«Ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ»

01/08/2006 Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

«Կարո՞ղ է ես փոքրիկ ժամանակ մի սիրուն բալիկ եմ եղել, ցիգանները գողացել- փոխել են ինձ ուրիշի հետ»,- Վարդան Պետրոսյանի՝ «Ի՞նչ անել» նոր ներկայացման մեջ ասում է հոգեկան շեղում ունեցող տղան: Վ. Պետրոսյանը պատահական չէ ընտրել այս կերպարին: Այն խորհրդանշում է մի ժողովուրդ, որը չգիտի իր պատմությունը: Խոսքը հայ ժողովրդի մասին է: «Մարդիկ ասում են, թե չեն ուզում կարդալ հայոց պատմությունը, որովհետեւ չեն ուզում լաց լինել, ողբալ: Բայց չէ՞ որ սա մեր պատմության միայն մակերեսային ըմբռնումն է: Սա մեր պատմության դաժանագույն մասերից մեկն է, այն, ինչ հրամցրել են մեզ եւ համոզել Խորհրդային Միության տարիներին` թե մենք պարտվող ժողովուրդ ենք»: Վարդան Պետրոսյանը խոսում է հուզված` ձեռքերի անհանգիստ շարժումն ու արտահայտ9իչ դիմագծերի խաղը գալիս են հաստատելու այն համոզմունքը, որ «այսօր լավագույն ելքը միասնաբար ելք փնտրելն է`առանց հուսախաբվելու»:

Հենց այս մասին է Վ. Պետրոսյանի նոր բեմադրությունը, որը հայ հանդիսատեսին ներկայացվում է հուլիսի 24-ից եւ տեւելու է մինչեւ օգոստոսի կեսերը: «Անցյալ տարի «Վերելք» ներկայացման մեջ խոսքս կարծես կիսատ մնաց»,- ասում է հեղինակը: Այդ բացը լրացնելու եկավ «Ի՞նչ անել» ներկայացումը: Կրկնություններից խուսափելու համար հեղինակն այս անգամ ընտրել է մենաթատրոնի ձեւը` չկա նվագախումբ, չկա ուղեկցող դերասան: Կա մի դատարկ բեմ, բեմում դրված է մի աթոռ, եւ դերասանը երկու ժամ շարունակ խոսում է հանդիսատեսի հետ: Թեեւ ներկայացման վերնագիրն «Ի՞նչ անել» է, սակայն այն նպատակ չունի կոնկրետ լուծումներ առաջադրել: «Արվեստը մարդուն մարդ է սարքում: Արվեստը պարտավոր է մարդուն մեկ քայլ առաջ դեպի ազնվացում տանել, հոգեկան տեղաշարժեր անել մարդու մեջ: Ես չեմ ուզում ցուցումներ տալ, այլ ցանկանում եմ խորհելու տեղիք տալ՝ ի՞նչ անել, որպեսզի դուրս գանք այս վիճակից»: Ներկայացումն ավարտվում է հետեւյալ խնդրանք-կոչով` ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ: Բնակվելով արտասահմանում, Վարդան Պետրոսյանին առավել հեշտ եւ ճիշտ է տրվում գնահատել տիրող իրավիճակը: «Թեեւ ես դրսում եմ ապրում, բայց զգում եմ հայ մարդու ցավը ներսից»,- ասում է նա: Վ. Պետրոսյանը կոչ է անում դադարել հայ ազգին վատագույն հատկանիշներ վերագրելուց, վատաբանելուց: «Երբ կարդում ես մեր էջերը, թեկուզ ողբերգական, երբ տեսնում ես, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կոնկրետ խնդիր է եղել` վերացնել այս ժողովրդին, եւ, միեւնույն է, չեն կարողացել, չես կարողանում չհիանալ այս ժողովրդով»: Ստեղծված անելանելի վիճակում իրենց մեղքն ունեն նաեւ ծնողները, ովքեր «առավոտից գիշեր երիտասարդի առաջ փնովում են այս երկիրը, ասելով, թե երկիրը երկիր չի, գնացեք, ապրեք»,- նշում է արվեստագետը: Վ. Պետրոսյանն ասում է, որ երիտասարդներին պետք է պատասխանատվության ուժեղ զգացում ներարկել, որպեսզի հասկանան, որ իրենք են այս երկիրը կառուցողը: «Չէ՞ որ մենք ունենք լուսավոր, էներգիայով լի երիտասարդություն»,- ասում է նա: Այսօր Վարդան Պետրոսյանի թատրոնը մեծ հաջողության է հասել եւ ճանաչում ունի ողջ աշխարհում: Սակայն տարիներ առաջ մեծ կասկածանքով էին վերաբերվում նրան, ինչպես եւ այն ամենին, ինչ նոր է եւ անսովոր: «Իմ թատրոնը զարմանալի մի երեւույթ է: Ծաղրով ասեմ` խառը կանաչու մի բուկետ: Այնտեղ կա եւ ռեհան, եւ թարխուն, ամեն ինչ: Եվ ես դրանից չեմ ամաչում: Միքս արվեստը շատ յուրահատուկ դրսեւորումներ ունի: Այստեղ կա եւ թատերական հրապարակախոսություն, եւ հումոր, եւ երգ, եւ պար: Ես դրանից չեմ խորշում, որովհետեւ ինձ համարում եմ ազատ մարդ: Ես բեմ եմ բարձրացել ոչ թատերական ինստիտուտից, ինձ կաղապարներով չեն սեղմել: Թատերական կրթությունը ստացել եմ կյանքով եւ մարդկանցից, որոնց հետ աշխատել եմ տարիներ շարունակ»,- իր երեկվա ասուլիսում ասաց Վ. Պետրոսյանը: