Շաբաթ օրը կայացավ ՀՀԿ երկար սպասված եւ բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձած 10-րդ արտահերթ համագումարը: Այն ավարտվեց նախատեսվածից շուտ եւ առանց անակնկալների: Այս կուսակցության համագումարի միակ անակնկալը քահանա Կճոյանի ներկայությունն էր, որը հիմնից հետո համագումարն օրհնեց ու մաղթեց ընդունված հայեցակարգերի կատարում:
Հրավիրվածների քանակով համագումարն աչքի չէր ընկնում, իսկ սակավաթիվ հրավիրվածներից համագումարին ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանն ու Սպարտակ Սեյրանյանը: Ուշագրավ էր, որ հրավիրվածներից համագումարին ներկա չէր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնապես դեռեւս միակ հայտնի գործիչ Գագիկ Ծառուկյանը: Ինչեւէ, համագումարի ընթացքում կատարվեցին ծրագրային ու կանոնադրական մի քանի փոփոխություններ: Ըստ այդմ, ՀՀԿ խորհուրդն այսուհետ 42-ի փոխարեն կունենա 70 անդամ: ՀՀԿ կանոնադրությունում կատարված փոփոխություններից մեկով ՀՀԿ խորհրդի անդամ դարձան Երեւան քաղաքի տարածքային կազմակերպությունների եւ կուսակցության կենտրոնական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Բացի այդ, ՀՀԿ խորհրդի անդամների շարքերը համալրեցին եւս 15 անձինք, այդ թվում` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՖԷ նախարար Վարդան Խաչատրյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Հարություն Փամբուկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ այլք: ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում նշեց, թե արտահերթ համագումար հրավիրելու որոշումը պայմանավորված է երկու հիմնական գործոններով, որոնցից առաջինը կապված է կուսակցության ծրագրի հետ, որում արված փոփոխություններն, ըստ վարչապետի, նպատակ ունեն կուսակցության ծրագրային հիմնադրույթներն ավելի համահունչ դարձնել այսօր աշխարհում ընդունված գաղափարախոսական ուղղություններին, տվյալ դեպքում` դասական պահպանողականությանը: ՀՀԿ ծրագրում ամրագրվել է, որ այն «ազգային պահպանողական» կուսակցություն է: Վարչապետը նաեւ նշեց, որ առաջարկվող լրացումները որեւէ կերպ չեն անդրադառնում ՀՀԿ-ի ծրագրի գաղափարական բովանդակության վրա եւ դրա ծրագրային հիմնադրույթներում, գաղափարախոսական ուղղվածության առումով ոչինչ չի փոխվում: ՀՀԿ կանոնադրությունում արված մեկ այլ փոփոխությամբ էլ վերականգնվեց խորհրդի նախագահի կարգավիճակը: Վարչապետը նախորդ՝ 2005-ի դեկտեմբերին տեղի ունեցած համագումարից հետո ՀՀԿ գործունեությունը բաժանեց մի քանի հիմնական ուղղությունների` համագումարի որոշումների իրականացում, ներքաղաքական վերադասավորումներ եւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթաց: Ա. Մարգարյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀԿ-ն ունի շուրջ 30.000 անդամ, 61 տարածքային կազմակերպություն, որոնց գործունեությունը համակարգվում է 10 մարզային խորհուրդներում եւ 800-ից ավելի սկզբնական կազմակերպություններում: Նա նաեւ ներկայացրեց ԼՂ խնդրի լուծման վերաբերյալ ՀՀԿ մոտեցումները: Ըստ այդմ՝ պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության ներքո, պետք է ապահովվի ԼՂՀ-ի բնակչության եւ սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, ԼՂՀ հարցի կարգավորումը չպետք է տեղի ունենա ՀՀ սահմանների փոփոխման հաշվին, եւ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես բանակցային կողմ: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր ելույթում նշեց, թե վստահ է, որ իրենց միավորում են այն գաղափարները, որոնք շարադրված են ծրագրում, որով իրենք առաջնորդվել են տարիներ շարունակ, եւ որոնց «հավատարիմ ենք մնացել այս ամբողջ ժամանակաշրջանում»: ՀՀԿ փոխնախագահը ներկաներին հիշեցրեց, որ 1998թ. կուսակցությունն արդեն այս գործընթացը մեկ անգամ անցել է: ԱԺ նախագահը նշեց, թե այն ժամանակ էլ «տարատեսակ գուշակություն էր հնչում», բայց կյանքը ցույց տվեց, որ կուսակցությունը դրանից ավելի հզորացավ եւ դարձավ ավելի մեծ հնարավորությունների տեր: «Չի կարող որեւէ էական գործընթաց չլինել առանց մարտահրավերների, բայց ես վստահ եմ, որ այնպես, ինչպես մենք մինչ այժմ հաղթահարել ենք մեր բոլոր մարտահրավերները, այս գործընթացը, որը մեր շարք է բերում հայտնի մարդկանց, հազարավոր մարդկանց, այս գործընթացը եւս լինելու է նույն հունով եւ ծառայելու է մեր ընդհանուր նպատակի իրագործմանը: Վստահ եմ, որ մեր նոր ընկերների հետ մենք հավատարիմ ենք լինելու մեր այս նպատակներին ու սկզբունքներին,- իր ելույթում նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով,- նշում են, որ կան ինչ-որ հակասություններ, Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ խնդիրներ, կոնկրետ իմ անունն էին դրա հետ կապում, որը բացարձակապես անհեթեթ զբաղմունք է: Վստահ եմ, մենք տարիներ շարունակ շատ արդյունավետ աշխատել ենք, եւ վստահ եմ` շատ երկար, տասնամյակների ընդհանուր ճանապարհ ունենք անցնելու առաջիկայում»: Տ. Թորոսյանի ելույթից քիչ անց ՀՀԿ խորհրդի 15 նոր անդամների ընտրության նպատակով ընդմիջում հայտարարվեց, որի արդյունքում ՀՀԿ խորհրդի կողմից առաջադրված բոլոր 15 թեկնածուներն էլ ճնշող մեծամասնությամբ ընտրվեցին խորհրդի անդամ: Ի դեպ, համագումարի 770 պատվիրակներից համագումարին ներկա էին 723-ը, իսկ խորհրդի անդամների ընտրությանը մասնակցեցին նրանցից 712-ը, եւ Սերժ Սարգսյանն էլ միակն էր, ով ընտրվեց միաձայն: Այս ամենից հետո տեղի ունեցավ ՀՀԿ 70 հոգանոց խորհրդի անդրանիկ նիստը, որը բացառիկ արագությամբ՝ ընդամենը 5 րոպեում քննարկեց երեք հարց: Ըստ այդմ, Ա. Մարգարյանի առաջադրմամբ` ՀՀ պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Ս.Սարգսյանը ՀՀԿ խորհրդի կողմից միաձայն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ: Իսկ խորհրդի մյուս երկու որոշումներով Կարեն Կարապետյանն ընտրվեց կուսակցության խորհրդի տնտեսագիտական հանձնաժողովի, իսկ գործարար Հարություն Փամբուկյանը՝ ՀՀԿ խորհրդի գործարար աջակցության հանձնաժողովի ղեկավար: Իսկ կուսակցության 9 հոգանոց գործադիր մարմնի անդամ ընտրվեց նաեւ Գալուստ Սահակյանը: Համագումարի ընթացքում ՀՀԿ խորհրդի նախագահի կարգավիճակում իր առաջին ելույթում, դիմելով ներկա ՀՀԿ-ականներին, Ս. Սարգսյանը նշեց. «Մեր համագործակցությունն իրոք երկար ճանապարհ է անցել, եւ չնայած բազմաթիվ սադրիչների համառ ջանքերին, մենք կարողացանք տարբերակել գլխավորը երկրորդականից, կարողացանք վեր կանգնել մանր-մունր անձնական հարցերից եւ հաջողությամբ լուծել այն խնդիրները, որ ինքներս դրել էինք մեր առջեւ»: Սակայն մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներն, ըստ ՀՀԿ խորհրդի նախագահի, ավելին են պահանջում: «Համագործակցությունը լավ բան է, բայց մենք պարտավոր ենք միավորվել: Հանրապետության առողջ եւ կարող ուժերը պարտավոր են համախմբվել, եւ ես համարում եմ, որ այս համագումարով մենք սկիզբ ենք դնում այդ գործընթացին»,- ասաց Ս. Սարգսյանը: