«Լեգիտիմություն ենք պահանջում»

01/08/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Համաձայնելով ՄԱԿ-ի նախնական եզրակացության հետ, որ ավիավթարի պատճառը եղել է մարդկային գործոնն՝ Ա. Մովսեսյանը, սակայն, նշել է, որ «դեռ պետք է պարզվի», թե կոնկրետ որ մակարդակում է եղել աղետին հանգեցրած բուն սխալը: «Ներկայացված պատկերը, գործողությունների հաջորդականությունը, իրադարձության զարգացումը, գծանկարները, ամեն ինչ համապատասխանում է չափանիշներին: Սակայն չի տրվել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է իրավիճակը բնականոնից վերածվել արտակարգի: Արդյո՞ք դա կապված էր օդաչուի առողջության, կամ դիսպետչերի նյարդային վիճակի, կամ օդաչուի կողմնորոշվածության կորստի հետ: Այդ հարցը մնում է բաց»,- ասել է ՔԱԳՎ պետը: «Թռիչքային ենթահանձնաժողովը դեռ չի ստորագրել արձանագրությունը, քանի որ թռիչքի մոդելավորման ընթացքում չի հայտնաբերվել փաստը, որ թռիչքի վերջին 20 վարկյաններին օդանավը եղել է անկառավարելի: ՄԱԿ-ի տվյալներով, եղել է տարածային կողմնորոշման կորուստ, սակայն օդանավը, մասնավորապես մի շարք լուսային ազդանշանների միջոցով օդաչուներին զգուշացնում է եւ օգնում հայտնաբերել արտակարգ իրավիճակը»,- ասել է Ա. Մովսեսյանը: Նա նշել է, որ թռիչքի մոդելավորման ընթացքում չի պարզվել, թե ինչու օդաչուները չեն օգտվել տվյալ տեխնիկական հնարավորությունից: Մովսեսյանի խոսքերով, օդաչուները տվյալ պահին չեն խոսել միմյանց հետ, իսկ մինչ այդ նրանց խոսակցության մեջ դիտողություններ են եղել դիսպետչերի հասցեին: Հայկական կողմը 60 օրվա ընթացքում իր դիտողությունները կներկայացնի ՄԱԿ-ի նախնական եզրակացության մասին: ՔԱԳՎ պետի հավաստմամբ, հայկական կողմը «հետաքննության գործընթացում եղել է լեգիտիմ, պահպանել է հետաքննության սկզբունքները եւ ներկայում էլ լեգիտիմություն է պահանջում»: Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների հաստատակամ պնդումներին, թե «մեղավորն օդանավի անձնակազմն է», Ա. Մովսեսյանն ասել է, որ ՄԱԿ-ի նախագահ Տատյանա Անոդինան էլ հուլիսի 27-ին իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ ՄԱԿ-ը մեղավորներին որոշելու իրավունք չունի եւ այդպիսի բան չի էլ արել: Անդրադառնալով եզրակացության վերաբերյալ «Արմավիայի» անհամաձայնությանը՝ ՔԱԳՎ պետը նշել է, որ ընկերության համար բացառություն է արվել, երբ նրա օդաչուներին թույլատրվել է մասնակցել հետաքննությանը: «Միջազգային պրակտիկայում չկա մի դեպք, երբ վթարի ենթարկված ինքնաթիռի ավիաընկերության օդաչուներին թույլ են տվել մասնակցել հետաքննությանը»,- ասել է Ա. Մովսեսյանը: