Կեսօրին՝ օրվա ամենաթեժ ժամերին Չարենցավանի փողոցները սակավամարդ են: Այստեղ մարդիկ հոգնած են: Չարենցավանի՝ քաղաք լինելու մասին վկայում են միայն բարձրահարկ շենքերը: Իսկ առաջին հայացքից այն գյուղ է հիշեցնում: Ճանապարհի եզրին գտնվող «Փոստից» ձեռնափայտով մի ծերունի է դուրս գալիս:
Նա մոլորված կանգնում է «Փոստի» դռան առաջ: Մտածում եմ՝ երեւի եկել է թոշակ ստանալու: Սակայն քիչ անց պարզվեց, որ ծերունին թոշակ ստանալու չի եկել, ինքը ճամբարակցի է ու այնտեղից է թոշակ ստանում: Չարենցավան եկել է հարսներին տիրություն անելու, քանի որ երկու որդիներն էլ ընտանիքները թողած՝ Ռուսաստան են մեկնել աշխատելու: Ծերունուն հարցնում եմ, թե ո՞րն է Չարենցավան քաղաքի կենտրոնը: Միգուցե շփոթվել եմ, որովհետեւ կարծես ոչ թե քաղաքում, այլ գյուղում լինեմ: Ասում է՝ «Չարենցավան քաղաքն էս ա, դու էլ քաղաքի կենտրոնում ես: Իջի՛ մի քիչ ներքեւ, հրապարակ: Սաղ չարենցավանցիներն էնտեղ են ու Չարենցավանի իսկական պատկերն ընդեղ ա»:
Դատարկ փողոցներից հետո քաղաքի հրապարակի մարդաշատությունը տոնական օրվա տպավորություն է թողնում: Կարծես բոլորը հավաքված լինեն հրապարակում: Մարդկանց դեմքերը, սակայն, հուսահատ են, ընկճված ու անտարբեր: Հրապարակի այգում հավաքվածները բացառապես տղամարդիկ են, որոնց մի մասը մտամոլոր նստել է ծառերի տակ ու կարծես չի էլ նկատում՝ ինչ է կատարվում շուրջբոլորը: Մյուս մասը հայացքն ինչ-որ անորոշ կետի ուղղած՝ քթի տակ մրթմրթում է, իսկ մի մասն էլ նարդի կամ շախմատ են խաղում: Ու իրենց այդ խաղի մեջ այնքան հոգնածություն կա, որ տպավորություն է ստեղծվում, թե ժամանակ են սպանում: «Ախր, որ եկել Չարենցավանում քաղաք ես ման գալիս, ինչ որ լսես պիտի գրե՞ս: Էս ա քաղաքը, իսկ մարդիկ ռուսաստաններում են: Մեկ ա՝ ճշմարտությունը չես գրելու: Ամեն ինչ օլիգարխների ձեռն ա: Եթե ճշմարտությունը գրես՝ քեզ գործից կհանեն: Տեսնում ես, էլի, ժուռնալիստներին ինչ են անում, որ ճիշտ բան են գրում: Դու եկել ես Չարենցավանում կատարվող անօրինությունները, գաղտնիքները Երեւանում գրելու, բայց բերանդ փակելու են, իրավունք չունես ստեղից գաղտնիք հանելու, գլխիդ կսարքեն: Գլուխդ կուտեն, չի կարելի»,- ասում է խաղն ընդհատող ծերունին, ով վստահեցնում է, որ չարենցավանցիներից շատերն այսօր սոված քնում են եւ երեկոն առավոտից չեն տարբերում: Համենայնդեպս, ասում է, որ իր հետ նման բան շատ է պատահել: Առաջարկում է չարենցավանցիների վիճակը պատկերացնելու համար երեկոյան շրջել փողոցներով եւ տեսնել, թե շենքերի բնակարաններից քանիսի լույսերն են վառվում. «Յուրաքանչյուր շենքի 14 բնակարաններից 4-5 տան լույս հազիվ վառվի: Բոլորը Ռուսաստանում են»: Չարենցավանի հիմնադրման տարիներից սկսած` Սեւանի մանկատան սան Վարազդատ Գասպարյանը շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով 1948 թվին տեղափոխվել է Չարենցավան: Ասում է, որ ինքը Չարենցավանի հիմնադիրներից է, ով «պալատկի» մեջ ապրելով` քաղաք է կառուցել, որ այսօր հարուստները քանդեն ու ժողովրդին քշեն Ռուսաստան: Բնակարան է ստացել, ընտանիք կազմել, երեխաներ, թոռներ ունեցել, սակայն այնպես է ստացվել, որ այսօր միայնակ է մնացել: Տղաներն իրենց ընտանիքներին պահելու համար քոչել են Ռուսաստան: 15 հոգանոց երեխաներից ու թոռներից բաղկացած գերդաստանն այսօր Հայաստանում չէ: Ասում է՝ «Դիմում եմ բժշկի, ասում են՝ Ռուսաստանում մարդ ունես, պետք ա 500 դոլար տաս, որ կույր աղիքդ հանենք: Դիմում եմ, որ «Փարոս» ստանամ, ասում են՝ Ռուսաստանում մարդ ունես, քեզ օգնություն չի հասնում: Երեխեքս Ռուսաստանում շան կյանքով են ապրում, շիշ են հավաքում, որ երեխեքին պահեն: Ասեմ՝ մի 2 բութուլկի փողն ինձ ուղարկեք, որ ես է՞լ կարենամ ստեղ ապրեմ: Շիշ հավաքողը փո՞ղ կուղարկի: Երեխեքս գիշերվա ժամերին ռուսների «մուսռի» յաշիկներն են քանդում, ամոթ ա, չէ՞: Դե՛, գրի՛, թող մեղավորներն ամաչեն…»,- ասում է նա՝ ինձ հարցնելով, թե շիշ հավաքողն ինքը փող կունենա՞, որ դեռ ծնողին էլ մի բան ուղարկի: Վարազդատ պապն ասում է, որ իր պառավն, արդեն 40 օրից ավելի է, ինչ մահացել է: Չարենցավանի հիվանդանոցում 80-ամյա կնոջ դիակը հերձելու համար ծերունուց 2500 դրամ են պահանջել: «Տելեվիզրով ամեն օր ասում են` հերձելն անվճար ա, բայց դու տես հիվանդանոցում ի՞նչ ա կատարվում: Մարդ վախում ա մի հարցով դիմի: Է, չունեմ, բայց, որ չտայի` չէին հերձի, մեռելիս հետ կուղարկեին տուն ու խոլերա կընկնեի: Դրանք ա՛յ տենց կանեին»,- ասում է նա: Ծերունին 17.000 դրամ թոշակ է ստանում: Ասում է, որ Չարենցավանում 30 տարեկան, բարետես աղջիկների աշխատանք, ոնց ուզում է, կգտնվի, իսկ թոշակառուներին ասում են՝ «Գաբրիել հրեշտակը քեզ հես ա տանելու ա, աշխատանքն ի՞նչ ես անում»: «Ուրեմն՝ մենք էլ երգ ասելով, սոված-ծարավ սպասում ենք հարգարժան Գաբրիել հրեշտակին»,- ասում են մեծահասակները:
Ջահելները Ռուսաստանում «նոքարություն» են անում
74-ամյա Գեղամ Առաքելյանը վստահեցնում է, որ ժամանակին Չարենցավանը Երեւանից հետո երկրորդ քաղաքն է եղել, որտեղ մեծ թվով գործարաններ են աշխատել: 15-ից ավելի՝ մեքենաշինական, երկաթբետոնի, հաստոցաշինական, Կենտրոնաձուլ, Նիխիդի գործարանները, իսկ վերջինում միայն 2000-ից ավելի մարդ է աշխատել: Այսօր դրանցից ոչ մեկը չի աշխատում, քանի որ ժամանակին բոլորը վաճառվել-թալանվել են: Այդ ժամանակ մարդիկ աշխատում էին, իրենց պիտանի էին զգում, ընտանիք պահելու ու մարդ զգալու հնարավորություն կար: Այսօր, սակայն, բոլորը մենակությունից ու պարապությունից՝ լույսը բացվելուն պես վազում են Չարենցավանի հրապարակ ժամանակ սպանելու: «Բոլոր գործարաններն ավերել են, Անիի ավերակներն էդ գործարանների հետ համեմատած՝ փառք են: Բոլորը սեփականաշնորհել, քանդել, ծախում են, նենց են անում, որ դրանց հետքն էլ չերեւա: Միջի արմատուրեն ջարդում, բարձում, ուղարկում են Պարսկաստան: Փոխարենը` կովերին են բրախել էնտեղ»,- ասում է այդ գործարաններից մեկում ժամանակին աշխատած Գեղամ պապը: Նա ասում է, որ գործարանները գնող մեծահարուստներն իրենց քենիների, զոքանչների ու աներձագների անունով դրանք ձեւակերպելով՝ գույքն ամբողջությամբ վաճառում են պարսիկներին: «Քանդում են, պանելներն անգամ ջարդում են: Մետաղը, երկաթը ծախում են պարսիկներին, իսկ մենք վաղը-մյուս օրը մի լապատկա չենք ունենա, որ մեր գերեզմանները փորեն: Առաջվա մի կիլո ալյումինն ու չուգունը ոսկուց թանկ են վաճառում»,- հուզված պատմում է Գեղամ պապը եւ ավելացնում, թե այդ գործարանների գույքը վաճառում են, որպեսզի հետագայում դրանց փոխարեն դղյակներ ու հյուրանոցներ կառուցեն: Ասում է՝ ժողովրդի 80%-ը Ռուսաստանում է, իսկ իր 4 տղաները բոլորն էլ ընտանիքներով այնտեղ՝ ռուսների մոտ ստրուկի գործ են անում: «Բա հո աղայություն չէի՞ն անելու, նոքար են, էտ ա»,- ասում է նա: 74-ամյա ծերունին, արդեն 7-8 տարի է, ինչ երեխաներին չի տեսել եւ վստահեցնում է, որ «նոքարություն» անելով` Հայաստան չես գա, հազիվ իրենց երեխաներին են պահում: Ամեն անգամ սարսափում է, երբ լսում է, որ Ռուսաստանում հայերի են սպանում: «Շատ եմ նեղվում, բայց դե՛, որ Հայաստանում հույս չկա, ո՞նց ասեմ` արի, կամ ո՞նց գա ընտանիք պահի: Ստեղ էլ դանդաղ ձեւով են սպանում, միանգամից չեն սպանում: Սաղ փախնում են ստեղից»: Ասածն ապացուցելու համար ցույց է տալիս շքամուտքերի վրա փակցված բնակարանների վաճառքի հայտարարությունները. «Որտեղ նայում ես՝ տուն են ծախում՝ շենքերի վրա, «Փոստում», հեռախոսի բուդկեքի վրա սաղ հայտարարություն ա: Սաղ ծախող են, բայց առնող չկա: Սաղ գլուխներն առած փախնում են»: Գեղամ պապն ասում է, որ Չարենցավանում բնակարան գնողները հիմնականում խանութ կամ օբյեկտ սեփականաշնորհած մարդիկ են, որոնց համար «որքան շատ անշարժ գույք՝ այնքան լավ»՝ տրամաբանությունն է գործում: Չարենցավանում 1 սենյականոց բնակարանն արժե մոտ 2.500 դոլար: Շատ հաճախ 3-4 սենյականոց բնակարաններ ունեցողները վաճառում են եւ 1 սենյականոց բնակարան են գնում, որպեսզի այդ գումարով կարողանան որոշ ժամանակ գոյատեւել:
Այգում գտնվող մեծահասակներն ասում են, որ չարենցավանցի պաշտոնյաներն արդեն ժողովրդի մեջ չեն երեւում, որովհետեւ վախենում են ժողովրդի կողմից իրենց հասցեին տրվող ամոթանքներից ու վիրավորանքներից: Առհասարակ ժողովուրդ-իշխանություն շփում գոյություն չունի: Ծերունիների հավաստմամբ՝ գործարաններից մեկն էլ մասնավորեցրել է ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: «Օգնում ա, բա չի՞ օգնում: Լսել ենք, որ ուսուցիչներին փող ա տալիս, որ իրան գովեն, ձայներ հավաքեն: Հասկացա՞ր ոնց ա օգնում: Հիմա էլ բոլորը զբաղված են պաշտոնները բլակիրովկա անելով: Գնա իրանց քննի, տես ի՞նչ են մտածում ժողովրդի անմխիթար վիճակի մասին ու մի հատ ստեղ տեսածդ իրանց պատմի: Խաբեբաներ են, խաբեբաներ…»,- ասում են չարենցավանցի ծերունիները:
Չարենցավանում, ինչպես չարենցավանցիներն են ասում, մնացել են «բիձեքն ու պառավները», որոնք ի վիճակի չեն անգամ աղբի, լույսի, ջրի վարձավճարները մուծել: «Քանի էս իշխանությունները կան, մեր վիճակը գնալով վատանալու է: Քարը քարի վրից տանում են: Էսքան գործարանները գողացան, տարան, իսկ ազատ տարածքները հերթով ծախում են օլիգարխներին: Ի՞նչն է ստիպում, որ ժառանգը թողնի ծնողին ու փախնի Ռուսաստան…»,- հուզմունքը կոկորդներին խեղդելով` ասում են ծերունիները, որոնց մեծ մասը կյանքի ծանր պայմանների պատճառով միայնակ են դարձել ու տարիներով իրենց երեխաներին չեն տեսնում: Այգում հավաքված ծերունիները տեղական եւ քաղաքային իշխանությունների անտարբերությունը նկարագրելու համար պատմում էին, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը խոստացել էր ընտրվելու դեպքում Մշակույթի տունը վերակառուցել: Մինչ օրս, սակայն, Մշակույթի տունը ոչ միայն չի վերանորոգվել, այլեւ ծառայում է որպես քաղաքային զուգարան:
Այցելեցինք Չարենցավանի քաղաքապետարան: Ցավոք, քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանի հետ չկարողացանք հանդիպել եւ Չարենցավանի խնդիրների շուրջ մեր հարցերի պարզաբանումները ստանալ, քանի որ քաղաքապետը Երեւանից Չարենցավան եկած ստուգող հանձնաժողովի հետ դուրս էր եկել: