կոչեցյալի ղեկավարներից դեռ ոչ ոք չէր ներկայացել ոստիկանություն: Փոխարենը, նրանք զանգահարում էին որոշ աշխատակիցների եւ «հրավիրում» հիմնադրամ` Կոմիտաս 51: Այդ ընթացքում աղմուկ բարձրացավ, որ այդ տարածքի տերը գրասենյակի դռան փականը հայտնաբերել է կոտրված վիճակում, այսինքն՝ կազմակերպության ղեկավարները մտել են հիմնադրամ: Ի դեպ, ղեկավար ասելով, աշխատողները նկատի ունեն «տիկին Վարդուհուն»` հիմնադրամի գործադիր մարմնի տնօրեն Դիանա Մկրտչյանի մորը: Երիտասարդ տնօրենն, աշխատողների հավաստմամբ, տանից ընդհանրապես դուրս չի գալիս: Հիմնադրամի հիմնադիր Հայկանուշ Մյասնիկի Հակոբյանին դեռ ոչ ոք չի տեսել, նա գրասենյակում չի երեւացել. այնպիսի խորհրդավոր տպավորություն է, իբր այս կազմակերպությունը սեփականատեր չունի: Այդ ընթացքում տասնյակ խաբված քաղաքացիներ մտածում են ոչ միայն իրենց փողերն, այլեւ փաստաթղթերը վերադարձնելու մասին:
Մի քանի րոպե հետո, տեսնելով, որ այլեւս իզուր է ղեկավարներին սպասելը, աշխատողները շարժվեցին դեպի Կոմիտաս 51 հասցեում գտնվող աղմկահարույց գրասենյակը: Այնտեղ նրանց ընդունել են տիկին Վարդուհին եւ գրասենյակի տարածքի սեփականատերը: «Տիկին Վարդուհին հուզված էր: Նա մեզ անընդհատ հարցնում էր, թե հավատո՞ւմ ենք արդյոք իրենց: Իսկ մենք բացասական պատասխան էինք տալիս: Նա հավաստիացնում էր, որ իրենք մեզ չեն խաբել»,- պատմում է աշխատակիցներից մեկը: Այդ ամենից հետո տիկին Վարդուհին կրկին ոստիկանություն է գնացել: Աշխատողները տեսել են այնտեղից նրա դուրս գալը, սակայն տիկին Վարդուհին նրանց, բնականաբար, ոչինչ չի ասել: Նույն օրը երեկոյան ոստիկանություն է գնացել նաեւ տնօրենը` Դիանա Մկրտչյանը: Նկատենք, որ «Ազգային բյուջեի» ղեկավարությանը դեռ հավատացող մյուս աշխատակիցները հուլիսի 28-ի առավոտյան ժամը 9:00-ին հրավիրված են եղել մետրոյի «Բարեկամություն» կայարանին հարակից գետնանցումի մոտ` իրենց հետագա ճակատագրին ծանոթանալու: Սակայն նրանց զանգահարել եւ կրկին անորոշ ժամանակով հետաձգել են հանդիպումը: Աշխատակիցներից մեկն իր «հավատը» բացատրում է նրանով, որ վստահում է «Ազգային բյուջեի» մտավորական աշխատակիցներից մեկին, ով հավաստիացրել է, որ ամեն ինչ լավ է լինելու:
Թե որոնք են լինելու այս քաղաքացիների հետագա քայլերն, իրենք էլ հստակ չեն պատկերացնում, սակայն հավաստիացնում են, որ գնալու են մինչեւ վերջ` պարզելու, թե ովքե՞ր եւ ինչո՞ւ են իրենց խաբել: Նրանք շատ բան ակնկալում են նաեւ իրավապահ մարմիններից, հույսը դնելով վերջիններիս հետեւողական աշխատանքի վրա: Աշխատակիցները հույս են հայտնում, որ արդեն մյուս շաբաթ այս կազմակերպության ավանտյուրաների մասին շատ բան կբացահայտվի: