Կոտայքի մարզի Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի հարակից տարածքում, ամայի դաշտերով պատված մայրուղու եզրին ջարդուխուրդ եղած մի շինություն է երեւում, որի բակում երեխաներ են խաղում: Պարաններին կախված լվացքից հասկանում ենք, որ այդտեղ մարդիկ են ապրում:
Նախկինում երկրաբանների շենքն է եղել, սակայն 1990-92թթ. այստեղ տնավորվել են մի քանի ընտանիքներ: Շենք մտնելու համար մեծ զգուշություն է պետք, քանի որ հատակի փոսերը չնկատելով` կարող ես հայտնվել առնետներով լի նկուղում: Շինության մեջ եղած ցանկացած դուռը բացելուն պես գարշահոտը խփում է երեսիդ, ուզում ես գլուխդ առնել ու փախչել: Հակահիգիենիկ ու անվտանգության կանոնները շրջանցող տարածք է: Շենքի վթարայնության աստիճանը բառերով հնարավոր չէ նկարագրել. ցանկացած պահի պատերը կարող են փլվել մարդկանց գլխին: Պատերը ճեղքվածքների պատճառով իրարից հեռացել են:
Գալինա Սահակովնան արդեն 17 տարի ապրում է Լուսակերտի այս հանրակացարանում: Բաքվից փախստական է, ունի 2 տղա եւ թոռներ: Հարսն ու տղան աշխատում են, բայց էլի դժգոհ է՝ «Աշխատանքն էլ ի՞նչ է, չենք կարում ապրենք»: Իսկ Նարինեն, որ մոտ 13 տարի ապրում է այդ շենքում, 2 երեխա է մեծացնում: Ամուսինը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, որին խղճալով թույլ են տվել բնակվել այս շենքում: Դժգոհում է, որ պետությունը միայն արտոնություն է սահմանել վետերանների եւ հաշմանդամների համար: Մեր զրուցակից ազատամարտիկը ծանր կյանքից իր դժգոհությունները ներկայացնելիս չցանկացավ իր անունը հրապարակել: Ասում է՝ «Մեկի մտքով չի անցնում էս հանրակացարանը վերանորոգել: Մենք էլ մեր ուժերով չենք կարա վերանորոգենք, պատերն ամրացնենք, ապրենք»: Հայաստանի իշխանություններից ամեն ինչ արդեն սպասում են, այդ թվում` այն, որ մի օր էլ իրենց կարող են այդ շենքից դուրս հանել: Հանրակացարանում ապրում է շուրջ 10 ընտանիք: Շենքի զուգարանը եւ խոհանոցն ընդհանուր է: Թե զուգարանը, թե խոհանոցն այնպիսի հակահիգիենիկ վիճակում են, որ իրարից գրեթե չեն տարբերվում: «Եթե ես քեզ հիմա սուրճ հյուրասիրեմ, դու կզզվես էս խոհանոցում պատրաստած սուրճից խմել: Ջուրը հոսում ա, էսօրվա դրությամբ ես վինտիլ չեմ կարում առնեմ, որովհետեւ թանկ ա: Սաղ շնչերի վրա՝ առանց հաշվիչի, 500 դրամ փող ա դրած»,- ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը: Հարցնում եմ՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, բա ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս եք ապրում: Պատասխանում է՝ «Օդով: Մեկ-մեկ էլ թռչնաբուծական ֆերմայի հոտով, կեղտոտ օդով, ճանճերով ու բլոճներով»:
Շենքը 3-րդ կարգի վթարայնություն ունի: Բնակիչներն ամեն ինչից դժգոհ են: Չեն դժգոհում միայն գյուղապետից, որովհետեւ իրենց ապաստան է տվել: «Ես իմ անունը կարամ չասեմ, ուրիշ լավ հարեւանի անուն կարաս գրես»,- ասում է Ղարաբաղյան պատերազմին մասնակցած ազատամարտիկը, ով ընտանիքով հանգրվանել է պետական սեփականություն համարվող երկրաբանների հանրակացարանի սենյակներից մեկում եւ աշխատելու փոխարեն, մեզ ծուլորեն ներկայացնելով շենքի անհարմարավետությունը, քննադատում է աշխարհի դրվածքը: Քննադատում է իշխանություններին, Թռչնաբուծականին, արտոնություններ բաժանողներին, վաճառողներին, որոնք «վինտիլը» թանկ են վաճառում, եւ ինքը չի կարողանում գնել, սակայն դրա փոխարեն «ֆիրմա» հեռուստացույց է կարողանում գնել: Շենքում մնալու ու մարդկանց հետ զրուցելու համար համբերություն է պետք: «Վինտիլից» այդքան բողոքելու փոխարեն կարելի էր այն գնել եւ փոխել: Ավելի հեշտ է, փաստորեն, նման դեպքերում պետությանը հայհոյել, քան, ասենք, «վինտիլ» գնել-տեղադրել, որպեսզի ջուրը չհոսի: Շատերն էլ երբեմն ոչ թե աշխատանք չեն գտնում, այլ ծուլանում են որեւէ բան անել՝ սպասելով ինչ-ինչ օգնությունների: Ինչ խոսք, երկրում, հատկապես մարզերում տիրող սոցիալական այս ծանր վիճակի մեջ իշխանությունների մեղավորություններն այնքան շատ են, որ հնարավոր չէ մեկ բառով այն բնորոշել, սակայն մարդիկ հաճախ գերադասում են դիմացինից պահանջել, քան իրենք իրենցից: Իրենց բոլոր խնդիրների համար մեկ պատասխան ունեն՝ «Պետությունն է մեղավոր»: Օրինակ, հանրակացարանի իրարից չտարբերվող խոհանոցի ու զուգարանի հակահիգիենիկ ու նողկալի վիճակի, աղտոտվածության համար է՞լ է պետությունը մեղավոր: