ՀԲ կազմած ինտելեկտուալ զարգացման ցուցակում Հայաստանը 58-րդն է: Երկրների ինտելեկտուալ զարգացման ինդեքսը որոշելիս հաշվի են առնված տնտեսական ցուցանիշները, բնակչության գրագիտության մակարդակը, հեռախոսների, համակարգիչների եւ գիտական հրապարակումների թիվը եւ այլն: Հայաստանի միջին ինդեքսը 5,16 է, իսկ աշխարհի միջինը՝ 5,91: Իր ցուցանիշով ՀՀ-ն զիջում է հարեւան Վրաստանին, որը 55-րդ տեղում է, սակայն առաջ է Թուրքիայից եւ Իրանից: Ադրբեջանը ցուցակում ընդգրկված չէ: ԱՊՀ երկրներից առաջատարը Ռուսաստանն է, որ զբաղեցնում է 34-րդ տեղը: Ցուցակը գլխավորում են Սկանդինավյան երկրները՝ Շվեդիան, Դանիան եւ Ֆինլանդիան: ԱՄՆ-ը 8-րդ տեղում է: Զեկույցում բերված են նաեւ Հայաստանի ցուցանիշները՝ գրագիտությունը 99,4%, միջնակարգ կրթություն ունի բնակչության 86%-ը, բարձրագույն կրթություն՝ 28%-ը: Յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է հասնում 257 հեռախոս եւ 65 համակարգիչ: Յուրաքանչյուր 10 հազար հայաստանցիներից ինտերնետից օգտվում է 491-ը: Բացի այդ, պարզվում է, որ Հայաստանի բնակիչներն աշխարհում ամենադժբախտներից են: Այդ են վկայում Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի ուսումնասիրության հրապարակված արդյունքները: «Երջանկության ցուցակում» Հայաստանը 178 երկրների շարքում 172-րդ տեղում է: Երջանկության աստիճանը որոշվել է մի քանի ցուցանիշով՝ առողջություն, հարստություն, կրթության մատչելիություն, ինքնության զգացողություն, բնության գեղեցկություն եւ այլն: Ադրբեջանցիները եւ վրացիները հայաստանցիներից ավելի երջանիկ են զգում իրենց եւ զբաղեցնում են համապատասխանաբար 144-րդ եւ 169-րդ տեղերը: Աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը դանիացիներն են: