Ինչպես հայտնի է, Հայաստանը քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ունի իր չորս հարեւաններից երկուսի` Իրանի եւ Վրաստանի հետ: Ընդ որում եւ՛ Իրանի, եւ՛ Վրաստանի շուրջ իրավիճակը գնալով լարվում է: Ամեն դեպքում` մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն, ինչն, անկասկած, կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ իրավիճակը սրվում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ: Վրաստանի իշխանություններն արդեն զորքեր են մտցրել Կոդորի կիրճ, եւ ցանկացած պահի Վրաց-աբխազական պատերազմը կարող է վերսկսվել (ինչպես Ղարաբաղյան, այնպես էլ Վրաց-աբխազական եւ Վրաց-օսական պատերազմներում հրադադարը հաստատվել էր 1994-ին):
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ Կոդորի կիրճը: Այն գտնվում է Աբխազիայի արեւելքում, բայց աբխազական զորքերի վերահսկողության տակ չէ: Բայց Վրաստանի կանոնավոր բանակն ու ոստիկանությունը նույնպես չեն վերահսկում կիրճը: Այդ տարածքը Սվանեթիայի մի մասն է, եւ կիրճի բնակիչները հիմնականում սվաններ են, ովքեր նույնպես լուրջ պրոբլեմներ ունեն վրացիների հետ: Իսկ կիրճը վերահսկում է (համենայն դեպս` մինչեւ երեկ վերահսկում էր) Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի լիազոր ներկայացուցիչը` սվաններից կազմված մոտ 1500 հոգանոց զորախմբով: Հենց այս զորախումբը զինաթափելու նպատակով էլ Վրաստանը զորքեր է մտցրել Կոդորի կիրճ:
Հիշեցնենք, որ այս տարածքը միշտ գտնվել է նաեւ Ռուսաստանի՛ ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ժամանակին չեչեն գրոհայիններից շատերը հենց Կոդորի կիրճում էին պատսպարվել եւ այնտեղից պարբերաբար խախտում էին վրաց-ռուսական սահմանն ու արշավներ կազմակերպում ռուսական ֆեդերալ ուժերի դեմ: Ի վերջո բանն այնտեղ էր հասել, որ ռուսական օդուժը հարվածներ էր հասցրել չեչեն գրոհայիններին` դրանով իսկ, փաստորեն, ռմբակոծելով Վրաստանի տարածքը, եւ դա ի վերջո միջազգային սկանդալի էր վերածվել: Հիշեցնենք նաեւ, որ հենց այս կիրճի տարածքով էին ժամանակին Հյուսիսային Կովկասի կամավորականները Շամիլ Բասաեւի գլխավորությամբ օգնության հասել աբխազներին: Ինչեւէ:
Ներկայումս իրավիճակը մոտավորապես հետեւյալն է. ապստամբ զորախմբի զինյալները ցրվել են լեռներում, աբխազական բանակը մարտական պատրաստության է բերված, Հարավային Օսեթիայի ղեկավարները պաշտոնապես հայտարարել են, թե պատրաստ են անհրաժեշտության դեպքում աջակցել Աբխազիային, իսկ փոխհրաձգությունները Կոդորի կիրճում շարունակվում են: Փաստորեն, Վրաստանում «ռուսական ազդեցության գոտիները» (Աբխազիա, Հարավային Օսեթիա եւ Շեւարդնաձեի կողմնակիցներ) դարձյալ համախմբվում են, եւ որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ այս ամենի թիկունքում դարձյալ Ռուսաստանն է: Ռուսաստանը պարզապես Սահակաշվիլուն հասկացնում է, որ «գինիների պատերազմով» ամեն ինչ չի վերջանում, եւ Վրաստանը ռուսական ազդեցության գոտում պահելու ուրիշ շատ ձեւեր կան:
Իսկ Սահակաշվիլին սպասելու ժամանակ չունի: Արեւմուտքն, իհարկե, շատ ինտենսիվորեն է աջակցում Վրաստանի զինված ուժերի կայացմանը, բայց Սահակաշվիլին չի կարող 2-3 տարի սպասել եւ միայն բանակը կարգի բերելուց հետո «վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: Առանց այն էլ նրա վստահության ռեսուրսը սպառվում է (ժողովրդի ակնկալիքները «Վարդերի հեղափոխությունից» չափազանց մեծ էին): Եվ կարող է այնպես ստացվել, որ Վրաց-աբխազական պատերազմը սկսվի ավելի վաղ, քան կցանկանար Սահակաշվիլին:
Իսկ ի՞նչ նշանակություն կունենա դա Հայաստանի համար: Նախ, օրինաչափություն է, որ Ռուսաստան-Արեւմուտք մեծ առճակատման «փոքրիկ դրվագները» (Ղարաբաղ, Հարավային Օսիա, Աբխազիա, Բալկաններ եւ այլն) սկսվում եւ ավարտվում են գրեթե միաժամանակ: Իսկ պահը Ռուսաստանի համար շատ հարմար է` ԱՄՆ-ը զբաղված է Մերձավորարեւելյան պատերազմով: Բայց մյուս կողմից` Հայաստանի բախտը բերել է, որ ռուսներն այս անգամ էլ որոշեցին «առայժմ ձեռք չտալ» Ջավախքի խաղաքարտին եւ բավարարվել սվանների հակավրացական տրամադրություններով: Այսինքն` Ջավախքը նորից մնաց «ռեզերվում»: Այլ հարց է, որ եթե Վրաստանում այնուամենայնիվ պատերազմ սկսվի, ռուսները կարող են ոչ միայն օգտագործել Ջավախքի խաղաքարտը, այլեւ այդ խաղաքարտով նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում «խաղեր տալ»:
Ի դեպ, ռուսական ինտերնետային կայքերում, որտեղ սովորաբար առանձնացված էին լինում լուրերի «Ուկրաինա» եւ «Վրաստան» ենթաբաժինները, արդեն մի քանի օր է` հատուկ ենթաբաժին կա. «Լուրեր Հայաստանից»: Եվ հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի «ներքաղաքական զարգացումներին»: Խեր լինի: