Շուտով «CNN» հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի Հայաստանի գովազդային տեսահոլովակը, որտեղ կներկայացվի մասնավորապես Ծաղկաձորը: Այս մասին երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իսկ սա նշանակում է, որ ըստ մեր գերատեսչությունների, Հայաստանը շարունակում է «ծաղկել»:
Ներկայացնելով այս տարվա հունվար-հունիս ամիսների հիմնական տնտեսական ցուցանիշները` նախարարը նշեց, որ արդյունաբերության ծավալների ոչ զգալի անկումը պայմանավորված է հիմնականում ադամանդի արտադրության ծավալների կրճատմամբ: Ընդ որում, համաշխարհային տնտեսությունում, չնայած ֆիզիկական ծավալների պահպանմանը, ադամանդի իրացման ծավալները գումարային արտահայտությամբ նվազել են` կապված ինչպես ԱՄՆ դոլարի արժեզրկման, այնպես էլ միջազգային շուկայում այդ ապրանքների նկատմամբ պահանջարկի նվազման եւ համապատասխանաբար` վաճառքի ծավալների զգալի կրճատման հետ: Ինչ վերաբերում է միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության վրա դրամի արժեւորման բացասական ազդեցությանն, ապա, ըստ նախարարի, այն կարճաժամկետ բնույթ է կրում. երկարաժամկետ հատվածում տեղական արտադրանքն այդ արժեւորումից շահում է:
Խոսելով ՀՀ-ում տուրիզմի հաջողությունների մասին` Կ. Ճշմարիտյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ չենք կարող Բաթումիի հետ մրցել: «Վատ բան չեմ տեսնում, սովորական պրոցես է, դրանում ոչ մի բացթողում չկա»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ այս դեպքում «Սեւ ծով գնալու նոստալգիան իր ազդեցությունն ունի»:
Մեր տնտեսության թերություններից Կ. Ճշմարիտյանը նշեց մասնավոր հատվածի կառավարման համակարգի ներկայիս վիճակը: Նա հույս հայտնեց, որ մի օր սեփականատերերը կհասկանան, որ իրենց ընկերության տնօրեն պետք է նշանակեն ոչ թե իրենց բարեկամին, այլ` բարձրորակ մասնագետի: Ինչ վերաբերում է բնակչության զբաղվածության մակարդակին, ապա նախարարը հետաքրքիր փաստեր է արձանագրում: Նրա խոսքերով, շատ ընկերություններ տարբեր մասնագետներ են փնտրում, որոնց պակասը զգալի է Հայաստանում: Այս առումով նա «մեղադրեց» արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ալարկոտ են դարձնում իրենց հայաստանցի հարազատներին: Բանն այն է, որ եթե վերջիններս, ըստ Կ. Ճշմարիտյանի, «տանը պառկած» դրսից գումար չստանային, ապա շահագրգռված կլինեին աշխատանք փնտրել:
Այն հարցին, թե Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը կո՞ղմ է արդյոք Հայաստանն ազատ տնտեսական գոտի դարձնելուն` Կ. Ճշմարիտյանը պատասխանեց. «Եթե որեւէ գաղափարում «ազատական» բառը կա, այս նախարարությունը դեմ լինել չի կարող` անկախ նրանից` ե՞ս կլինեմ նրա ղեկավարը, թե՞ ոչ»: Հուսով ենք, նախարարության նման «գաղափարները» միայն տնտեսական բնույթ են կրում: