ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ բախում են հրահրում

28/07/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծես թե հերթական անգամ հայտնվել է ներքաղաքական սկանդալի կիզակետում: Իսկ այս անգամ պատճառը պարոն Աշոտյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ օրերս արտահայտած մտքերն էին:

Մասնավորապես, ՀՀԿ համագումարից առաջ պրն Ա. Աշոտյանը «Բարգավաճ Հայաստանի» գործունեությունը համեմատեց այն ֆիրմաների գործունեության հետ, որոնք քաղաքում պաստառներ են փակցնում իրենց ներկայության մասին` «Շուտով» կարգախոսով: «Չկա քաղաքական այցեքարտը, բացի պարոն Ծառուկյանից չկան քաղաքական կերպարները: Թիմը դեռեւս ներկայանալի չէ: Այսինքն՝ իրականացվում է այդ «շուտովի» քաղաքական PR-ը, որ` շուտով սպասեք «Բարգավաճ Հայաստան», շուտով կլինի «Բարգավաճ Հայաստանի» բացումը…»,- հայտարարել էր ՀՀԿ-ական պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստանում» Ա. Աշոտյանի այս խոսքերն ընկալել են որպես վիրավորանք: Ու ի պատասխան այդ ամենի, Հանրապետական կուսակցության համագումարից հետո ԲՀԿ-ն էլ մի հավաք էր կազմակերպել Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ Գ. Ծառուկյանը, ի պատասխան իրենց հասցեին հնչած հայտարարությունների, հայտարարել է, թե քաղաքականությունը դիվանագիտություն է, իրենք հիմա համբերում են, էլի են համբերելու: Սակայն ըստ Գ. Ծառուկյանի, կգա ժամանակը, ու իրենք բոլորի պատասխանը կտան: Ավելին, շատերի կարծիքով, Գ. Ծառուկյանի կողմից ՀՀԿ համագումարի հրավերքը չընդունելն էլ նեղացածության արդյունք էր:

Արմեն Աշոտյանի խոսքերով, ինքն ամենեւին էլ նպատակ չի ունեցել վիրավորելու որեւէ մեկին, ուղղակի իր խոսքերը միանշանակ չեն ընկալել: Եվ դա Ա. Աշոտյանը համարում է բնական, քանի որ «յուրաքանչյուր կարծիք սուբյեկտիվ է»: Ինչ վերաբերում է ասուլիսի ժամանակ հայտնած կարծիքին, ապա, Աշոտյանի խոսքերով, դրանցում նեգատիվ պիտակ չկա: «Քաղաքական սկանդալներ իմ կարիերայի ընթացքում եղել են, բայց վաղուց ես հրաժարվել եմ նման գործելաոճից, իսկ քաղաքական հասունությունս ներում է այլեւս չենթարկվել սադրանքներին եւ ամեն ինչին մոտենալ սառնասրտորեն: Թեեւ, եղած սկանդալներն էլ նախօրոք պլանավորված չեն եղել, այլ թեժ բանավեճի արդյունքում այդպիսի տպավորություն է ստեղծվել: Այս վերջին դեպքը չեմ համարի քաղաքական սկանդալ, քանի որ առհասարակ սկանդալի տեղ էլ չկա»,- ասում է Արմեն Աշոտյանը: Նա «քաղաքական բրենդի» հետ համեմատեց նաեւ իրենց կուսակցությանը: «Ցանկացած կուսակցություն ինքն իրենով բրենդ է: Բրենդ կոչվածը ժամանակակից աշխարհում տարաբնույթ ոլորտներում հաջող գործելու գրավականներից մեկն է: Անգամ պետությունները հաճախ ենթարկվում են բրենդային օրինաչափությունների: Եվ քաղաքական մարքետինգի քայլերի դրսեւորումներից մեկն էլ կարող եմ բացատրել Հանրապետականի հետ կապված, երբ քաղաքական շուկայում տեղի ունեցավ երկու խոշոր քաղաքական կորպորացիաների միավորում, որը հավակնում է առաջիկայում եթե ոչ գերիշխող, ապա ղեկավարող դերի: Սա տեղի ունեցավ այնպես, ինչպես օրինակ «Սոնի» եւ «Էրիքսոն» ընկերությունները միացան` ստեղծելով «Սոնի-Էրիքսոն» բրենդը, որը մեծ տարածում ունի այսօր»,- իրենց կուսակցության եւ «Սոնի-Էրիքսոն» ֆիրմայի միջեւ այսպիսի համեմատական եզրեր անցկացրեց նա: Պատգամավորը ստեղծված աղմուկը համարում է արհեստածին, քանի որ «որոշ լրատվամիջոցներ իմ խոսքը մեջբերել են աղավաղումներով»: «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի միջեւ գոնե այս պահին լուրջ տարաձայնություն չկա: Եվ բախումների տեղ չի էլ լինի ապագայում: Ես այստեղ ավելի շատ տեսնում եմ այն մարդկանց մատը, ովքեր ուզում են քաղաքական ջուրը պղտորել եւ այնտեղ որսալ անձնական դիվիդենտներ: Ակնհայտ է, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնի մինչնախընտրական ժամանակահատվածը, հստակեցնի իր խնդիրները, ապա կարող է քաղաքական դաշտում հավակնել բավական լուրջ դերակատարության: ՀՀԿ-ի գերհզորացված պարագայում ունենալ եւս մեկ ուժեղ կուսակցություն, նշանակում է` երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ այլ մրցակիցներին շատ քիչ տեղ թողնել քաղաքական շուկայից ձայն ստանալու համար: Ուստի բնական է, որ այս երկու կուսակցությունների մեջ բախում են հրահրում, քանի որ դրա արդյունքում երկուսն էլ կթուլանան, մնացածը` կշահեն»,- հայտարարեց նա: Սակայն Ա. Աշոտյանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե ովքեր են այդ մրցակիցները, ասելով՝ «Մնացած գրեթե բոլոր ուժերը, որոնք այս կամ այն կերպ կարող են «բզբզելով» ազդել այս կուսակցությունների վրա»:

Սակայն նկատենք, որ «Բարգավաճ Հայաստանի» մասին նմանատիպ կարծիք էին հայտնել նաեւ ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն «Բարգավաճ Հայաստանը» պատասխանեց միայն Արմեն Աշոտյանի հայտարարություններին: «Ինչո՞ւ»,- հետաքրքրվեցինք նրանից: Ըստ նրա, միակ պատճառն այն է, որ միայն ասուլիսի ժամանակ իր հնչեցրած խոսքերն էին աղավաղել: Հետեւաբար, իր խոսքերից է սխալ տպավորություն ստեղծվել:

Թեեւ, շատերի համար է ակնհայտ, որ այս պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում պատասխանում էր ոչ թե Աշոտյանին, այլ հենց Ս. Սարգսյանին ու Ա. Մարգարյանին: Ուղղակի պատասխանելու համար առավել հարմար թիրախ էին ընտրել Ա. Աշոտյանի խոսքերը:

Ի դեպ, մեր աղբյուրների պնդմամբ, առաջիկա ընտրություններից հետո «Օրինաց երկիր», «Դաշինք» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները փորձելու են իրար հետ բավական ակտիվ համագործակցել: Իհարկե, նրանք առայժմ հերքում են այդ փաստը: «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, թե նման բան չկա: Սակայն չբացառեց այդ կուսակցությունների հետ հնարավոր համագործակցությունը: «Առայժմ պլանավորելը դժվար է»,- ասաց նա: Ու քանի որ այդ ալյանսը հիմնականում ուղղված է լինելու ՀՀԿ-ի դեմ, այդ առնչությամբ հարցրեցինք նաեւ Ա. Աշոտյանի կարծիքը: «Ես չեմ պատկերացնում, ինչը կարող է այդ երեք կուսակցություններին միավորել, քանի որ սկզբունքորեն տարբեր քաղաքական վարքագիծ որդեգրած ուժեր են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ընդդեմ ՀՀԿ-ի միավորում ստեղծելուն, ապա «Ինձ համար ակնհայտ է, որ ցանկացած դաշինք, եթե ստեղծվել է ընդդեմ ինչ-որ բանի, ապա վտանգ է պարունակում: Ինչ-որ բանի ընդդեմ ստեղծված քաղաքական ուժն իր մեջ եղած նեգատիվիզմի ու չարության պատճառով երկրի համար կարող է պատուհաս դառնալ, նայեք ՈՒկրաինայի կամ Վրաստանի օրինակները»,- ասաց Աշոտյանը: