Հայկական կոշիկին սպասում էին միության ամբողջ տարածքում, սակայն արտասահմանյան երկրներ շատ քիչ էր արտահանվում. Հայաստանի կոշիկը մրցունակ էր հիմնականում Խորհրդային Միության տարածքում: Այնուամենայնիվ խորհրդային տարիները, մանավանդ՝ վերջին շրջանը, Հայաստանի կոշիկի արտադրության մեջ համարվում է առաջին եւ ամենամեծ էտապը: Երկրորդ էտապը սկսվեց Գորբաչովյան վերակառուցման տարիներին, երբ ծավալվեց կոոպերատիվ արտադրությունը: Կոշիկի արտադրությունը լայն թափ ստացավ արդեն պետական համակարգից դուրս, բայց պետական համակարգի հնարավորությունների հաշվին: Գործարաններից հանվում էր հումքը, նույնիսկ կարող մեքենաները, եւ հապշտապ ձեւավորված կոոպերատիվ փոքր նկուղ-արտադրամասերում կոշիկ էր կարվում: Արտահանվում էր նորից Ռուսաստան: Երկրորդ էտապում «Կոշիկի գործը» համատարած բնույթ ստացավ. այդ եկամտաբեր բիզնեսով զբաղվում էին նույնիսկ նրանք, ովքեր ընդհանրապես պատկերացում չեն ունեցել այդ ոլորտից: Այդ ժամանակ կոշկակարության մոլուցքը հասավ այն աստիճանի, որ մեր «ձեռներեցները» կոշիկ կարում էին նույնիսկ լինոլեումից, չխնայեցին անգամ ավտոբուսների ու տրոյլեբուսների նստատեղերի պաստառները: Այս էտապում արդեն հայկական կոշիկի համբավը լրիվ ընկավ: Երրորդ էտապը սկսվեց մի քանի տարի առաջ եւ , չնայած շատ դանդաղ, բայց շարունակում է զարգանալ: Ժամանակակից հայկական կոշիկը նույնպես իր նախնիների նման մրցունակ է Ռուսաստանում, սակայն արտահանվում է անհամեմատ քիչ քանակությամբ: Արտադրողները դժգոհում են, որ իրենց ոլորտի նկատմամբ պետական ուշադրություն չկա, մինչդեռ կոշիկի արտադրությունը թեթեւ արդյունաբերության այն ճյուղերից է, որ Հայաստանում կարող է լուրջ զարգացում ունենալ եւ պետությանն օգուտներ բերել. «Տեսեք, որպեսզի մեր կոշիկն արտերկիր հանվի, մասնակցի ցուցահանդեսների, եւ մենք կարողանանք պատվեր ապահովել, պետք է մի մոդելից կարողանանք կարել ամենաքիչը տասը հազար զույգ: Սա հայ արտադրողի համար մեծ թիվ է: Դրա համար լուրջ ներդրումներ են պետք,- բացատրում է կոշիկի «Մասիս» միավորման Քանաքեռի մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Բաբայանը:- Հայաստանն այլեւս Սովետ չէ, որ ռուսական փայտը փոխի իտալական կաշվի հետ եւ էժան հումքով կոշիկ կարի: Բանկերից մենք պետք է 24%-ով վարկ վերցնենք, կարողանանք մեր հարկային ու մաքսային բարդ համակարգերի պահանջները բավարարելով՝ դուրս հանել եւ այնքան շահույթ ապահովել, որ այդ ծախսերն էլ փակենք, մի բան էլ մեզ մնա, ու շարունակենք աշխատել: Էսքան թանկ պայմաններում կոշիկի արտադրություն չի աշխատի»:
Կոշկակար-մասնագետները հավատացնում են, որ ժամանակակից կոշիկը շատ ավելի որակով է, քան նախորդ երկու էտապներում էր: Եթե նախկինում տեսականու լայն ընտրություն չկար, կամ էլ մի տեսակից արտադրվում էր տարիներ շարունակ, եւ որակին էլ առանձնապես ուշադրություն չէին դարձնում, որովհետեւ պահանջարկը մեծ էր, ապա այժմ ամեն սեզոն իր նոր պահանջներն է դնում, եւ հայ կոշկակարները կարողանում են մեր սպառողների պահանջարկը բավարարել: Չնայած, նույն կոշկակարները բացատրում են, որ իրենք կարող են նաեւ գերազանցել հայ սպառողի ճաշակն ու պահանջարկը, բայց այս դեպքում արդեն նույն սպառողի գրպանի պարունակությունը չի բավականացնի:
Արտադրողները դժգոհում են, որ Հայաստանում սպառվող կոշիկի 80%-ը ներմուծվում է, իսկ տեղում արտադրվող կոշիկի հումքն ամբողջությամբ է ներմուծվում, հիմնականում՝ Թուրքիայից, շատ քիչ քանակությամբ՝ Իտալիայից: Հայաստանի կաշվի գործարանները չեն աշխատում: Մաքսային ծառայության տվյալներով՝ 2004թ. 11 ամիսներին ներմուծվել է 168 մլն դրամի կաշի եւ 2 մլրդ 393 մլն դրամի կոշիկ: Կոշիկ ներմուծվում է մեծամասամբ Չինաստանից եւ Սիրիայից, շատ քիչ քանակությամբ՝ նաեւ Իտալիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից: «Ներմուծվող կոշիկն իր որակով հիմնականում զիջում է տեղական արտադրանքին,- ասում է «Հելեն» կոշիկի գործարանի տնօրեն Ստեփան Կադիմյանը,- բայց առավելություն ունի իր ցածր արժեքով, դրա համար էլ շատ է վաճառվում: Դրսից կաշվից կոշիկ քիչ է գալիս, հիմնականում ԼԽ-ից՝ արհեստական կաշվից են կարված: Մեր կարած կոշիկը մաքուր կաշվից է եւ որակով է, դրա համար էլ թանկ է, բայց դիմացկուն է, երկար կարող եք հագնել, թանկից էժան չկա, չէ՞: Անգլիացիներն, օրինակ, ասում են, թե մենք հարուստ չենք, որ երկու զույգ կոշիկ առնենք»:
Հայաստանում կոշիկի «մասնագիտացված» խանութներ կան, որոնք իրենց ապրանքը ներկայացնում են որպես իտալական հայտնի ֆիրմաների արտադրանք, օրինակ՝ «Վալենտինա» խանութը: Բայց «կոշիկի գործից» տեղյակ չար լեզուներն ասում են, թե նույն «Վալենտինան» իր կոշիկները հիմնականում կարում է Հայաստանում. ««Վալենտինո» իտալական կոշիկի հայտնի ֆիրմա կա, մերոնք անվան վերջին ո տառը փոխել են ա-ի եւ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում: Իտալական այդ ֆիրմաների կոշիկները իրականում շատ ավելի թանկ են, քան մեզ մոտ են վաճառվում: Դրանք մասամբ այստեղ են կարվում, մի մասն էլ Մոսկվայից են բերում: Իսկ «Պալերմոյի» կոշիկները իտալական, բայց մի քանի անգամ արդեն զեղչված, այնտեղի համար մոդայից ընկած կոշիկներ են: Նման օրինակներ էլի կան, տեղում կոշիկը կարում են, իտալական ապրանքանիշն էլ կպցնում են: Ճիշտ է, որակով են կարում, բայց ոչ իտալականի չափ»: «Պալերմո» խանութի տնօրեն տիկին Անուշը մեզ բացատրեց, որ իտալական այդ ֆիրմաները հատուկ Հայաստանի համար պատվերով կարում են էժան կոշիկներ՝ մի մոդելից մի քանի զույգ:
Հայաստանում հայտնի են կոշիկի արտադրությամբ զբաղվող մեկ երկու փոքր գործարաններ. «Հելենը», «Արմոսը» եւ այլն, մնացածը՝ անհայտ, երբեմն չգրանցված, ավելի փոքր արտադրամասեր են: Կոշիկի արտադրությամբ կամ «թանկ կոշիկի» գործով զբաղվողները պատահական մարդիկ չեն. նախ՝ նրանք խորհրդային ժամանակների մասնագետներ են, եւ հետո՝ «կապեր» ունեն: «Հելենի» տնօրեն Ստեփան Կադիմյանը միշտ աշխատել է այդ ոլորտում. շարքային աշխատողից մինչեւ տնօրեն: Հիմա, ասում են, «համագործակցում» է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանի հետ: «Պալերմո» եւ «Վալենտինա» խանութների փայատերերից է ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը: Սակայն «կոշիկի գործը» Հայաստանում զերծ մնաց մենաշնորհ վիճակի մեջ ընկնելուց. «Որովհետեւ սա սպեցիֆիկ արտադրություն է, մի քիչ էլ արվեստ է: Հետո՝ կոշիկը «փչացող ապրանք» է, այսինքն՝ դու կարող ես որոշ քանակությամբ արտադրել, մի մասը էդ սեզոնին վաճառեցիր, մյուս մասն էլ կմնա, ստիպված պիտի էժանացնես, երբեմն՝ ինքնարժեքից էլ ցածր,- բացատրում է մասնագետներից մեկը: -Երաշխիք չկա լավ բիզնես ունենալու համար, մեր փողատերերը սիրում են միանգամից փող բերող բիզնես: Համ էլ մերոնք արտադրություն չեն սիրում»:
Կոշիկի արտադրությամբ զբաղվող մասնագետները վկայում են, որ բոլոր դեպքերում հայկական կոշիկը միջին որակի ապրանք է, կարվում է միջին որակի հումքով եւ մրցունակ չէ արտասահմանյան հայտնի ֆիրմաների հետ: «Այս պայմաններում կոշիկի արտադրություն չի զարգանա: Մենք ունենք լավ ու շատ կոշիկ կարելու արտադրական ու մասնագիտական հնարավորություներ,- ասում է Աշոտ Բաբայանը, – բայց այստեղ անհրաժեշտ է պետության միջամտությունը. էժան վարկերով օգնի նախ՝ արտադրությանը, եւ հետո՝ գոնե Մոսկվայում տարածք ունենա մեր կոշիկը, ընդհանրապես մեր ապրանքը, ներկայացնելու եւ վաճառելու: Ինչո՞վ է զբաղված մեր Առեւտրի նախարարությունը էղածը ծախելով: Հայկական կոշիկի արտադրությունը երբեք չի զարգանա: Ես կոշիկ արտադրող եմ եղել, բայց հիմա ներմուծում եմ ու ծախում»: «Տեսեք, մի էսպիսի նրբություն էլ կա. մեր փողատերերը չեն սիրում նաեւ հայկական ապրանք օգտագործել,- դժգոհում է ներկայանալ չցանկացող մասնագետը,- նրանք շատ թանկ գներով իմպռտնի կոշիկ կհագնեն, բայց նույն որակի կամ ավելի լավ հայկականը չեն հագնի, քաղքենիություն է: Ասում են՝ տեղականի համար էսքան փող տանք: Քանի մեզ մոտ էս հոգեբանությունն է, հայ կոշկակարը լավ որակի կոշիկ չի կարի: Թուրքիայից կբերի միջին որակի կաշի ու կկարի վատ կամ միջին որակի կոշիկ, եթե կարողանա մաքսային մարմինների հետ «գործարքի» մեջ մտնել, կարող ա մի քիչ էլ Ռուսաստան արտահանի»: