ՀԺԿ-ի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է լքել «Արդարությունը»: Պատճառն այն է, որ Վ. Դալլաքյանը վերջնականապես կողմնորոշվել է, որ ինքը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ավելին, նախօրեին էլ «Ազատություն» ռադիոկայանը փոխանցել էր, որ ԲՀԿ-ում այլեւս կայացած են համարում Գագիկ Ծառուկյան-Վիկտոր Դալլաքյան դաշինքը: Ինչից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Վ. Դալլաքյանին է զանգահարել «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու պահանջել վերջնականապես մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Վ. Դալլաքյանը խոստացել է Դեմիրճյանին հանդիպել այսօր: Մեր աղբյուրները պնդում են, որ Դալլաքյանը պատրաստվում է դաշինքից դուրս գալու իր դիմումը ներկայացնել այսօր: Համենայն դեպս, Վ. Դալլաքյանն արդեն պատրաստել է իր դիմումն ու առայժմ այն խնամքով պահում է իր դարակում: Երբ այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ստեփան Դեմիրճյանին, նա խնդրեց «Դալլաքյանի հետ հարցերն իրենից ճշտել»: Իսկ Վիկտոր Դալլաքյանն էլ, ըստ էության, ոչ հերքեց, եւ ոչ էլ հաստատեց մեր լուրերը` բոլոր հարցերին միայն մեկ պատասխան տալով. «Ես արձակուրդի մեջ եմ»: