Սպիդով հիվանդների թիվն աճում է

01/08/2006 Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

Մարդու իմունային անբավարարության վիրուսով(ՄԻԱՎ) վարակակիրների եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (ՁԻԱՀ) հիվանդների թիվն աճում է աղետալի արագությամբ: Եթե աշխարհում առաջին սպիդով (ՁԻԱՀ-ով) հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2002 թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր

42 մլն ՄԻԱՎ վարակակիր, որոնց գերակշիռ մասը` 29 մլն-ը բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում:

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասել է 1,2 մլն-ի: Աշխարհում 2002 թ. ընթացքում մոտ

5 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, որոնցից 250 հազարը` մեր տարածաշրջանում: Դա ավելի քան 8 անգամ գերազանցում է Արեւմտյան Եվրոպայում եւ 6 անգամ Հյուսիսային Ամերիկայում գրանցված նոր դեպքերի թվին: Մեր տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում:

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ-ի) կանխարգելման հանրապետական կենտրոնը` հասարակության տարբեր շերտերի համար, մասնավորապես` մարմնավաճառների եւ թմրամոլների, ինչպես նաեւ` երիտասարդության շրջանում պարբերաբար միջոցառումներ է անցկացնում` ուղղված մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ-ի) կանխարգելմանը, անվտանգ վարքագծի ձեւավորմանը, ինչպես նաեւ` ՄԻԱՎ-ի հիմնահարցերի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ տարօրինակ հնչողությամբ հիվանդության մասին կատակներ եղան նախքան սեմինարի սկիզբը: Բայց որքան ավելի շատ էին այդ հիվանդության մասին տեղեկանում սեմինարի մասնակիցները, այնքան ավելի լուրջ էր դառնում նրանց կեցվածքը: Սեմինարի մասնակիցների հարցերին պատասխանում էր բժիշկ Ռաֆայել Օհանյանը, ով մոտ երեք ժամ շարունակ պատմում է հիվանդության մասին. «Բանն այն է, որ վարակակիրը կարող է պարզապես չիմանալ իր հիվանդության մասին եւ սեռական ճանապարհով վարակել իր զուգընկերոջը: Նման դեպքում պետք չէ հույսը դնել վստահության վրա: Վիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը պահպանակ օգտագործելն է»,- ասում է բժիշկ Ռաֆայել Օհանյանը:

ՄԻԱՎ վարակը ցմահ վարակ է

Այն պատկանում է դանդաղ վարակների խմբին, որին բնորոշ է երկարատեւ գաղտնի շրջանը: «Այն կարող է տեւել 7-10 տարի: Այս շրջանում մարդիկ գործունակ են, եւ, չկան վառ արտահայտված ախտանշաններ»,- ասում է բժիշկ Ռաֆայել Օհանյանը:

ՄԻԱՎ-ն ավարտվում է բուռն կլինիկական դրսեւորմամբ եւ արագ զարգացող մահացու ելքով: Խոսքը վերջին՝ ՁԻԱՀ-ի փուլի մասին է: «Այս փուլում խիստ ախտահարված է իմունային համակարգը, ցանկացած ինֆեկցիա առաջացնում է հիվանդություն, որը բուժման ենթակա չէ: Այս դեպքում իմունային համակարգ չկա եւ չկան դեղամիջոցներ, որոնցով հնարավոր է հասնել արմատական բուժման»,- ասում է բժիշկը: Օրինակ, պլեւմոցիստային թոքաբորբը, որի հարուցիչն ապրում է մարդկանց 80 տոկոսի մոտ եւ ոչ մի ձեւով վնաս չի տալիս: Իսկ իմունային համակարգի թուլացման դեպքում այն գլուխ է բարձրացնում եւ դառնում մահաբեր: Նույնն էլ տուբերկուլյոզի հարուցիչին է վերաբերում:

Բուժում նշանակվում է միայն ՁԻԱՀ-ի փուլում: Դեղորայքները թերեւս երկարացնում են հիվանդի կյանքը մի քանի տարով, բայցեւ փոխում են նրա առօրյան: «Նրանք պետք է պարտաճանաչ կերպով ընդունեն դրանք: Ասենք՝ օրը երեք անգամ, պարտադիր նույն ժամին: 10 րոպե ուշացման դեպքում վիրուսը հասցնում է հարմարվել այդ դեղամիջոցին, եւ այն կորցնում է իր ուժը»:

Այստեղ բացառություն է կազմում «Արմենիկումը», որը հիվանդն ընդունում է մի քանի ամիսը մեկ: Բայց ինչպես պրն Օհանյանը նշեց, «Արմենիկումը» «դեռ փորձարկման մեջ է»: Վարակակրի կյանքի տեւողության վրա մեծ ազդեցություն ունի նրա ապրելակերպը: Թմրամոլների մոտ ՁԻԱՀ-ի փուլը վրա է հասնում մոտ երկու տարի հետո: Հիվանդը պետք է խուսափի սթրեսներից, ծանր աշխատանքից, ալկոհոլից:

Վարակի աղբյուրից առողջ մարդուն վիրուսը կարող է փոխանցվել երեք ճանապարհով` սեռական, պարենտերալ (վարակված արյան փոխներարկման), եւ ՄԻԱՎ վարակակիր մորից` երեխային:

ՄԻԱՎ-ի ծագման վերաբերյալ կան մի շարք վարկածներ: Ենթադրվում է, որ վիրուսը ստեղծվել է Պենտագոնի գաղտնի ռազմական լաբորատորիաներից մեկում, գենային ինժեներիայի մեթոդների օգնությամբ եւ փորձարկվել է մահապատժի կամ ցմահ բանտարկության դատապարտված կալանավորների շրջանում` փորձարկումների ավարտից հետո նրանց ազատելու պայմանով: Ազատություն ստացած կալանավորների միջոցով էլ ՄԻԱՎ-ը տարածվել է ԱՄՆ բնակչության շրջանում:

Համաձայն մեկ այլ վարկածի, ՄԻԱՎ-ն առաջացել է կապիկների նմանատիպ վիրուսի մուտացիայի հետեւանքով: Ենթադրվում է, որ ՄԻԱՎ-ի «հայրենիքը» Հասարակածային Աֆրիկայի այն տարածքներն են, որտեղ բնակվում են կանաչ կապիկներն ու շիմպանզեները: Սրանց մոտ հաստատված է կառուցվածքով ՄԻԱՎ-ին բավական մոտ վիրուսի` կապիկների իմունային անբավարարության վիրուսի առկայությունը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծվել է «Ռեսուրս» կենտրոնը, որն իր նորաբաց www. armaids. am ինտերնետային էջում պարբերաբար տեղեկություններ է տրամադրում կանխարգելման հանրապետական կենտրոնի գործունեության, ՀՀ-ում համաճարակաբանական իրավիճակի եւ վիճակագրական տվյալների վերաբերյալ:

Հայաստանում ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվությունը, հետազոտությունն ու բուժումն անվճար են: Այնպես որ, նրանք, ովքեր ավելին են ուզում իմանալ, կամ ցանկություն ունեն մասնակցել նման մի սեմինարի, ապա, ինչպես բժիշկ Օհանյանն ասաց՝ «Թակեք դուռը, եւ անպայման կբացեն»: