Կայանա` կտեսնեն

26/07/2006

ՀՀԿ արտահերթ համագումարին հրավիրված բացառիկ հյուրերից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էր, որը սակայն այդպես էլ չեկավ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի եկել Գ. Ծառուկյանը. «Իրեն հարցրեք, մեզանից հասնում էր հրավիրել: Գ. Ծառուկյանն իմ ընկերն է, եւ մենք համախոհներ ենք, եւ նա միշտ համագործակցել է ՀՀԿ-ի հետ: Մենք նրան հրավիրել էինք որպես պատգամավոր, քանի որ մենք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար կազմին չգիտենք: Ծառուկյանը որպես ԱԺ-ում կառավարությանը սատարող պատգամավոր էր հրավիրված: Կարող է` տեխնիկական պատճառներ կան, որ չի եկել` տեղյակ չեմ»,- ասաց Ա. Մարգարյանը: Իսկ հարցին, թե ՀՀԿ-ն համագործակցելո՞ւ է «Բարգավաճ Հայաստանի» հետ, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Նախ պետք է «Բարգավաճ Հայաստանը» կայանա, հայտնի լինի, թե մենք ում հետ գործ ունենք, դրանից հետո համագործակցություն կլինի: Մենք այժմ համագործակցում ենք ԲՀԿ-ն ներկայացնող անհատների հետ, ոչ թե կուսակցության»: