Խաբել են 230-ից ավելի քաղաքացիների

28/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«168 Ժամ»-ի հունիսի 6-7-ի թիվ 61 համարի «Պահանջվում են միամիտ աղջիկներ» հրապարակման մեջ նկարագրել էինք, թե մի «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության հիմնադրամ» ինչպես է աշխատանքի ընդունում իգական սեռի ներկայացուցիչներին` նրանցից պահանջելով ներդնել 50.000 դրամի ավանդ` այն ետ վերադարձնելու պայմանով:

Հրապարակումից 10 օր անց «Ազգային բյուջե» Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամը գրություն ուղարկեց խմբագրություն` իրենց «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորելու համար նյութական փոխհատուցում պահանջելով: Հունիսի 26-ին եւս մեկ գրություն ստացանք, որտեղ մեզ սպառնում էին «վաղնեւեթ» դատի տալ: Չնայած այն բանին, որ նրանք իսկապես դիմել են դատարան, «168 Ժամ»-ը դատարանից որեւէ ծանուցագիր մինչ օրս չի ստացել: Մինչ սպասում էինք դատական նիստին ներկայանալ, «Ազգային բյուջե Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամ» կոչվածում իրադարձություններն ավելի հետաքրքիր ձեւով սկսեցին զարգանալ:

Հուլիսի 24-ին Կոմիտաս 51 հասցեում գտնվող ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հուլիսի 25-ն աշխատանքային օր չէ, եւ, որ օգոստոսի 1-ից իրենք նոր շենք են տեղափոխվելու: Վերջինիս հասցեի մասին աշխատողներին չեն տեղեկացրել, հանձնարարել են հուլիսի 26-ին ներկայանալ աշխատանքի՝ խոստանալով աշխատավարձեր բաժանել եւ ասել նոր աշխատավայրի հասցեն: Բանն այն է, որ այդ հիմնադրամ կոչվածը Կոմիտաս 51 հասցեում գտնվող տարածքը վարձակալում էր: Բայց քանի որ չի վճարել հունիսի վարձավճարի մի մասը եւ հուլիսի վարձը, սեփականատերը երեկ նրանց հանել է գրասենյակից: Նույն օրը հիմնադրամի մոտ 230 աշխատակիցները գործադիր տնօրենի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի հրավերով ժամը 21:00-ին ներկայացել են գրասենյակ, հավաքվել են բակում: Նրանց խումբ-խումբ ներս են կանչել, ապա տուն ուղարկել` խոստանալով հետո զանգահարել: Սակայն չեն նշել` երբ են զանգահարելու, իսկ իրենք էլ աշխատողներին ոչ մի կոորդինատ չեն թողել: Այժմ աշխատողները մտահոգված են, թե ինչպես են ետ ստանալու իրենց 50.000-ական դրամները եւ մի քանի ամիսների աշխատավարձերը (դրանց մոտ 90%-ը վճարված չէ): Պայմանագրերում նշված է, որ ավանդները կարող են ետ ստանալ «Հայխնայբանկից», սակայն աշխատակիցների հավաստմամբ, բանկային հաշվեհամար իրականում գոյություն չունի: Ի դեպ, խոստացված աշխատավարձերն ամենեւին էլ ցածր չեն` 68.000 դրամից բարձր են: Բոլոր աշխատողները, նույնիսկ հավաքարարներն ավանդատուներ են եղել, աշխատանքային պայմանագրերը կնքվել են ավանդային պայմանագրերի հիման վրա: Այսինքն՝ աշխատանքի են ընդունվել նախապես 50.000 դրամ վճարելով (իբրեւ ավանդ):

Հետաքրքիր է, որ այդ խորհրդավոր կազմակերպության հարյուրավոր աշխատողները մի քանի ամիսների ընթացքում, ըստ էության, ոչնչով չեն զբաղվել աշխատավայրում: Իսկ որոշ բաժիններ պարապուրդի են մատնված եղել: Աշխատակիցների հավաստմամբ, 2 աշխատողին բաժին է ընկել 1 աթոռ: Հիմնական աշխատանքը եղել է մարդկանց բացատրելը, թե ինչ է իրենից ներկայացնում «Ազգային բյուջե» Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամը: Իսկ տնօրինությունը հրահանգել է իրենց գրասենյակի դուռը թակողներին իրենց կազմակերպությունը ներկայացնել հետեւյալ կերպ. «Մենք ունենալու ենք մանկապարտեզ, արդեն ունենք ակադեմիա, կաճառ: Այդ 50.000 դրամի հաշվին բոլորդ ունենալու եք ընտանեկան բժիշկ, իրավաբան, հոգեբան, օգտվելու եք գեղեցկության եւ մարզական սրահներից: 50.000-ի դիմաց տարեկան 10% եք ստանում, իսկ ձեր ավանդը կարող եք ետ վերցնել 30 աշխատանքային օրվա ընթացքում…»: Այդ ավանտյուրայի զոհ են դարձել 230 քաղաքացի, որոնք բոլորն էլ վճարել են 50.000-ական դրամներ: Աշխատանքի հայտարարություններին, որոնք հեռարձակվում են հիմնականում հեռուստատեսությունների «վազող տողերով» եւ որոնցում կազմակերպության անունը չի նշվում, արձագանքել են տարբեր բարձրորակ մասնագետներ, հաճախ` դասախոսներ, ուսուցիչներ, իրավաբաններ եւ այլն: Պարզվում է, որ այդ «Ազգային բյուջեն» իր կանոնադրության մեջ նշել է, թե նպատակ ունի հիմնել «ազնվականության դպրոց», գունավոր եւ թանկարժեք քարերի մշակման ընկերություն, աշխատանքի տեղավորման գործակալություն, տպարան, ռադիո, հեռուստատեսություն, թերթ եւ մի շարք այլ «մասնաճյուղեր» (տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում): Հիմնադրամի լոգոն եւս խորհրդավոր է` շրջանագծի վրա` 21 աստղեր, մեջտեղը` եռանկյունու ձեւով դասավորված 3 բանալիներ, դրանց մեջ` 1 հնգաթեւ աստղ: Աշխատողները կասկածում են, որ դա սիոնիստական խորհրդանիշ է, թեեւ հիմնադրամի ղեկավարներն այդ մասին նրանց բացատրություն չեն տվել: Աշխատակիցները հավաստիացնում են նաեւ, որ հիմնադրամը միջազգային հանրությանը ներկայացնում է տեսաժապավեններ` փորձելով ցույց տալ, որ կազմակերպությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Դրանից հետո արտասահմանից գալիս են «այլ որակի ավանդներ»` ոչ թե 50.000 դրամի, այլ 5 մլն-ի չափով:

Այս կազմակերպության «ավանտյուրաներն» այսքանով չեն սահմանափակվում: Երեկ նրանց հյուրընկալել են ոստիկանները: Կազմակերպության 2 ղեկավար անձինք ինչ-որ տեղից իմացել են ոստիկանության գալու մասին եւ փախել են: Ոստիկաններին դիմավորել է Վարդուհի Դավթյանը` հիմնադրամի գործադիր մարմնի տնօրենի` Դիանա Մկրտչյանի մայրը: Իսկ այսօր ղեկավարները հրավիրված են Արաբկիրի ոստիկանություն` ոստիկանների ներկայությամբ թվով 230 աշխատողներին բացատրություն տալու:

Ի դեպ, ՀՀ Պետռեգիստրից փորձեցինք ճշտել «Ազգային բյուջե» Սոցիալական բիզնեսի զարգացման միջազգային հիմնադրամի մասին: Այնտեղից իմացանք, որ հիմնադրամի հիմնադիր է գրանցված ք. Արտաշատի, Բակունցի 10 հասցեի բնակիչ Հայկանուշ Մյասնիկի Հակոբյանը: Իսկ տնօրենն է Դավիթաշեն համայնքի բնակիչ Դիանա Մկրտչյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` մինչ այս հիմնադրամի ստեղծումը Հայկանուշ Հակոբյանի հայրը՝ Մյասնիկ Հակոբյանը երկու տարի առաջ մի կազմակերպություն էր բացել Արտաշատում՝ «Սան-Տասս-Շտատ» անունով: Մեր աղբյուրների հավաստմամբ` Մ. Հակոբյանն այդ կազմակերպության մեջ շահարկել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: Այս դեպքից հետո աղմուկ է բարձրացել, եւ «Սան-Տասս-Շտատ»-ը դեռ չբացված՝ լուծարվել է: Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան` ասացին, որ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը որեւէ կապ չունի եւ չի ունեցել որեւէ հիմնադրամի հետ:

Մեր հավաստի տվյալներով` Մ. Հակոբյանն արդեն 2 տարի քրեական հետախուզման մեջ է: Այս դեպքերից հետո, փաստորեն, Մյասնիկ Հակոբյանի դուստրը՝ Հայկանուշ Հակոբյանը բացում է այս «Ազգային բյուջե» կոչված ավանտյուրան՝ իր թակարդը գցելով 230 քաղաքացիների:

Հ.Գ. Լուսանկարում պատկերված է այս չարաբաստիկ կազմակերպության գրասենյակի առջեւ աշխատակիցների բողոքի ակցիան: