Ո՞ւմ կտան «ԱրմենՏելը»

26/07/2006

Բաժնետոմսերի վաճառքի գործընթացին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ ռուսական ընկերությանը բաժին կհասնի «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի ցանցը, իսկ հայ-հնդկական կոնսորցիումը կտիրանա բջջային կապի ոլորտին: «Սիստեմա» ընկերությունն այդ մասին տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել, սակայն նշել են, որ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան միայն օգոստոսի սկզբին: Ըստ comnews-ի, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթն անուղղակիորեն հրահրել է ռուսական Altimo-ն, որը կառավարում է «Ալֆա-գրուպի» հեռահաղորդակցային ակտիվները: Դեռեւս 2006-ի սեպտեմբերին Altimo -ն հույներին 360 միլիոն դոլար էր առաջարկել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի դիմաց: Այդ գումարից 80 միլիոն դոլարն ուղղվելու էր հայկական օպերատորի պարտքերի մարմանը: Սակայն հույները խորամանկեցին եւ, ստանալով Altimo-ի առաջարկը, այն դիտեցին որպես մեկնարկային գումար: «Altimo-ի ներկայացուցիչների սխալն այն էր, որ նրանք Հայաստանում պայմանավորվել էին ոչ բարձր մակարդակով: Ստանալով կառավարության պաշտոնյաներից մեկի աջակցությունը, նրանք համարեցին, որ դա միանգամայն բավարար է»,- պարզաբանում է աղբյուրը: Հիշեցնենք, որ OTE-ն իրավունք չունի իր բաժնետոմսերը վաճառելու՝ առանց հայկական կողմի (այսինքն՝ Հայաստանի կառավարության, որին պատկանում է բաժնետոմսերի 10%-ը) հետ նախնական համաձայնության: 2006-ի սկզբին, մրցույթը հայտարարելուց շատ ավելի վաղ, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռքբերման համար սկսել է պայմանավորվել «Սիստեմա» ընկերությունը: «Արդեն պայմանավորվածություն ունենալով հույների հետ, «Սիստեման» Հայաստանի կառավարությունում իր շահերն առաջ տարավ արդեն ամենաբարձր մակարդակով եւ նման աջակցություն ստացավ նաեւ Մոսկվայում»,- շարունակում է աղբյուրը: Հավանաբար, հասկանալով դա, Altimo-ն այլ գումար չառաջարկեց եւ հեռացավ բանակցային գործընթացից: «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի համար հայտարարված մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը մեկ տասնյակից ավելի էր: Նրանց թվում էին գերմանական Deutche Telekom-ը, նորվեգական Telenor-ը, շվեդական TeliaSonera եւ Tele2-ը ու ռուսական CBOSS-ը: Նրանք բոլորը դուրս մնացին պայքարից հենց առաջին փուլում: «Հաղթողին ընտրելու հարցում գումարի հարցը բոլորովին էլ վճռորոշ չէ OTE-ի համար: Շատ ավելի կարեւոր են քաղաքական դրդապատճառները: Շատ հնարավոր է, որ այդ ընկերությունները նույնիսկ ավելի մեծ գումար են առաջարկել, քան «Սիստեման»,- ենթադրում է comnews-ի աղբյուրը: Մեր տեղեկություններով` առայժմ մրցույթին օգոստոսի սկզբին մասնակցելու են որակավորված չորս ընկերություններ, որոնց շարքերում է նաեւ ռուսական «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վիմպելկոմ» ընկերությունը, որի՝ այս մրցույթում հաղթելու շանսերը եւս փոքր չեն: