Հարկային տեսչությունը շարունակում է հաճելիորեն զարմացնել հասարակությանը: Այս շաբաթ երեք հետաքրքիր ցուցակ հրապարակվեց՝ 100 եւ ավելի աշխատողներ հայտարարագրած առեւտրային կազմակերպությունների, սոցիալական ապահովագրության վճար մուծած 300 խոշոր կազմակերպությունների եւ 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը: Դրանց ուսումնասիրությունը բավական հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում: Առաջին հերթին պարզ է դառնում, թե սոցիալ-տնտեսական ցուցանիշներով որ ձեռնարկություններն են նշանակալի դեր գրավում երկրի տնտեսական կյանքում: Ի վերջո որ ոլորտի ձեռնարկություններն են ձեւավորում երկրի տնտեսության պատկերը: Գերիշխողը, բնականաբար, սպասարկման ու ենթակառուցվածքային ոլորտներն են: 1500-ից ավելի աշխատող ունեն ընդամենը 10 ձեռնարկություն: Դրանցից միայն երկուսն են արտադրական ոլորտի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը եւ «Նաիրիտը»: Այն, որ աշխատողների քանակով 7-րդ ընկերությունը՝ «Նաիրիտը» խոշոր հարկատուների ցանկում 172-րդն է, ապացուցում է, որ այս արտադրական ձեռնարկությունն աշխատում է ընդհատումներով: Այսինքն` արտադրական ձեռնարկությունները տնտեսական չլուծվող խնդիրներ ունեն: Հայաստանում 500 աշխատակցից ավելի ունի միայն 52 ընկերություն: Մնացածն ըստ դասակարգման միջին եւ մանր ձեռնարկություններ են: Այս ցանկերի ուսումնասիրությամբ կարելի է կարծիք կազմել, թե օլիգարխներից ու խոշոր սեփականատերերից ովքեր ինչպես են ներկայացված հարկային դաշտում: Հետեւաբար, կարելի է հասկանալ, որ գործարարն է առավել չափով վայելում իշխանությունների աջակցությունը: Հայտնի է, որ սեփականատերերի մի մասը ձգտում է փոքրացնել իր աշխատակիցների արձանագրված թիվը: Մեր հարկային օրենսդրությունը շատ աշխատատեղեր ստեղծողին հարկային կամ ֆինանսական արտոնություն չի տալիս: Փոխարենը՝ սոցիալական ապահովագրության եւ այլ վարձավճարներ է գանձում: Ուստի գործատուները հնարավորության դեպքում ձգտում են թաքցնել աշխատողների իրական քանակը: «Ում է սա ավելի հաջողվում» հարցի պատասխանը ստանալուց հետո կարելի է կարծիք կազմել, թե իշխանություններն ում հանդեպ են առավել բարեհաճ: Յուրաքանչյուր սպառող հստակ գիտի, թե որ հանքային ջուրն է առավել մեծ չափով սպառվում: Հետեւաբար, կարող է պատկերացնել, թե հանքային ջրեր արտադրող որ գործարանն է ամենամեծն աշխատողների թվով եւ մուծվելիք հարկերի ծավալով: Բոլորը հիշում են, որ «Մեծ անիվ» ընկերությունը նախորդ տարիներին գործում էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի բարձր հովանու ներքո: Նման հովանուց զրկվելուց հետո այս կազմակերպությունն այսօր (կամ՝ առայժմ) միանգամից հայտնվել է հարկային դաշտում: «Մեծ անիվը» 47-րդ հարկատուն է: Սա` այն դեպքում, երբ Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն անհամեմատ համեստ դիրք ունի՝ 210-րդն է: Երբեմնի հռչակավոր այս ձեռնարկությունը պետբյուջե չորս անգամից ավելի պակաս գումար է մուծել, քան անվադողերի անիվների վաճառքով զբաղվող կազմակերպությունը: Փոխարենը այս ոլորտում մասնագիտացած «Մուլտի-լեոն» ընկերությունը հարկային պարտավորությունները կատարողների ցուցակում 82-րդն է` իր 246 մլն դրամ մուծումով: Ըստ Հարկային ծառայության` այդ գումարը փոխանցվել է կես տարվա գործունեության արդյունքում: Նույն ժամանակահատվածում Երեւանի պետական համալսարանը պետբյուջե է փոխանցել մոտ 207 մլն դրամ: Մեր գործարար աշխարհն ընդհանրապես չի կարող հարկային մուտքերով համեմատվել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Հանրահայտ ՄԱՊ-ը 122 մլն դրամ հարկեր է մուծել: Այն, որ Հայաստանի պետական բյուջեն, ի տարբերություն որոշ կուսակցությունների` չի բարգավաճում, ակնհայտ է դարձնում նույն ՝«300 խոշոր հարկատուների ցուցակը»: Բարգավաճման ամենաերեւութական ձգտումն ունեցող «Մուլտի Գրուպ կոնցեռնն» ընդամենը 129 մլն դրամի չափով է հարկեր մուծել իր կես տարվա գործունեության դիմաց: Փաստորեն, Հարկային ծառայության հրապարակած ցուցակները կարելի է ընկալել որպես գործարարների կողմից իշխանության բարեհաճության աստիճանը ճշգրտող ցուցակներ: Նույն Երեւանի երկար անունով հայտնի ապրանքանիշ ունեցող գործարանը՝ Արարատ կոնյակի-գինու-օղու, մոտ 100մլն դրամ հարկեր է մուծել: Իսկ շատ ավելի համեստ ապրանքանիշ ունեցող «Արաբկիր Ալկոն»՝ 172 մլն դրամ:
Այնպես որ, պաշտոնական ցուցակները քչփորելը բոլորի համար կբացի ոչ միայն տնտեսական օրինաչափություններ: Տնտեսական կյանքում իշխանությունների հովանավորների ցանկ-ակնարկից զատ` այստեղ նաեւ հումորի անզուգական օրինակներ կգտնեք: Ազգիս ցանկացած երգիծաբանի հռչակը կավելացներ «Ցանկ ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների» հրապարակումը: Ըստ այս ցանկի` Հայաստանում 100-ից ավելի աշխատակից ունի 413 կազմակերպություն: Հիշեցնեմ՝ առեւտրային կազմակերպություն: Մեր Հարկային Ազգային ծառայությունն առեւտրային կազմակերպություն է համարում քաղաքներից մեկի քաղաքապետարանը: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետարանները պարբերաբար վաճառում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներ, ապա դրանք իսկապես առեւտրային կազմակերպություններ են: Բայց այս դեպքում անհասկանալի է, թե ինչու Երեւանի քաղաքապետարանը չի համարվել լավագույն առեւտրային կազմակերպություն: Մանավանդ որ, կա ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության համապատասխան եզրակացությունը: Տեղական ինքնակառավարման մարմիններից առեւտրային համարվում է միայն Ապարանի քաղաքապետարանը, որը վերը նշված երկարանուն ցուցակում իր 111 աշխատակիցներով զբաղեցնում է պատվավոր 365-րդ հորիզոնականը: Սա հավանաբար երկրի գլխավոր դատախազի հասցեին արված վատ թաքցված ակնարկ է: Իսկ Դուք կարծում էիք, թե Հարկային ծառայությունում միայն հումորից ու զգացմունքներից զուրկ հաշվապահ-ֆինանսիստներ են աշխատում: