Այնտեղ նշված է, որ
«1. Կարգավարի (դիսպետչերի) ցուցումով անձնակազմը դադարեցրել է իջեցումը եւ սկսել է աջ շրջապտույտը, բարձրության հավաքումով: Այդ շրջապտույտի իրականացման ընթացքում օդանավի հրամանատարը անջատել է ինքնաթիռի ինքնավար աշխատակարգը եւ բարձրության հավաքման թռիչքային կարճ հատվածից հետո, իր կողմից ինքնաթիռի դիրքի հորիզոնական եւ ուղղաձիգ թեքվածության վերահսկման կորստի պայմաններում, ինքնաթիռի կառավարման գործողություններով ինքնաթիռը դրել է իջեցման ընթացքի մեջ:
2. Հրամանատարի նման ոչ համարժեք գործողությունների դեպքում բացակայել է նաեւ երկրորդ օդաչուի կողմից անհրաժեշտ հսկողությունն իջեցման պարամետրերի նկատմամբ: Անձնակազմի հետագա գործողությունները նպատակաուղղված արդեն անհրաժեշտ վերասլացին, երկրին մոտենալու նախազգուշացման համակարգի ազդանշման ընթացքում, եղել են ոչ կոորդինացված եւ անբավարար ինքնաթիռը իջեցումից դուրս հանելու համար:
3. Ինքնաթիռի շարժիչների եւ համակարգերի խափանում չի եղել, ինքնաթիռն ըստ պահանջվող կարգի արձագանքել է ինչպես ինքնավարման հրահանգներին, այնպես էլ անձնակազմի կողմից կիրառված կառավարման գործողություններին: Օդանավի ավիավառելիքի քանակը բավարար է եղել թռիչքի բարեհաջող ավարտի համար»:
Առաջին պարբերությունից կարելի է եզրակացնել, թե հրամանատարը կորցրել է ինքնաթիռի վերահսկումն այն իմաստով, որ չի պատկերացրել՝ որտեղ է երկինքը, որտեղ է երկիրը, եւ այդ պայմաններում վայրէջքի ընթացք է վերցրել: Այսպիսի պայմաններ ստեղծվում են այն ժամանակ, երբ օդաչուն պրոֆեսիոնալ չի լինում: Սակայն աղետի առաջին օրվանից «Արմավիայի» սեփականատերերը, մասնավորապես Միխայիլ Բաղդասարովը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարները եւ օդաչուների գործընկերները բազմիցս են նշել, որ օդանավի հրամանատարը եւ երկրորդ օդաչուն եղել են բարձրակարգ մասնագետներ: Նրանց գործընկերները նաեւ նշում են, որ օդանավի ռեժիմի ցանկացած փոփոխություն արձանագրվում է օդաչուի դիմաց տեղադրված համակարգչային սարքերում: Օդաչուն այդ ամենը նկատում է եւ ինքնաթիռին համապատասխան ընթացքի մեջ բերում: Դրա հետ միասին նրանք Սոչիի օդանավակայանում թռիչք-վայրէջք կատարելու համար հատուկ պատրաստված են եղել: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ «Արմավիայի» գործադիր տնօրեն Նորայր Բելլույանը կրկին հաստատեց, որ օդաչուները եղել են պրոֆեսիոնալ:
«A-320 օդանավը վարելու համար օդաչուները հատուկ դասընթացներ են անցել «Sabena Technics» ընկերությունում, Թուլուզում, Դուբայում,- ասում է Ն. Բելլույանը: -Նրանք ունեին իրենց մասնագիտական բարձր որակավորումը հաստատող փաստաթղթեր»:
«Արմավիան» բացառում է, որ վթարը եղել է իր օդաչուների մեղքով: Բացի այդ, մասնագետների կողմից բազում անգամներ նշվել է, որ ոչ միայն սխալի, այլ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ A-320 օդանավը վայր գցել: Այսինքն, A-320-ի տեխնիկական համակարգերն այնպես են կառուցված, որ եթե որեւէ անսարքություն կամ դրսից միջամտություն չի լինում, ապա օդաչուն զուտ կառավարման համակարգով չի կարողանա օդանավը վայր գցել: Վերադառնանք ՄԱԿ-ի վերը բերված եզրակացության երրորդ պարբերությանը, որտեղ հստակ նշված է, որ «ինքնաթիռի շարժիչների եւ համակարգերի խափանում չի եղել»: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ինքնաթիռը եղել է սարքին, իսկ օդաչուներն աղետի համար մեղավոր չեն, այդ ինքնաթիռը նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ գցել: Ուրեմն պետք է, որ ուրիշ պատճառ լինի: Բայց չշտապենք եւ շարունակենք դիտարկել ՄԱԿ-ի եզրակացությունը, որտեղ հանձնաժողովի ռուս, ֆրանսիացի եւ հայ մասնագետները միասին եկել են այն եզրակացության, թե հրամանատարի եւ երկրորդ օդաչուի գործողությունները համարժեք, կոորդինացված ու բավարար չեն եղել ինքնաթիռը իջեցումից դուրս հանելու համար: Այս միտքը լրացնելու համար եզրակացության մեջ նշված է, որ վայրէջքի պահին անջատած է եղել ինքնաթիռի ինքնավար գործընթացը՝ ավտոպիլոտը, այսինքն` ինքնաթիռն այդ պահին չի ունեցել ինքնապաշտպանվածության հնարավորություն: Համենայնդեպս, մեզ այդպես բացատրեց Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսեսյանը: Բայց թե ինչո՞ւ են օդաչուները նման քայլի գնացել, ի՞նչն է նրանց ստիպել անջատել ինքնավարման համակարգը, ՄԱԿ-ի եզրակացության մեջ չի մեկնաբանվում: Բայց քանի որ սեւ արկղերը գրանցում են ինքնաթիռի յուրաքանչյուր գործողությունը եւ օդաչուների խոսակցությունը, ուրեմն այդ անջատման բացատրությունը պետք է որ լիներ: Հանձնաժողովականներն այդ մասին լռել են: Սակայն նրանք ամեն ինչ արել են, որ օդաչուների սխալի գործոնից բացի մյուս բոլոր հնարավոր պատճառները հերքվեն: Օրինակ՝ ինքնաթիռն ունեցել է ավիավառելիքի բավարար պաշար: Այս տողով հանձնաժողովը պարզերես արեց «Արմավիային», որովհետեւ մինչեւ հիմա էլ կասկած կար, թե ինքնաթիռը քիչ է լիցքավորված եղել, որպեսզի Սոչիում կարողանա ավելի էժան ավիավառելիք ձեռք բերել: Գաղտնիք չէ, որ մեր օդանավակայանում 1 տոննա վառելիքն արժե մոտ 900 դոլար, ինչը 2-3 անգամ ավելի թանկ է, քան Ռուսաստանում: Բացի այդ, մերոնք երբեմն ավիավառելիքի դեֆիցիտ են ունենում: Նման վիճակ ունեցանք բոլորովին վերջերս: Ուղղակի հիշեցնենք, որ ավիավառելիք ներկրելն ու մատակարարելը «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի մենաշնորհն է: Հանձնաժողովը եզրակացրեց, որ ինքնաթիռն անսարքություն չի ունեցել: Այստեղ էլ վատ համբավից փրկվեց առաջին հերթին ֆրանսիական «Էյրբաս» ընկերությունը, հետո նոր «Արմավիան»: Հետաքրքիրն այն է, որ եզրակացության մեջ Սոչիի օդանավակայանի դիսպետչերի մասին ընդհանրապես խոսք չկար: Ռուսներն էլ ջրից չոր դուրս եկան: Սակայն մինչեւ հիմա էլ կարծիք կա, որ դիսպետչերի հրահանգները ճակատագրական են եղել օդանավի համար: Նաեւ հիմնավոր չի հաստատվել, թե արդյոք դիսպետչերի բոլոր հրահանգները տվյալ պահի մեջ ճի՞շտ են եղել: Հանձնաժողովի եզրակացության մեջ դիսպետչերն իր գործողություններով գրեթե չի հիշատակվում, կարծես նա օդանավակայանի պահակը լինի: Մի խոսքով, վերը հիշատակված բոլոր գործոնները հերքելով, ՄԱԿ-ի հանձնաժողովը «մեղավոր» է ճանաչել օդաչուներին: Հենց սկզբից էլ նման եզրահանգմանը սպասում էինք, մանավանդ, որ սեւ արկղերի վերծանումն ավարտվել է հունիսի կեսերին, բայց պատճառների հրապարակումն ուշանում էր: Բոլոր դեպքերում ավելի է խորանում այն կարծիքը, թե ռուս-հայ-ֆրանսիացի եռակողմ հանձնաժողովը երեք կողմերին հարմար մի որոշում կընդունի, որը բոլորովին էլ չի ներկայացնի անցանկալի իրականությունը: Մանավանդ, որ «թիրախ» է ընտրվել այն կողմը, որն այլեւս չկա եւ չի կարող արդարանալ: Դա երեւում է լղոզված այս եզրակացությունից, որտեղ ամեն ինչ չէ ամբողջական ներկայացված:
Ստացվում է, որ հայկական կողմն է տանում ֆինանսական ու բարոյական ամբողջ պարտությունը: Թեպետ միշտ էլ հակված ենք եղել մտածել, թե ավիավթարի պատճառները Ռուսաստանում է: Ի դեպ, հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ղեկավար Տատյանա Անոդինան ազգությամբ ռուս է, եւ ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի կինն է: Բնականաբար, նա թույլ չէր տա, որ իր ազգին վնասող եզրակացություն ընդունվեր, մանավանդ, որ դիմացն ընդամենը ֆորպոստի կարգավիճակով Հայաստանն էր կանգնած:
Վերջում ասենք, որ «Արմավիան» ՄԱԿ-ի եզրակացությունը չընդունելու դեպքում իրավունք ունի բողոքարկել: Նշենք նաեւ, որ աղետի հետաքննության աշխատանքներին մասնակից են եղել այդ ընկերության մասնագետները, որոնք հավանաբար կիսել են հանձնաժողովի ռուս եւ ֆրանսիացի անդամների կարծիքը: Իսկ թե զոհված օդաչուների հարազատներն ինչպես կընդունեն այս եզրակացությունը, արդեն կողմերից ոչ մեկին չի հետաքրքրում: