Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) անցած շաբաթ հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները եւ արձանագրեց, որ 2006թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 11,8 տոկոս տնտեսական աճ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ն հունվար-ապրիլ ամիսներին չէր կարողացել տնտեսական աճը երկնիշ թվով գրանցել եւ ընդամենը 9,8 տոկոս էր հաջողացրել: Իսկ երկրորդ եռամսյակի երկնիշ թվով աճը մեծամասամբ ապահովել էր շինարարության եւ գյուղատնտեսության հաշվին:
Գյուղատնտեսությունը` հունիսին մայիսի նկատմամբ գրանցել է 68,4 տոկոս աճ, իսկ շինարարությունը մեկ ամսում կտրուկ աճել է 25,6 տոկոսով: Այս երկու ոլորտներում գրեթե նույն չափի աճ է գրանցվել նաեւ մայիս ամսին: Եվ պարզ է, որ այս երկու ոլորտների ցուցանիշները բավարար են, որ երկրորդ եռամսյակում ընդհանուր տնտեսության աճի համար ապահովվի երկնիշ թիվ: Սակայն մեկ ամսվա ցուցանիշների նման կտրուկ աճը կասկած է հարուցում եւ մտածելու տեղիք է տալիս, թե Վիճվարչությունը նման հսկայական տարբերություն է նկարել, որ գոնե թվերով կանխի մեր տնտեսության անկումը: Եվ 2006թ. հունվար-հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսությունն արդեն աճել է 7,2 տոկոսով, շինարարությունը՝ 31,8 տոկոսով: Սակայն եթե աճ ապահովող այս ճյուղերը իրականության մեջ դիտարկում ես առանձին-առանձին, անկախ բոլոր տիպի թվերից, զգում ես, որ նման ահռելի թռիչքն ընդամենը արհեստածին թվաբանության արդյունք է: Նորմալ կլիներ, եթե բոլոր տիպի աճերը, մանավանդ` նման մեծ մասշտաբի, մենք մեզ վրա կամ մեր շրջապատում զգայինք: Վերցնենք շինարարությունը: Շինարարության մեջ նման աճ զգացել ենք անցած մի քանի տարիներին: Թեպետ զրոյի նկատմամբ ինչ ծավալ էլ լինի, մեծ տոկոսների աճ կգրանցվի: Իսկ այս տարի այդ ոլորտում նույնիսկ մի տեսակ խցանում է զգացվում: Անցած տարիների սկսածն ավարտին են հասցնում, բայց շինարարական նպատակով փոսեր կան փորված, որոնք դեռ լցվելու միտում չեն դրսեւորում: Բացի այդ, եթե ծանոթ չես Վիճվարչության տվյալներին եւ նայում ես շինարարության ոլորտի ընկերությունների վճարած հարկերի չափերին, զգում ես, որ աճի մասին խոսք անգամ լինել չի կարող: Օրինակ, «Միկա Ցեմենտը», որը հանրապետության գլխավոր ցեմենտ արտադրողն է, առաջին եռամսյակում վճարել է ընդամենը 7,5 մլն դրամի հարկ, կամ էլ կենտրոնում էլիտար շենքեր կառուցող «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես չի հայտնվել: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, պարզ է, որ հունիսին մայիսի համեմատ աճ կգրանցվի, որովհետեւ որոշ չափով բերքատվություն եղել է, սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված թեկուզ 7 տոկոս աճը դժվար թե 2006-ի երաշտի տարում իրատեսական լինի: Գյուղանախարարությունն, արդեն մեկ ամսից ավելի է, անընդհատ ահազանգում է, թե երաշտ է, ընդհանուր բերքատվությունը սպասվածից քիչ է, ծիրանի, կեռասի ու մյուս պտուղների բերքը քիչ է, որովհետեւ գարնանը մի փոքր ցրտահարություն եղավ, որից հետո տեղացին հորդառատ անձրեւներ: Բնության այս երկու երեւույթներն ազդեցին, որ անցած տարվա համեմատ պակաս ու անորակ լինի պտղաբուծության բերքատվությունը: Իսկ պոմիդորի եւ մյուս բոլոր տիպի բանջարաբոստանային կուլտուրաների համար Գյուղնախարարության մասնագետները նշում էին, որ աննախադեպ շոգերը պատճառ դարձան, որ պտղավիժում եւ ծաղկավիժում տեղի ունենա: Դրա հետեւանքով էլ այս կուլտուրաների բերքատվությունը պակասեց: Նույնիսկ Գյուղնախարարության մասնագետներն են հավատացնում, որ գյուղմթերքի գները բարձր են, որովհետեւ նշված պատճառներով բերքատվությունը ցածր է եղել: Բայց այս աղետը կարծես թե Վիճվարչության կողքով անցել է: Մյուս կողմից էլ՝ Վիճվարչությանը ոլորտի մասին տվյալներ տրամադրել է Գյուղնախարարությունը: Ստացվում է, որ անկախ իրավիճակից, Գյուղնախարարությունն ինքն է վիճվարչությանը չափազանցեցված տեղեկատվություն տվել:
Բոլոր դեպքերում մասնագետները գտնում են, որ եթե նույնիսկ առաջին կիսամյակում 11,8 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, ապա դա Հայաստանի նման երկրի համար շատ քիչ է:
«Հայաստանը 1 մլրդ դոլարից ավելի՝ պետական բյուջեից ավելի տրանսֆերտ է ստանում արտերկրից,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: -Դրա չնչին տոկոսն է գնում կապիտալ ծախսերին: Ստացած գումարը միանգամից գնում է սպառման շուկա: Մենք դոլարը կամ այլ տարադրամը փոխանակում ենք եւ գնում ենք ապրանք-ծառայություն: Ի՞նչ է տեղի ունենում՝ սպառումը բերում է արտադրության ծավալների աճին: Մարդիկ ինչքան շատ են սպառում, արտադրությունը նույնքան աճում է: Սակայն այս 2-3 տարվա կուրսային քաղաքականությունը բերել է նրան, որ դոլարը 40 տոկոսով արժեզրկվել է, եւ մենք նույնչափով կորուստներ ենք ունենում՝ շատ ենք ծախսում, բայց քիչ ապրանք-ծառայություն ենք գնում: Սակայն 1 միլիարդից ավելի տրանսֆերտը պետք է բերեր նրան, որ մենք ունենայինք ոչ թե 11, այլ առնվազն 30 տոկոս տնտեսական աճ: Եթե Ադրբեջանը նստած է նավթային ասեղի վրա եւ ունի 40 տոկոս աճ, ապա մենք էլ ստանում ենք բյուջեից ավելի տրանսֆերտ, եւ եթե մի փոքր էլ կրճատենք կոռուպցիայի չափը, ապա նույնքան աճ կունենանք: Իսկ հիմա ստացվում է, որ եթե տրանսֆերտները չունենայինք, կունենայինք ընդամենը 2-3 տոկոս աճ»:
Վիճվարչության հրապարակած հաջորդ ուշագրավ տեղեկատվությունն էլ այն է, որ առաջին կիսամյակում մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը գերազանցել է կես մլրդ դոլարի սահմանը՝ 514 մլն դոլար: Այսինքն` մենք կես մլրդ դոլարով ավելի շատ ապրանք ենք ներկրել, քան արտահանել ենք: Սա նշանակում է, որ կրճատվել են մեր արտադրության ծավալները: Վիճվարչությունը ֆիքսել է, որ ՀՀ արդյունաբերությունն ընդամենը 1 տոկոսով է անկում ապրել: Սա նաեւ նշանակում է, որ հայրենական արտադրությունը թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում դառնում է պակաս մրցունակ, որին նպաստել է դրամի 40 տոկոս արժեւորումը: Եթե դրամը նույն տեմպերով շարունակի արժեւորվել, ապա լրիվ պարզ կդառնա մեր արդյունաբերության ճակատագիրը: Իսկ այս տարեվերջին մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն արդեն կհատի 1 մլրդ դոլարի սահմանը եւ նորից կհավասարվի մեր պետական բյուջեին: