Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Կուրացող ծերունին, մեկ տարի է, 25.000 դրամ է փնտրում» հոդվածը լայն արձագանք է ստացել: 80-ամյա Հովհաննես պապիկին, ով Մալայանի անվան հիվանդանոցի գլխավոր բժշկի պահանջած 25.000 դրամի պատճառով 1 տարի է, ինչ չի կարողանում վիրահատվել, շատերը պատրաստակամություն են հայտնել օգնել գումարով: Հիշեցնենք, որ նա 25.000 դրամ օգնություն էր խնդրել նախագահ Ռ. Քոչարյանից, ԱԺ-ից, Արարատյան թեմի առաջնորդարանից, «Օրինաց երկիր» կուսակցությունից, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանից, Էրեբունու թաղապետարանից, սակայն բոլորի կողմից մերժվել էր: Մեր ընթերցողները` չցանկանալով անգամ ներկայանալ` զանգահարում եւ ցանկություն են հայտնում ձեռք մեկնել կուրանալու վտանգի առջեւ հայտնված ծերունուն: Խմբագրություն այցելած մի երիտասարդ 25.000 դրամ գումար տալով՝ մեզ խնդրեց փոխանցել Հովհաննես պապին: Նույնքան գումար էլ խնդրեց մեր միջոցով նրան փոխանցել մայրաքաղաքի դեղատներից մեկի տնօրեն Մարգարիտա Վարդանյանը: Նման արձագանքից ապշած ծերունու ուրախությունն ու զարմանքը հնարավոր չէ նկարագրել. «Փաստորեն, ես, այնուամենայնիվ, սխալվում էի, որ կարծում էի` բարի մարդիկ այլեւս չկան: Ես վերջապես աչքի վիրահատության կգնամ նրանց շնորհիվ: Ինձ այս բարեգութ մարդիկ փրկեցին կուրանալուց»,- ասում էր խմբագրություն հրավիրված ծերունին, ում տրամադրությունն այնքան էր բարձրացել, որ կատակելով ասում էր՝ «Երեխեք ջան, դուք այնպես արեցիք, որ ես ուրախությունից գժվեմ»:
Լ.Ս.