Հուլիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան»-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ, այսպես ասած, բացահայտվեցին մի քանի կոնկրետ ԲՀԿ-ականներ, որոնց թվում էին Բժշկական համալսարանի խորհրդի անդամ Վիլեն Հակոբյանը եւ Երեւանի գեղարվեստական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։ Վերջինս իր ելույթում հայտարարեց, թե` «իր ետեւում 1000-ավոր մարդ կա», որոնք իր հետեւից գնալու են ԲՀԿ։ Քանի որ այս երկու բավական հեղինակավոր մարդիկ ներկայացնում են կոնկրետ բուհեր, որտեղ «հազարավոր» ուսանողներ են սովորում, Կրթության եւ գիտության նախարարի մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեցինք` արդյոք իրենց չի՞ մտահոգում այդ հայտարարությունը։ «Արամ Իսաբեկյանն ու Վիլեն Հակոբյանն իրավունք ունեն մասնավոր հայտարարություն անել, եւ` ասելով, թե «հազարավոր մարդիկ կանգնած են մեր ետեւում» դեռ չի նշանակում, որ նրանք խոսել են որպես ռեկտոր կամ խորհրդի անդամ։ Նախ պետք է ճշտել, թե իրենք ինչ նկատի ունեին «հազարավոր մարդիկ» ասելով, հետո նոր փորձեք պարզաբանումներ լսել նախարարից կամ փոխնախարարից։ Իսկ որպես մամուլի քարտուղար կարող եմ ասել, որ լինելով բավական հայտնի եւ հեղինակավոր մարդիկ, ինչպես եւ դուք նշեցիք՝ դժվար թե նրանք այդպիսի հայտարարություն անեին։ Հազարավոր մարդիկ ասելով, թերեւս նրանք նկատի են ունեցել իրենց հարազատներին եւ ընկերներին»,- ասաց ԿԳՆ մամլո խոսնակը։