ՀՀ իշխանություններն, ի վերջո, բարեհաճեցին զբաղվել արդեն մի քանի օր մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակման պատճառով այնտեղ հավաքված ՀՀ քաղաքացիների ճակատագրով: Իսկ Վերին Լարսում ավելի քան 100 հայ չի կարող հատել սահմանակետը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, նախօրեին ՀՀ Արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի հետ, որի ընթացքում պաշտոնական հուշագիր է փոխանցվել վրացական իշխանություններին, որպեսզի նրանք, հնարավորության դեպքում, բարի կամք դրսեւորելով, թույլատրեն վերոհիշյալ չգործող սահմանակետով մեր ավելի քան 100 հայրենակիցների տեղաշարժը Վրաստանով Հայաստան: Նման իրավիճակներից խուսափելու նպատակով, միաժամանակ, հանձնարարվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը եւ գլխավոր հյուպատոսություններին՝ զանգվածային լրատվամիջոցներով եւ այլ հնարավոր միջոցներով առավելագույն աշխատանք իրականացնել՝ Էրգնեթի բնակավայրի մոտակայքում գտնվող սահմանակետի չգործելու մասին ՀՀ քաղաքացիներին իրազեկելու ուղղությամբ, տեղեկացնելով, որ նրանք կարող են օգտվել Նովոռոսիյսկ-Փոթի լաստանավի հնարավորություններից:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից այսօր տեղեկացրել են, որ հարցի դրական լուծման առաջարկով նամակն ԱԳՆ-ն փոխանցել է իր կառավարությանը: Վերջինիս կողմից այն քննարկելուց հետո ակնկալվում է որոշման շուտափույթ կայացում: