Ռուսաստանում ապրող կինոռեժիսոր Լեւոն Գրիգորյանը որպես ռեժիսորի օգնական աշխատել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանման հրապարակում: Նա հստակ իմանալով, որ Ս. Փարաջանովը «Նռան գույնի» երկու վարկած է ունեցել, որոշել է վերականգնել ֆիլմի այն տարբերակը, որն ավելի հոգեհարազատ էր Փարաջանովին: «Փարաջանովը նախատեսել էր իր ֆիլմը «Սայաթ-Նովա» անվանել, ես էլ իմ ֆիլմը «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» եմ անվանել»,- ասել է Լ.Գրիգորյանը, ում ֆիլմն ամբողջովին Փարաջանովի նկարահանած, բայց ֆիլմում տեղ չգտած դրվագներից է կազմված: «Իմ ֆիլմը կազմված է 5 նովելներից, որոնք ռեժիսոր Սերգեյ Յուտկեւիչը մոնտաժի ժամանակ դուրս է թողել: Սովետական գրաքննությունը Պրահայի հայտնի դեպքերից հետո արգելել էր ցուցադրել»,- ասում է Լ.Գրիգորյանը, ով «Նռան գույնի» արխիվային նյութերի պահպանումը եզակի դեպք է համարում, որի համար իր շնորհակալությունն է հայտնում ֆիլմի օպերատոր Սուրեն Շահբազյանին: «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» վավերագրական ֆիլմը շուտով կցուցադրվի լեհական, ռուսական եւ իտալական կինոփառատոներում: Ֆիլմը մասնակցել է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, սակայն մրցանակի չի արժանացել: