Երբ քաղաքական կուսակցությունների ղեկավարները կամ խոշոր գործարարները հայտարարում են, թե իրենք «այսքան հազար մարդ ունեն», դրանով իսկ նրանք ակամա արտահայտում են իրենց իրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Այսինքն` ապացուցում են, որ իրենց համար ժողովուրդն ընդամենը «գլխաքանակ» է: Բայց շատ ավելի ցավալի է, երբ նույն կերպ են մտածում նաեւ մտավորականները: Ասենք` որեւէ հանրահայտ արվեստագետ, դերասան, նկարիչ կամ պարուսույց ընդգրկվում է որեւէ կուսակցության կազմում եւ հայտարարում` «թիկունքիս հազար մարդ ունեմ, երեք հազար մարդ ունեմ» եւ այլն:
Խնդիրը տվյալ արվեստագետի, դերասանի, նկարչի կամ պարուսույցի արժանիքները կամ պետությանն ու հասարակությանը մատուցած ծառայությունները վիճարկելը չէ, երեւույթն է ցավալի: Ստացվում է, որ մեր մտավորականներն այնքան վատ կարծիքի են մեր հասարակության մասին, որ վստահ են` նրանք ընտրություններում հաշվի են առնելու ոչ թե տվյալ կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագիրը, այլ իրենց անձնական «սիմպատիաները»: Բարեբախտաբար, իրականում այդպես չէ: Եթե այդպես լիներ, ընտրություններում միշտ կհաղթեր այն կուսակցությունը, որի կազմում կլիներ «Միսս Հայաստանը»:
Համենայն դեպս` տղամարդ-ընտրողների շրջանում: