Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ռազմական գործողություններից տուժած Լիբանանին Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խորհրդակցությունը վարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
ՄԱԿ-ին եւ աշխարհի պետություններին ուղղված Լիբանանի Հանրապետության աջակցության խնդրանքին ընդառաջ՝ խորհրդակցության մասնակիցները քննարկել են Լիբանանի տրամադրած անհրաժեշտ օգնության ցուցակի համաձայն, հնարավոր առաջնահերթ աջակցության ցուցաբերման, ինչպես նաեւ այդ օգնության տեղափոխման ու կազմակերպչական այլ հարցեր: Նշվել է, որ Լիբանանը խնդրել է աջակցել սննդամթերքի, դեղորայքի, բնակեցման համար նախատեսված սարքավորումների եւ պիտույքների, հրշեջ սարքավորումների եւ ֆինանսական նվիրատվությունների տրամադրման մասով: Առկա հնարավություններից ելնելով, որոշվել է հումանիտար աղետի ենթարկված լիբանանցիներին հատկացնել դեղորայք, սարքավորումներ եւ վրաններ: Այդ մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն այսօր կներկայացվի կառավարության անդամների հաստատմանը: Նշվել է նաեւ, որ որոշումն ընդունելուց հետո հնարավոր կլինի վաղը ուշ երեկոյան արտահերթ չվերթով Հալեպ մեկնող ինքնաթիռով տեղափոխել օգնությունը:
ՀՀ արտգործնախարարի տեղակալը եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել են, որ մինչ այժմ Լիբանանից ավելի քան 550 մեր հայրենակիցներ եւ եւս 54-ը՝ Իսրայելից, ժամանել են Հայաստան: Սպասվում է, որ այսօր արտահերթ չվերթով կժամանի եւս 120 հոգի: Նրանք հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, սակայն Հայաստան են տեղափոխվում նաեւ օտարերկրացիներ, որոնցից 51-ն արդեն դիմել են Միգրացիոն գործակալությանը՝ ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Դիմողներից 49-ը լիբանանցի է, 2-ը՝ Իսրայելից: Գործակալության պետի հավաստմամբ, նրանց կտրվեն այդ կարգավիճակները եւ այն հաստատող՝ ժամանակավոր ապաստանի վկայական: