ԱՄՆ կոնգրեսականները դեմ են Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը: Նրանք երեկ քվեարկել են մի որոշման օգտին, որը «Էքսպորտ-իմպորտ» պետական դրամատանը թույլ չի տալիս գումարներ հատկացնել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման համար: «Մեր այս դիրքորոշումը կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունությանը, այստեղ երկարատեւ հակամարտություններն ավարտելու ջանքերին, ինչպես նաեւ կազատի ամերիկացի հարկատուներին ամերիկյան շահերին դեմ գնացող ծրագրերը ֆինանսավորելու պատասխանատվությունից»,- հայտարարել է կոնգրեսական Ջոզեֆ Քրաուլին: Վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն ասել էր, թե «800 միլիոն դոլար արժողությամբ այս երկաթուղին չի բխում տարածաշրջանային ինտեգրացիայի շահերից»: Իսկ Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էնն Դերսը նշել էր. «Հայաստանը շրջանցելու պատճառով մենք չունենք այդ կառույցին ֆինանսապես աջակցելու հնարավորություն»: