ԱՄՆ Արդարադատության նախարարությունը երեկ ուշագրավ տեղեկություններ է հրապարակել` կապված ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի հետ: Մասնավորապես, հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ Թուրքիայի ներկայացուցչի բանակցությունների սղագրությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին վաղաժամ ետ կանչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Պետդեպարտամենտը թուրքական կառավարության հետ միասին մոլորության մեջ է գցել արտերկրի գործերով Սենատի հանձնաժողովին: «Ամեն մի նոր գրառման հետ պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն այս հարցում աջակցում է Թուրքիային: Վերջին տվյալները լրացուցիչ պատճառ հանդիսացան Հայաստանում նոր դեսպանի թեկնածությունը չհաստատելու համար»,- ասել է ԱՀԴՀ ղեկավար Քեն Խաչիկյանը: «Հունիսի 23-ին Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վերաբերյալ հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ դեսպան Ջոն Էվանսը Երեւանում էր: Սենատոր Բայդենը գրավոր հարցով դիմեց պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին. «Պետդեպարտամենտն ունեցե՞լ է որեւէ կապ՝ գրավոր, էլեկտրոնային կամ բանավոր, Թուրքիայի կառավարության հետ՝ կապված դեսպան Էվանսի հետ»: Իրավական հարցերով Պետդեպարտամենտի օգնական Ջեֆրի Բերգները պատասխանեց, թե հայտարարություններն ԱՄՆ-ի վրա թուրքական կառավարության ճնշումների մասին Էվանսի հարցում ճիշտ չեն` «Թուրքիան եւ ԱՄՆ-ը այդ հարցի վերաբերյալ դիվանագիտական փաստաթղթեր չեն փոխանակել»,- հաղորդում է ԱՀԴՀ-ն: Այնուհետեւ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 2005 թվականի փետրվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում Էվանսի ելույթի ժամանակ, երբ նա խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, թուրք գործակալը կապվել է Պետդեպարտամենտի հետ: 2005թ. փետրվարի 28-ին, առաջին զանգից մեկ շաբաթ անց, դեսպան Էվանսը հայտարարեց, թե դա իր կարծիքն էր, արտահայտված մասնավոր զրույցում: Ավելի ուշ, ըստ PanArmeinan.net-ի, Լիվինգսթոնի խումբն ԱՄՆ Կոնգրեսում, որն աջակցում է Թուրքիային եւ Ադրբեջանին, հայտարարեց երեք հեռախոսազանգերի մասին թուրք գործակալներից մեկի եւ Անկարայում դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչներից մեկի հետ: 2005 թվականի մարտի 1-ին Էվանսը հրապարակայնորեն հայտարարեց իր արտահայտությունը վերափոխելու մասին: