Մենք բոլորս մոլորված ենք կյանքի հորձանուտում, խուճապահար փնտրում ենք թվացյալ ռացիոնալ լուծումներ, պայքարում ենք արեւի տակ մեր տեղն ունենալու եւ երջանիկ լինելու իրավունքի համար եւ այդ անդադար մրցավազքում հաճախ կորցնում ենք ինքներս մեզ:
– Բայց երբեք ուշ չէ վերադառնալ տուն, դառնալ ինքդ դեպի քեզ: Մարդը, բացի ինքնաճանաչումից, կյանքի ուրիշ իմաստ չպետք է փնտրի,-ասում է Հարություն Ջինանյանը, որը դեռեւս մեկ տարի առաջ ռուսական Առաջին ալիքի գլխավոր ռեժիսորն էր, այժմ՝ ազատ նկարիչ:
– Հեռուստառեժիսորի ձեր 20-ամյա փորձը «Վզգլյադ», «ԿՎՆ», «Չտո, գդե, կոգդա» ծրագրերի ակունքում է: Որո՞նք են այսօրվա հեռուստատեսության տենդենցները, ի՞նչ ուղով է զարգանում հեռուստաարվեստը:
– Հեռուստատեսությունն ընդհանրապես մատրյոշկայի նման կրկնօրինակվող արվեստ է դարձել. ռուսականը՝ ամերիկյանից, հայկականը՝ ռուսականից եւ այսպես շարունակ: Ռուսաստանում պրոդյուսերներն այսօր մտածում են՝ Նյու-Յորքում սա աշխատում է, ուրեմն վերցնում ենք, համոզված, որ լինելու է հանդիսատես, վարկանիշ, գովազդ ու հետեւաբար՝ փող: Բայց իմ կարծիքով՝ դա սխալ է, որովհետեւ ես այլ դպրոց եմ անցել, աշխատել եմ խորհրդային ժամանակաշրջանում, երբ ստեղծում էինք մերը, առանց դեսուդեն նայելու: Ես շատ եմ հարգում Կոնստանտին Էռնստին, բայց այն, ինչ նա հիմա անում Առաջին ալիքում, դա խոնարհման ժեստ է Արեւմուտքին:
– Ընդօրինակվում են ծրագրե՞րը, թե՞ նաեւ հաղորդավարների կերպարները:
– Հիմնական ընդօրինակվող հաղորդումները, այսպես կոչված, ինտելեկտուալ եւ այլ խաղերն են, որոնք «խաղում են» մարդկային պրիմիտիվ ռեֆլեքսների վրա՝ ծախիր ընկերոջդ՝ կանցնես հաջորդ փուլ, գուշակիր մեղեդին՝ կստանաս մրցանակ, կեր կճեպով հինգ բանան՝ կստանաս մի խուրձ փող: «Սլաբոյե զվենո»-ն, օրինակ, բոլորովին ռուսական չէ ոչ միայն իր ծագումով, այլեւ հոգեբանությամբ: Դա զուտ ամերիկյան մոտեցումներով հաղորդում է, որի «Դու թույլ ես, մնաս բարով» ֆրազը խաղի իմաստը կրող բանաձեւն է:
– Հայկական հեռուստատեսությունն ինչպե՞ս եք գտնում:
– Այն, որ հայկական հեռուստաալիքներն այսքան բազմաթիվ ու բազմազան են, նորմալ եմ համարում: Բայց ես ուղղակի ապշած եմ մի բանից. իհարկե, հաղորդավարը պետք է ազատ ու անկաշկանդ լինի խցիկի առջեւ, բայց նա չպետք է զգա իրեն, ինչպես իր տանը: Չափի զգացողությունն ու ճաշակն իսպառ բացակայում է որոշ հայկական ալիքներից: Ես անուններ չեմ տալիս, բայց դուք հասկանում եք, ինչի մասին է խոսքը: Մոտավորապես նույնը լինում է եւ ռուսական ալիքներում: Կարծում եք, ինչո՞ւ դադարեցվեց Անդրեյ Մալախովի «Բոլշայա ստիրկա»-ն: Այժմ նոր հաղորդաշարի շրջանակներում փորձ է արվում վերականգնել նրա բարի համբավը:
– Ինչո՞ւ թողեցիք հեռուստատեսությունը, Ձեզ նման նվիրյալի կողմից այդ քայլն առնվազն զարմանալի է:
– Դուք չեք հավատա, երեւի ոչ ոք չի հավատա, որովհետեւ առաջին հայացքից դա իրոք անհեթեթ է թվում: Բայց ես 20 տարի ռուսական կենտրոնական հեռուստատեսությունում աշխատելուց հետո, հասկացա, որ իրականում դա իմը չէ: Հասկացա, երբ երազում ինձ հուշեցին թողնել հեռուստատեսությունը, հուշեցին «նկարել 676» եւ «նկարել հողով»: Դա մի փոքր այլ ոլորտ է, այդ ամենի նշանակությունը ես էլ միանգամից չհասկացա: Ամեն ինչ սկսվեց երազից, որը գուցե օծման յուրօրինակ արարողություն էր:
– Ի՞նչ նկատի ունեք
– Ես նկարում էի: Դա չեր կարելի անվանել կերպարվեստ, ես ուղղակի ձեռքիս տակ եղածի վրա ինչ-որ պատկերներ ու սիմվոլներ էի գրանցում: Երազից հետո ես դրան սկսեցի ավելի լուրջ վերաբերվել: Նկարում էի այն, ինչ հուշում էր երեւակայությունս: Արդեն ունեի աշխատանքներ, որոնք ինձ խորհուրդ տվեցին ցուցադրել: Մեկնեցի Նյու Յորք՝ դա նույնպես երազում ստացած «հրահանգ» էր, ներկայացրեցի աշխատանքներս, ինքս էլ չհավատալով, որ դրանք ինչ-որ արժեք կարող են ներկայացնել: Իմ աշխատանքներից մի քանիսը վաճառվեցին բավական թանկ գներով: Բայց Նյու Յորքում սպասվում էր ինձ համար ամենաշլացուցիչը: Նախ, երբ ինքնաթիռս թռչում էր Ամերիկայի վրայով, ես նկատեցի, որ վերեւից Ամերիկայի հողի հատակագիծը ճիշտ այն նույն պատկերներն ու ուրվագծերն է գծում, ինչ ես էի մինչ այդ նկարում: Ես չիմանալով՝ նկարում էի Ամերիկայի հողը: 676 թվի գաղտնիքը ես բացահայտեցի Բրոդվեյի 676 շենքի մուտքում: Ամենասովորական շենքի մուտքի պատերն ամբողջովին պատված էին այն սիմվոլներով, որոնք ես ակամա գծում էի դեռ Մոսկվայում, Օստանկինոյում աշխատելիս:
– Ի՞նչ են խորհրդանշում այդ պատկերները։
– Չգիտեմ: Եթե հավատանք հասկացող մարդկանց խոսքերին, իմ նկարները պատկերում են խաղաղության ու ներդաշնակության էլեմենտներ: Ես այդպես էլ անվանել եմ հավաքածուներիցս մեկը՝ «Ներդաշնակություն»: Մյուս հավաքածուն կոչվում է «Ամերիկյան կյանքի բանաձեւ»: Բայց ունեմ եւ բացասական աուրայով գործեր: Դրանցից մեկը, որը կոչվում էր «Կին եւ տղամարդ», գնել էր Կրեմլի քաղաքական տեխնոլոգ Գայ Գայեւիչ Խանովը:
– Ձեր կնոջ հայրը՝ Ռուդոլֆ Խաչատրյանը հայտնի նկարիչ է: Ինչպես է վերաբերվում ձեր նոր մասնագիտությանը:
– Նա իսկական վարպետ է, իսկ վարպետի կողքին սկսնակը միշտ էլ կաշկանդված է: Բայց նա դեռ չի տեսել իմ աշխատանքները, չգիտեմ՝ ինչպես կարձագանքի: Իսկ կինս ուղղակի հրաշք է. նա երբեք չտրտնջաց, որ թողել եմ հեռուստատեսությունը, վերջիվերջո, դա բարձր վարձատրվող աշխատանք էր: Փոխարենը նա ներկեր նվիրեց ինձ: Այժմ ես նկարում եմ հողային պիգմենտով, ունեմ աշխատանքներ՝ կատարված հին փայտե սրբապատկերների վրա:
– Ձեր այցելության առիթը Հայաստան ո՞րն էր:
– Ես թողել եմ հեռուստատեսությունը, բայց ոչ վիդեոարվեստը: Մի մեծ ցանկություն ունեմ. նկարահանել վավերագրական ֆիլմ Արցախի մասին: Դա կլինի այն ֆիլմերի շարքից, որոնք պատմում են երկրագնդի գեղեցիկ վայրերի մասին: Կարծում եմ, Արցախը հենց այդպիսին է իր բնությամբ ու բովանդակությամբ: Այսպիսի ֆիլմերը ստեղծվում են պետական ֆինանսավորմամբ եւ ոչ թե կոմերցիոն, այլ իմիջային են:
– Ի՞նչ է ձեզ համար հեռուստատեսությունը եւ արդյոք չե՞ք ափսոսում այն լքելու համար:
– Ես հեռուստատեսությունը դիտում եմ հետեւյալ տեսության կոնտեքստում: ատկերացրեք. սկիզբը՝ Աստվածը՝ թատրոնն է, որի սակավաթիվ հանդիսատեսը պատկերն ընկալում է խոշոր պլաներով: Հետո եկավ Քրիստոսը, որը նվիրեց իր անձեռակերտ պատկերը կտորի վրա, այսինքն արվեստը կտավի վրա՝ կինոն: Այստեղ գերակշռում են միջին պլնները եւ ավելանում է հանդիսատեսի թիվը: Հեռուստատեսությունը՝ Սուրբ Հոգին է, դա հեռուստաեթերն է, երբ դիտում է անսահմանափակ թվով հանդիսատես, իսկ պատկերը կարելի է խոշորացնել մինչեւ գերխոշոր պլան եւ դրա միջոցով թափանցել մարդկանց հոգիները: Տեսողական արվեստն, ըստ իս, սուրբ երրորդություն է: Այսպես եմ ընկալում հեռուստատեսությունը: Իսկ դուրս գալուս համար չեմ ափսոսում: Մեկ տարի արդեն անցել է, եթե ափսոսած լինեի՝ ետ կվերադառնայի: Առաջին ալիքի ինտերնետ սայթում դեռ իմ անունն ու տվյալներն են գրված, գուցե դեռ սպասում են: Բայց ես արդեն ինձ տանն եմ զգում: